Ադրբեջանում բանկային սեկտորի եկամուտները կրճատվել են

Ադրբեջանում բանկային սեկտորի եկամուտները կրճատվել են

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանի բանկային սեկտորի զուտ եկամուտը կազմել է 238 միլիոն մանաթ, ինչը ուղիղ 2,3 անգամ քիչ է, անցյալ տարվա նույն ցուցանիշից։ Այս մասին հայտնում է OXU․az լրատվական կայքը։ Տոկոսային եկամուտները կազմել են 1 միլիարդ 445,2 միլիոն մանաթ, ինչը 8,7 տոկոսով ավելի քիչ է անցյալ տարվա նույն ցուցանիշներից։ Տրամադրված վարկերի տոկոսադրույքների հավաքագրումը կազմել է 1 միլիարդ 9,7 միլիոն մանաթ, ինչը 13,6 տոկոսով քիչ է անցյալ տարվա նույն ցուցանիշից, որն իր հերթին խոսում է այն մասին, որ Ադրբեջանում բավական լուրջ խնդիր է վարկերի մարումները կամ վարկերի դարձելիությունն առհասարակ։

Անտոկոս եկամուտները կազմել են 445,2 միլիոն մանաթ․ անկումը անցյալ տարվա համեմատությամբ, կազմում է 46,3 տոկոս։ Տոկոսային ծախսերն էլ կազմել են 489,3 միլիոն մանաթ․ անկումն անցյալ տարվա համեմատությամբ կազմում է 33,9 տոկոս։ Դեպոզիտային ծախսերը կազմել են 320 միլիոն մանաթ, աճը անցյալ տարվա համեմատությամբ՝ 0,1 տոկոս։ Անտոկոս ծախսերը կազմել են 849,4 միլիոն մանաթ, աճը անցյալ տարվա համեմատությամբ՝ մոտ 4 տոկոս։Մոտ 34 տոկոսով էլ նվազել են գործառնական եկամուտները, կազմելով 581,8 միլիոն մանաթ։ Սեկտորի կողմից վճարված եկամտահարկը կազմել է մոտ 30 միլիոն մանաթ։