Անդրկովկասում կահավորում են միջանցքները․ մաս 1-ին

Անդրկովկասում կահավորում են միջանցքները․ մաս 1-ին

Ղարաբաղում 2020-21 թվականի ձմեռվանից հետո առաջին անգամ վերսկսվել է տարածքները Ադրբեջանի հսկողությանն հանձնելու գործընթացը։ Այս անգամ խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքում եղած բնակավայրերին, որոնք կապում են ռեգիոնը Հայաստանի հետ։ Ինչպես հայտարարել են ԼՂ բնակիչներին տեղի իշխանությունները, ադրբեջանական զորքերը այդ ռեգիոն են մտնելու օգոստոսի քսանհինգին։

Իրադարձությունը կարող է ունենալ հեռուն գնացող հետեւանքներ, քանի որ հենց այդ ճանապարհով է անցնում գազամուղը, որից կախված է ԼՂ ողջ հայ բնակչությունը։ Սրան զուգահեռ, ընթանում է ակտիվ նախապատրաստություն այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի գործարկման համար, որը թույլ կտա Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիներին հատել Հայաստանի հարավը։ 

Օգոստոսի երեքին հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ տեղի ունեցած բախումներից հետո, ռեգիոնում ամենաքննարկվող թեման բնակավայրերի՝ Ադրբեջանի հսկողությանն հանձնումն է։ Խոսքը վերաբերում է Լաչին կամ Բերձոր քաղաքին, ինչպես նաեւ Աղավնո եւ Սուս գյուղերին, որոնք գտնվում են միջանցքի երկարությամբ, այսինքն՝ վերջին բախումների վայրին շատ մոտ։ 

Ուշագրավ է այն, որ ադրբեջանական կողմից ոչ ոք չի ասում, որ այդ գյուղերի հայ բնակչությունը պետք է տեղահանվի, եւ ավելին՝ ժամանակային սահմանների մասին էլ Ադրբեջանում չեն խոսում։ Սակայն ԼՂՀ պաշտոնյաները կոնկրետ ամսաթիվ են ասում, եւ մինչեւ այդ օրը հայերը պետք է հեռանան իրենց տներից։ Այդ ամսաթիվը օգոստոսի 25-ն է։ Այս մասին գրել է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ իր ընդհարձակ վերլուծականում։ Ռուսական պարբերականի հետ զրույցում, Աղավնոյի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը հայտարարել է, որ բնակիչները աստիճանաբար հեռանում են ու տարհանվում։ Գյուղապետն ասել է, որ դա ոչ մեկն անել չի ուզում, սակայն հարկադրված պետք է անեն, քանի որ առանց պետության աջակցության, գյուղը պահել հնարավոր չէ։

Հայկական մամուլի հրապարակումների համաձայն, Բերձորում եւ Աղավնոյում մինչ այժմ մնացել է 378 բնակիչ, այն դեպքում, երբ Սուս գյուղը դատարկվել է դեռ 20 թվականի պատերազմի ժամանակ։ Նշենք, որ օգոստոսի երեքի բախման նախորդ օրը Ադրբեջանը հայտարարեց, որ ավարտել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի շինարարությունը։ Այդ ճանապարհի մասին կա արձանագրում 20 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, քանի որ ներկայումս հայերը Ստեփանակերտ կարողանում են հասնել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Շուշիով, ինչը պահանջում է, որ ռուս խաղաղապահները հատուկ վերահսկողություն իրականացնեն։ Սակայն, որպեսզի այդ ճանապարհը կապվի Հայաստանի հետ, պետք է Հայաստանը կառուցի ութ կիլոմետր ձգվածությամբ ճանապարհ, ինչը չի արվել։ Հիմա կարծես թե աշխատանքները սկսվել են, բայց ավարտվելու են միայն հաջորդ տարվա գարնանը։

«Կոմերսանտ»