Համակարգն, ըստ էության, մնացել է նույնը և նույնն է նաև նրա դիտարկվող հրեշավոր նպատակը

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը եւ Գագիկ Եղիազարյանը, որոնք իրենց պատիժն են կրում «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկում, ժամանակ են հատկացրել եւ մեծ զեկույց են պատրաստել այնտեղ տիրող իրավիճակի վերաբերյալ։ Զեկույցի ծավալը շատ մեծ է, «Հրապարակ»-ը դա կներկայացնի մաս-մաս․
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ
1. Հակամարդկային, հակաիրավական և անիրատեսական նպատակներ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի (այսուհետև՝ ՔԿՕ) 2-րդ հոդվածը որպես Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության նպատակներ է սահմանում․ «դատապարտյալի վերասոցիալականացումը, նրա իրավահպատակ վարքագծի ձևավորումը և նոր հանցագործությունների կանխումը»1։ Անկախ բառակազմական ձեռնածությունից, որը դրսևորվում է «հպատակ» բառից առաջ «իրավունք» բառի զետեղմամբ, այս նպատակը բացահայտում է իշխանապետական հանցավոր համակարգի հրեշային էությունն ու բնույթը, նրա համակարգաստեղծ, դետերմինանտ վերաբերմունքն ու մղումը մարդու, անհատի և քաղաքացու նկատմամբ՝ ստորացնել-ստրկացնելով վերջինիս ապամարդկայնացնել, ապաանհատականացնել, ապաքաղաքացիականացնել, ապահասարակայնացնել և դարձնել «հպատակ» ու վերածել ռեսուրսի:
Ուշագրավ է, որ թեև համակարգն ըստ էության մնացել է նույնը և նույնն է նաև նրա դիտարկվող հրեշավոր նպատակը, սակայն նախորդ քրեակատարողական օրենսգրքում մարդուն հպատակ դարձնելու նպատակը քողարկված էր և ընդամենը խոսվում էր օրինապահ վարքագծի խթանման մասին: Հարկ է հատուկ կերպով արձանագրել, որ բնավ կարևոր չէ, թե քաղաքացուն հպատակ դարձնելու նպատակի դիտարկվող ձևակերպումն էնդեմի՞կ է, թե՞ քաղված է որևէ «ժողովրդավարական» համակարգից և նույնիսկ անցել է հանուն աշխարհաքաղաքական շահերի ժողովրդավարությունը անտեսող որևէ վերպետական փորձաքննության բյուրոկրատական զարտուղիներով: Փաստն այն է, որ համակարգը որոշել է այլևս բաց հանդես գալ և արդեն ցինիկաբար օրենքի ձևով արձանագրել է իր գերնպատակը: Այս գերնպատակի համատեքստում և հանուն դրա գործելու պարագայում ՀՀ քրեակատարողական օրենսդրության մյուս երկու նպատակները՝ «1) դատապարտյալի վերասոցիալականացում և 2) նոր հանցագործությունների կանխում», ինչպես նաև դրանց իրագործմանը կոչված բոլոր խնդիրները, սկզբունքները և իրավունքները կեղծանում են և կեղծանմանակմամբ հարմարեցվում ու ծառայեցվում են մարդուն հպատակի վերածելու գերնպատակին: Ըստ այդմ՝ այս «իրավահպատակության» գերնպատակին որևէ ընդդիմացում դիտվում է որպես ընդդիմացում իրավունքին և օրենքին, ինչն էլ համակարգին հնարավորություն է ընձեռում կիրառելու հարկադրանք և այն օգտագործելու դատապարտյալին հպատակեցնելու համար: Միևնույն ժամանակ՝ ՔԿՕ-ն, հպարտորեն և բացեիբաց կերպով ազդարարելով իր խորքային գերնպատակի մասին, այն աստիճան խառնափնթոր կերպով է սահմանում դրան հասնելու 1 Զեկույցում, ինչպես ՔԿՕ-ում, համապատասխան համատեքստերում «դատապարտյալ» հասկացության տակ նկատի է առնվում նաև կալանավորված անձը։ խնդիրների, սկզբունքների, ձևերի, միջոցների ու մեթոդների համակարգը, որ առանց վարանելու կարելի է փաստել իրավական որոշակիության չափանիշներին հայեցակարգային մակարդակով դրա անհամապատասխանության մասին։ Հատկապես տեղին է հիշատակել օրենքի հիմնական տերմինների և դրանց հասկացությունների կատարյալ խառնաշփոթը։ Լեզվական, տրամաբանական և հասարակագիտական տեսակետներից քրեակատարողական օրենսգրքում կիրառվող․
• «վերասոցիալականացում», «սոցիալական վերաինտեգրում» և «սոցիալական վերականգնում» տերմինների հասկացություններն ամբողջությամբ փոխծածկում են միմյանց տիրույթները, այսինքն՝ համարժեք են,
• «դրական վարքագիծ» տերմինի հասկացությունը ներառում է «իրավահպատակ վարքագիծ» տերմինի հասկացությունը,
• «վերասոցիալականացում», «սոցիալական վերաինտեգրում» և «սոցիալական վերականգնում» տերմինների համարժեք հասկացությունները ներառում են «դրական վարքագծի ձևավորում» և, ըստ այդմ՝ «իրավահպատակ վարքագծի ձևավորում» տերմինների հասկացությունները։ Մինչդեռ ՔԿՕ-ն․
• 19-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտյալի «վերասոցիալականացումը» սահմանում է որպես «դատապարտյալի սոցիալական վերաինտեգրմանը և վերականգնմանն ուղղված գործունեություն»։ Այսինքն՝ համարժեքը սահմանում է համարժեքի միջոցով՝ հանգելով տխմարաբանության։
• 19-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտյալի «դրական վարքագծի ձևավորումը» թեպետ անհաջող կերպով2, բայց ճիշտ տրամաբանության տեսակետից սահմանելով որպես «մարդու, հասարակության, օրենքի, պետության, համակեցության կանոնների և հասարակությունում ընդունված այլ արժեքների հարգմանը, պաշտպանությանն ու պահպանությանն ուղղված վերաբերմունքի ձևավորում», միանգամայն անհասկանալի կերպով որպես դրա վերջնարդյունք- նպատակ է սահմանում դատապարտյալի «իրավահպատակ վարքագծի ձևավորումը»։
Այսինքն՝ մասը սահմանում է որպես ամբողջի նպատակ։ Նույն օրենքում համարժեք տերմինների այսօրինակ խառնափնթոր կիրառումը թերևս մեկ ողջամիտ բացատրություն ունի․ իր խորքային՝ հպատակեցում, գերնպատակը սահմանելուց հետո օրենքի տեքստի որակը չի կարևորվել և, մեզանում շատ տարածված սովորույթի համաձայն՝ առանց խորապես հասկանալու տեքստը կազմվել է տարբեր երկրների իրավական համակարգերի համապատասխան օրենքները խառնիխուռն կերպով ընդօրինակելու միջոցով։ Խիստ հավանական է, որ այս տգիտությունը որպես երկվորյակ «եղբայր» ունի նաև ստորությանը, քանի որ նկարագրված խառնաշփոթն առաջացնում է համակարգի համար խիստ շահավետ՝ ձեռնածուական մեկնաբանության գործնականորեն անսահմանափակ հնարավորություններ տվող իրավական անորոշություն։
2 Վերաբերմունքն ընդամենը վարքագիծը պայմանավորող գործոններից մեկն է։ Իր հերթին՝ վարքագիծը որոշակի ժամանակահատվածում և որոշակի փոխհարաբերությունների համակարգում վարքի, այն է՝ գործունեության արտաքին, օբյեկտիվ դիտման համար մատչելի դրսևորումն է։ Տես Ա․ Նալչաջյան, Հոգեբանության հիմունքներ, «Հոգեբան» հրատարակչություն, Երևան, 1997 թ․, էջ 495-496։ 5. Նպատակահարմար ենք համարում նաև մատնանշել, որ պետությունը չի կարող ունենալ այնպիսի անչափելիորեն ընդլայնված իրավասություն, ինչպիսին է անձի վերասոցիալականացումը/վերականգնումը/վերաինտեգրումը/դրական վարքագծի ձևավորումը։
Վերջին տասնամյակների ընթացքում ուլտրալիբերալ գլոբալիզմի չարաբաստիկ հաղթարշավի հետևանքով ժողովրդավարական համարվող պետությունները իրենց վերապահել են ըստ ուլտրալիբերալ գլոբալիզմի գաղափարախոսության մարդու կերպափոխելուն միտված լիազորություններ՝ ըստ էության վերածվելով տոտալիտար գաղափարախոսություն և դրան համապատասխանող վարք պարտադրող հանցավոր կազմակերպությունների։ Մեր երկրում խորհրդային շրջանից որոշակի կերպափոխմամբ փոխառած տնաբույս նեոբոլշևիզմն օրգանապես ինտեգրվել է վերը նշված համաշխարհային միտմանը՝ ստեղծելով թունավոր խառնուրդ։
Միևնույն ժամանակ՝ որևէ ձևով և ծավալով վերասոցիալականացման այս նպատակը չի կարող վերաբերելի լինել անզգույշ հանցագործություն կամ հանգամանքների բերմամբ զգացական բռնկման պահին դիտավորյալ հանցագործություն կատարած անձանց մեծ մասին, ինչպես նաև այն անձանց, որոնք արարքներ են կատարել գաղափարական վեհ մղումներով և դատապարտվել են այն պատճառով, որ այդ արարքները ձևականորեն համարվում են հանցագործություն։ Բացի այդ, հասկանալի չէ, թե ինչպիսի ուսումնական, դաստիարակչական, հոգեբանական աշխատանք պետք է կատարվի այն մարդու հետ, որ իր պատրաստվածությամբ և համոզմունքներով էապես գերազանցում է քրեակատարողական համակարգի համապատասխան ծրագրերին և մասնագետներին։ Թվարկված անձանց մասով պետությունը կարող է իրականացնել միայն վարքագծի ընդհանրական դիտարկում։ Չափազանց ընդհանրական է նաև քրեակատարողական օրենսդրության երրորդ նպատակը՝ «նոր հանցագործությունների կանխումը»։ Դա ամբողջ իրավապահպան համակարգի, նույնիսկ ամբողջ պետության, այլ ոչ թե նրա բաղադրիչ քրեակատարողական համակարգի, նպատակն է։ Այդ պատճառով քրեակատարողական օրենսդրության այս նպատակը պետք է հիշյալ համատեքստում վերասահմանվի ըստ պետության քրեակատարողական իրավասության տիրույթի։ Ուստի՝ պետությունը քրեակատարողական համակարգի միջոցով պետք է որդեգրի իրողություններից բխող իրատեսական նպատակներ և ստանձնի դրանց համապատասխանող գործառույթներ։
Ասվածից կարող ենք եզրակացնել, որ գործող ՔԿՕ-ն օրենք չէ, քանի որ․ 1) դրա գերնպատակը մարդուն և քաղաքացուն հպատակի վերածելն է և, ըստ այդմ՝ ենթադրվող իրավահարաբերությունները կարգավորելու փոխարեն այն ընդունվել և կիրառվում է որպես հակամարդկային սոցիալական ինժեներիայի չարամիտ գործիք՝ այդ թվում դիտավորյալ կերպով ձգտելով հասնել դատապարտված անձանց զարգացման հետընթաց առաջացնող սոցիալ-հոգեբանական փոփոխությունների, 2) այն չի համապատասխանում իրավական որոշակիության չափանիշներին։ Իրականում քրեակատարողական ոլորտում պետությունն ընդամենը կարող է անազատության և ազատության մեջ գտնվելու միջև եղած հոգեբանական տարբերությունների հնարավորինս նվազեցման (առաջնահերթորեն՝ ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապի ապահովմամբ) մոտեցմամբ ունենալ հետևյալ նպատակները․ 6 1) ապահովել դատապարտյալի պատժի կրման արժանապատիվ պայմաններ և օրինական կարգ, 2) դատապարտյալին կամավոր հիմունքներով աջակցել կրթության3 և աշխատանքի միջոցով ձևավորելու և/կամ զարգացնելու կարողություններ, որոնք կօգնեն նրան պատժից ազատվելուց հետո օրինական կերպով կազմակերպելու իր հետագա կյանքը, 3) նախականխել և կանխել հանցագործությունների կատարումը քրեակատարողական հիմնարկներում․
• պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից,
• այլ անձանց կողմից՝ օրենքով սահմանված տարբեր հիմքերով և պատճառներով այդ հիմնարկների տարածքում գտնվելու ժամանակ կամ դատապարտյալների հետ այլ կերպով առնչվելու դեպքերում։
Ըստ այդմ՝ դատապարտյալները պետք է պայմանականորեն տարբերակվեն հետևյալ չափանիշներով․ 1) դատապարտյալներ, որոնք կամավոր կերպով ներգրավվում են կրթության և/կամ աշխատանքի (այդ թվում՝ ինքնակրթության և ստեղծագործական աշխատանքի ձևերով) մեջ, 2) դատապարտյալներ, որոնք, որպես կանոն, չեն խախտում պատժի կրման կարգը, 3) դատապարտյալներ, որոնք խախտում են պատժի կրման կարգը։ Ուստի պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը պետք է կիրառվի միայն այն դատապարտյալների նկատմամբ, որոնք կամավոր կերպով ներգրավվել են կրթության և/կամ աշխատանքի (այդ թվում՝ ինքնակրթության և ստեղծագործական աշխատանքի) մեջ, ինչպես նաև բացառիկ դեպքերում՝ այն դատապարտյալների նկատմամբ, որոնց պատժի հետագա կրումը առողջության, տարիքի, ընտանեկան և այլ հանգամանքների բերմամբ համատեղելի չէ իրավունքի էության հետ։ Որպես այլընտրանքային/զուգահեռաբար կիրառելի տարբերակ, կարող է ներմուծվել վարքագծի գնահատման դրական ցուցանիշների և պատժի ժամկետի կրճատման և/կամ ազատազրկման պայմանների բարելավման սանդղակների համակարգ՝ բալային կամ այլ հիմունքներով։
Օրինակ՝ որոշակի բալի դեպքում որոշակի ժամկետով կրճատել պատժաչափը։
2. Արժանապատվության ճգնաժամ
Մեր հասարակության մեջ առկա՝ հիմնականում սոցիալ-պատմական գործոններով պայմանավորված արժանապատվության պակասուրդը հիվանդագին ձևախեղումներ է ապրում և արժանապատվության ճգնաժամի է վերածվում հատկապես փակ հաստատություններում։ Հասկանալի պատճառներով ամենավատթար վիճակը քրեակատարողական համակարգում է, քանի որ այստեղ են առավելագույն նպաստավոր պայմաններ առաջանում ավելի ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ
3 Դատապարտյալի կրթության հարցում պետության աջակցությունը պետք է կազմակերպվի առանց որևէ գաղափարախոսական ենթատեքստի։ 7 ավելի բարձր կարգավիճակ ունեցող անձի հիպերտրոֆիկ «ես»-ի գերազանցության դրսևորման և հաստատման համար։ Այս երևույթն առկա է թե՛ ծառայողների և թե՛ բանտարկյալների միջավայրերում, բայց այն որակապես ավելի այլանդակ դրսևորումների է հասնում բանտարկյալների նկատմամբ ծառայողների վերաբերմունքի առումով։ Իրավապահպան համակարգի (դատարան, դատախազություն, ոստիկանություն, քրեակատարողական ծառայություն) ծառայողների շրջանում պատժողական և վերամբարձ վերաբերմունքը մարդու, առավել ևս՝ համակարգի ձեռքն ընկած մարդու, նկատմամբ մնում է որպես հիմնական դետերմինանտ գործոն այդ ծառայողների սոցիալական հոգեբանության և վարքագծի ձևավորման համար։ Նրանց համար մարդը ռեսուրս և օբյեկտ է իրենց «ես»-ի կայացման և անձնական շահերի իրացման համար։ Այս համակարգում ծառայողները ենթարկվում են ոչ թե օրենքին, այլ իրենց ղեկավարներին։ Նրանց համար օրենքը ղեկավարի հրամանն է։ Ըստ այդմ՝ տարբեր իրավական ակտերի միջև հակասության դեպքում նրանք կիրառում են այն ակտը, որը կարող են հարմարեցնել հրամանին։ Եվ, քանի որ իրավական ակտերի համակարգը կառուցված է այնպիսի միտումով, որ ենթաօրենսդրական իրավական ակտերով հնարավոր լինի լղոզել և/կամ չարաշահել և/կամ խափանել համակարգի համար խնդրահարույց օրենքների նորմերը, ապա, որպես կանոն, կիրառվում են ենթաօրենսդրական ակտերը՝ ի հակառակ և ի վնաս օրենքների։
Այս խնդրի «լուծումը» քրեակատարողական համակարգում հիմնականում վերապահված է ՀՀ Կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգ»-ին (այսուհետև՝ Ներքին կանոնակարգ)։ Անշուշտ, մարդկային առանձնահատկությունները մնում են որպես կարևոր հանգամանք։ Ուստի, մնալով համակարգի մաս, ծառայողները դիրքավորվում և վարվում են ըստ իրենց մարդկայնության՝ հնարավորինս մարդ լինելու վիճակից մինչև հրեշը։ Այդուհանդերձ, գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է համապատասխան հրամանի դեպքում կատարելու անմարդկային և ակնհայտ ապօրինի արարքներ։ Բարոյապես և հոգեբանորեն խեղված ու չարացած ծառայողները, լինելով նաև մեծավ մասամբ մասնագիտորեն տգետ, ստեղծում են դատապարտյալների, ինչպես նաև առնչվող մասով՝ նրանց հարազատների ու մերձավորների, արժանապատվության ու իրավունքների հաշվին ապրելու և աշխատելու միջավայր ու վիճակներ։ Պատահական չէ, որ համակարգի ծառայողների աստիճանակարգությունը, որպես կանոն, ձևավորվում է բացասական ընտրասերմամբ՝ «որքան վատ, այնքան վերև»։
Ասվածի մասին են վկայում սույն Զեկույցում ներկայացված՝ անիրավ և շատ դեպքերում անհեթեթ օրենսդրությունը, նույնիսկ այդպիսի օրենսդրությունը զանգվածային կերպով անտեսելու և խախտելու գործելակերպը, ինչպես նաև այդ օրենսդրությունը կամայական ու ձեռնածուական կերպով որպես արժանապատվության և իրավունքի խախտման գործիք կիրառելու գործելակերպը։ 8 Արժանապատվության այս ճգնաժամը հնարավոր է հաղթահարել հասարակության զգայագիտակցական կերպափոխման և պետական կառավարման համակարգի խորքային փոփոխությունների միջոցով։ II. ՀԱՏՈՒԿ ՄԱՍ 1. Վարքագծի գնահատման դեպքեր Քրեակատարողական օրենսդրությունը դատապարտյալի վարքագծի գնահատումը պարտադիր պայման է համարում նրան ավելի ցածր անվտանգային գոտի, ինչպես նաև նույն գոտու մեղմ պայմաններ տեղափոխելու գրեթե բոլոր դեպքերում։ Բացառություն են կազմում միայն ցմահ ազատազրկման դատապարտված անձանց բարձր և միջին անվտանգային գոտիներում խիստ պայմաններից մեղմ պայմաններ տեղափոխելու դեպքերը, որոնց համար բավարար է համարում որոշակի ժամկետի վրա հասնելը և տույժեր չունենալը։ Նման կարգավորումը պայմանավորված է այն արդարացի ու տրամաբանական հանգամանքով, որ ցմահ ազատազրկումն անորոշ է ժամկետի առումով, ուստի պետք է սահմանվեն ցմահ ազատազրկված անձին փակ խցային ռեժիմ ենթադրող բարձր անվտանգային գոտում, ինչպես նաև միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում պահելու ողջամիտ սահմանային ժամկետներ, հակառակ պարագայում փակ խցային ռեժիմի գործոնները կարող են հանգեցնել անձի զարգացման հետընթաց առաջացնող սոցիալ- հոգեբանական փոփոխությունների։ Միևնույն ժամանակ՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ նման իրավակարգավորումը խտրական է մյուս դատապարտյալների նկատմամբ, հատկապես հաշվի առնելով, որ անձը ցմահ ազատազրկման է դատապարտվում համեմատաբար ավելի մեծ հանրային վտանգավորության և ավելի ծանր հետևանքներ առաջացրած արարք կատարելու համար։
Ակնհայտ է, որ դիտարկվող պարագայում ողջամտությունը և իրավական պրակտիկան հանդիպել են ցմահ ազատազրկման ժամկետի անորոշության խնդրին և, ըստ այդմ՝ «լուծում» են գտել, սակայն դրանով իսկ բախվում են որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվածների համար սահմանված խտրական, անհարկի խիստ, բարդ և ոչ արդյունավետ կարգավորումներին, թե նույն գոտու խիստ պայմաններից մեղմ պայմաններ տեղափոխվելու համար անհրաժեշտ է նաև նրանց վարքագծի դրական գնահատականը։ Քրեակատարողական օրենքը տվյալ դեպքում հակասում է իրավունքի էությանը, մարդասիրության սկզբունքին և ազատազրկման ռեժիմի աստիճանական մեղմացմամբ պատիժը կրելու դատապարտյալի իրավունքին, ինչպես նաև այդ կերպով վերջինիս ազատություն վերադառնալուն նախապատրաստելու պետության և հասարակության պարտականությանը։ Ըստ այդմ
՝ • դատապարտյալին ավելի բարձր անվտանգային գոտուց ավելի ցածր անվտանգային գոտի, ինչպես նաև նույն անվտանգային գոտու խիստ պայմաններից մեղմ պայմաններ տեղափոխելը պետք է իրականացվի առանց 9 ավելորդ խոչընդոտների և քաշքշուքի՝ հիմք ընդունելով դրանց համար սահմանված ժամկետներն ու տույժ չունենալու հանգամանքը,
• դատապարտյալների վարքագիծը պետք է գնահատվի միայն դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում։
2. Վարքագծի գնահատման չափանիշներ Վարքագծի գնահատման չափանիշները սահմանված են ՀՀ Արդարադատության նախարարի 2024 թ․ հուլիսի 2-ի N 380-Ն հրամանի 1-ին հավելվածով սահմանված «Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, վերասոցիալականացման աշխատանքների գնահատման մեթոդների և չափանիշների» կարգի 32-րդ կետով։ Հարկ ենք համարում արձանագրել, որ նման կարևորության իրավակարգավորումները պետք է սահմանվեն օրենքով։ Այդուհանդերձ, հիշյալ կարգի 32-րդ կետն ինքնին հակամեթոդական է, քանի որ դրա ներածական մասը դատապարտյալի վարքագծի գնահատման համար առաջնային է համարում ոչ թե ըստ սահմանված չափանիշների դատապարտյալի վերաբերյալ տեղեկությունները և նրա ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքները, այլև ցուցում է առաջնորդվել ռիսկերի և կարիքների գնահատման վերաբերյալ կարծիքով և դատապարտյալի վերաբերյալ տեղեկություններով, իսկ չափանիշները համարում է ածանցյալ․ «Վերասոցիալականացման աշխատանքների գնահատումն իրականացնելիս Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը հաշվի է առնում դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքներով տրված կարծիքը, սույն կարգով հաստատված Ձև 1-ում առկա տեղեկությունները, ինչպես նաև հետևյալ չափորոշիչներն՝ ըստ քննարկվող հարցի վերաբերելիության»։ Տեղին է նշել, որ «դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքները» լրացվում են նույն կարգով հաստատված Ձև 2 ձևաթղթում։ Շարադրանքից և դրա որակից ակնհայտ է դառնում, որ գործ ունենք փնթի և անորոշ տեքստի հետ, որտեղ սայլը ձիուց առաջ է լծված։
Դժվար չէ նկատել նաև, որ «չափանիշը» դարձել է «չափորոշիչ», Ձև 2-ը համարակալմամբ հիշատակված չէ և թվարկված է Ձև 1-ից առաջ։ Փաստորեն՝ ըստ չափանիշների տեղեկությունները, ապա՝ ռիսկերը և կարիքները հաշվի առնելով դատապարտյալի վարքագիծը գնահատելու փոխարեն նախ հաշվի են առնվում ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքները, ապա՝ տեղեկությունները, հետո միայն ածանցյալ կերպով՝ չափանիշները։ Անգրագիտությամբ և ստոր դիտավորությամբ պայմանավորված սույն իրավական անորոշությունը դատապարտյալի վարքագծի գնահատման ժամանակ գրեթե անսահմանափակ հնարավորություններ է տալիս ցանկացած կամայականության համար։ Նման անորոշության քողի տակ գնահատման հանձնաժողովները պարզապես անտեսում են հիշյալ 32-րդ կետի այն նորմը, որի համապատասխան՝ դատապարտյալի վարքագծի գնահատման չափանիշները պետք է քննարկվեն ըստ վերաբերելիության։
Ասվածն ավելի շոշափելի կերպով կարելի է պատկերացնել հետևյալ պարզաբանումների ներկայացմամբ՝ •
կատարած արարքի վտանգավորությունը չի կարող համարվել որպես դատապարտյալին մշտապես բնութագրող հատկանիշ, ուստի կրիմինոգեն ռիսկերի գնահատումը պետք է իրականացվի ներկա իրավիճակի վերաբերյալ, քանի որ որոշակի ժամանակահատվածների, ինչպես նաև կոնկրետ դեպքի հետ կապված գնահատումը կարող է փոխվել այլ ժամանակահատվածում (տես Լեժարն ընդեմ Ֆրանսիայի և մի շարք այլ գործերի վերաբերյալ ՄԻԵԴ որոշումները),
• աշխատելու չափանիշը վերաբերելի չէ այն դատապարտյալներին, որոնք նախասիրությունների, հմտությունների, առողջական վիճակի կամ այլ պատճառներով չեն կարող աշխատել կամ եթե տվյալ ՔԿՀ-ում չկան դատապարտյալների նախասիրություններին, հմտություններին, առողջական վիճակին կամ այլ օբյեկտիվ հանգամանքներին համապատասխանող աշխատանքներ4,
• ինքնագործ միավորումներին մասնակցությունը վերաբերելի չէ այն դատապարտյալներին, որոնք նախասիրությունների, հմտությունների, առողջական վիճակի կամ այլ պատճառներով չեն մասնակցում դրանց կամ եթե տվյալ ՔԿՀ-ում չկան դատապարտյալների նախասիրություններին, հմտություններին, առողջական վիճակին կամ այլ օբյեկտիվ հանգամանքներին համապատասխանող ինքնագործ միավորումներ, • կրոնական միջոցառումներին մասնակցությունը վերաբերելի չէ այն դատապարտյալներին, որոնք ունեն դավանական կամ այլ անհամատեղելիություն,
• մարզական միջոցառումներին մասնակցությունը վերաբերելի չէ այն դատապարտյալներին, որոնք ունեն առողջական խնդիրներ,
• ընտանիքի հետ կապի հանգամանքը վերաբերելի չէ այն դատապարտյալներին, որոնք չունեն ընտանիք և/կամ հարազատներ։ Միևնույն ժամանակ՝ հիշյալ կարգով սահմանված են հակաիրավական չափանիշներ՝ իր կատարած հանցանքի նկատմամբ վերաբերմունքը, հանցագործությամբ պատճառած վնասի նկատմամբ վերաբերմունքը, այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու 4 ՔԿՕ 108-րդ հոդվածը սահմանում է, որ․ «1. Քրեակատարողական հիմնարկում կարող են կազմակերպվել աշխատանքային զբաղվածության սենյակներ կամ խցեր՝ դատապարտյալներին աշխատանքներում ներգրավելու նպատակով:
2. Դատապարտյալին աշխատանքի ներգրավելիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է հաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը, ունակությունները և հնարավորինս՝ մասնագիտությունը։ Դատապարտյալի աշխատանքային գործունեությունը չպետք է խոչընդոտի քրեակատարողական հիմնարկի առջև դրված խնդիրներն իրականացնելը:
3. Դատապարտյալն աշխատանքում է ներգրավվում քրեակատարողական հիմնարկում գործող պետական կամ սեփականության այլ ձև ունեցող ձեռնարկությունում, կազմակերպությունում՝ դատապարտյալի պատշաճ պահման և մեկուսացման պահանջներն ապահովելու պայմանով։ Դատապարտյալն իրավունք ունի զբաղվելու անհատական աշխատանքային գործունեությամբ: 4. Աշխատանքով ապահովելու նախապատվությունը տրվում է այն դատապարտյալին, որն ունի գույքային պարտավորություններ կամ գտնվում է նյութական ծանր վիճակում:»։
11 հանգամանքը, ինչպես նաև ինքնավնասման, ինքնասպանության փորձ կատարելու կամ նման հակում ունենալու ռիսկը։ Կատարած հանցանքի նկատմամբ վերաբերմունքի չափանիշը ենթադրում է մեղքն ընդունելու և զղջալու նախապայման վարքագիծը որպես դրական գնահատելու համար։ Մինչդեռ ՄԻԵԴ մի շարք որոշումներով (Վենսը և մյուսներն ընդդեմ Ֆրանսիայի, Լինքոսն ընդդեմ Հունաստանի, Լեժարն ընդդեմ Ֆրանսիայի, Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի, Վինթերը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության և այլն) ճանաչել է, որ մեղքի խոստովանությունը և տուժողի հետ հաշտվելը որպես պայմանական վաղաժամկետ ազատման պայման մարդու իրավուքների խախտում է։ Մասնավորապես՝ նման գործելաոճը կարող է խախտել ՄԻԵԿ-ով երաշխավորված մի շարք հիմնական իրավունքներ, ներառյալ արդար դատաքննության իրավունքը (հոդված 6), խոշտանգումների և դաժան վերաբերմունքի արգելքը (հոդված 3)։ ՄԻԵԴ-ը տարբեր գործերով ընդգծել է, որ մեղքի ընդունման գործընթացում ցանկացած հարկադրանք կամ շահարկում խախտում է, այդ թվում է՝ մի շարք հիմնարար իրավունքների, ինչպիսիք են արդար դատաքննության իրավունքը, հարկադրանքից զերծ լինելու իրավունքը, լռության իրավունքը, արժանապատվության հարգման իրավունքը։
Եվ, եթե մեղքի խոստովանության հարկադրանքը խախտում է որպես պայմանական վաղաժամկետ ազատման պայման, ապա էլ ավելի կոպիտ խախտում է որպես ընդամենը ազատազրկման ռեժիմը մեղմացնելու պայման։ Ի վերջո, գնահատման պետք է ենթարկվի միայն կոնկրետ ժամանակահատվածը՝ եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո ՔԿՀ-ում դատապարտյալի հայտնվելու պահից մինչև նրա վարքագծի գնահատման պահը։ Էական է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մարդը կարող է դատապարտվել և ՔԿՀ- ում հայտնվել դատական սխալի հետևանքով, ուստի նրան չի կարելի հարկադրել ընտրություն կատարել չգործած մեղքն ընդունելու և իր իրավական վիճակի բարելավման միջև։ Ասվածը վերաբերելի է նաև հանցագործությամբ պատճառած վնասի նկատմամբ վերաբերմունքին, այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու հանգամանքին։ Այս դեպքում նաև պետք է հաշվի առնել, որ դատապարտյալը օբյեկտիվորեն չի կարողացել հարթել հասցված նյութական վնասը անազատության մեջ լինելու պատճառով նյութական միջոցներ ստեղծելու անհնարինության հետևանքով, ինչն առանց խտրականության չի կարող դառնալ դատապարտյալի իրավական վիճակի բարելավման պայման։ Ինչ վերաբերվում է ինքնավնասման, ինքնասպանության փորձ կատարելու կամ նման հակում ունենալու ռիսկին, ապա դրա գնահատումն անհրաժեշտ է դատապարտյալի անձնային հատկանիշների գնահատման համար՝ զուտ նրա անվտանգության նկատմամբ հավելյալ հսկողություն սահմանելու և նրա հետ առանձնահատուկ վերաբերմունք ունենալու նպատաակով, բայց ոչ որպես նրա իրավական վիճակի բարելավման պայման և/կամ գործոն։ 12 3. Դատապարտյալների քաղաքացիաիրավական պարտականությունների կատարման խոչընդոտներ Պետությունը պատժի կրման ընթացքում (ՔԿՕ, հոդված 9, մաս 2) դատապարտյալին չի ազատում նրա քաղաքացիաիրավական պարտականություններից, մինչդեռ․ 1) աշխատանքի և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության համապատասխան պայմաններ (օրինակ՝ համակարգչային տեխնիկա, համացանց, բանկային գործառնությունների տեխնիկական հնարավորություններ, գործընկերների, պարտապանների և այլ անհրաժեշտ անձանց հետ ոչ իր տեսակցությունների հաշվին հանդիպելու հնարավորություն և այլն) չի ապահովում դատապարտյալի համար, որպեսզի վերջինս կարողանա կատարել իր պարտավորությունները, 2) ավելին՝ ստեղծում է անհաղթահարելի խոչընդոտներ (օրինակ՝ պատժախցում գտնվելու ժամանակ շփումների սահմանափակում), որոնց պատճառով դատապարտյալը ոչ միայն զրկվում է դրանք կատարելու հնարավորությունից, այլև կարող է հավելյալ պարտավորությունների բեռի տակ մտնել5։
4. Իրավաբանական օգնություն ստանալու իրավունք Պետության պոզիտիվ պարտականության մասով գործող քրեակատարողական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված այս իրավունքը ոչ մի կերպով երաշխավորված չէ, քանի որ նախատեսված չեն դրա համար անհրաժեշտ ֆինանսական, ենթակառուցվածքային և մասնագիտական ռեսուրսներ։ Ավելին՝ իբրև թե այդ նպատակին ծառայելու համար քրեակատարողական համակարգում գործող ՍՀԻԱ ստորաբաժանումները և, առհասարակ՝ ամբողջ համակարգը, ամեն կերպով ձգտում է դատապարտյալներին պահել իրավական անգիտության մեջ՝ նրանց իրավունքները չհետապնդելու և չիրացնելու համար։ Ռեսուրսային խիստ անբավարարությունը և նշված շահերի բախումը հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է այս գործառույթը վերապահել Հանրային պաշտպանի գրասենյակին՝ համապատասխանաբար ավելացնելով նրա օրենսդրական լիազորությունները, ֆինանսավորումը, կադրային-մասնագիտական կազմը, ինչպես նաև ՔԿՀ-ներում ստեղծելով հանրային պաշտպանների աշխատանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքային և նյութատեխնիկական պայմաններ (այդ թվում՝ առանձին աշխատասենյակ, համակարգչային տեխնիկա, կապ և այլն)։
Շարունակելի․․․․
Կարծիքներ