«Հրապարակ». Ալավերդցի Վահագին խոշտանգում են

«Հրապարակ». Ալավերդցի Վահագին խոշտանգում են

Քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագը՝ Վահագն Աբգարյանը, 7 տարի է՝ կալանքի տակ է, բայց չկա դատական ակտ, չկա որոշում․ նրա վերաբերյալ քրեական գործն այս դատարանից այն դատարան են տեղափոխում։ Լոռու մարզում այս գործը տարիներով քննվելուց հետո եկել հասել է Երեւան՝ Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Վահագն Աբգարյանի պաշտպան Աննա Ծառուկյանը «Հրապարակ»-ին ասաց․ «Գրեթե 7 տարի է՝ քննվում է, դեռեւս ոչ մի որոշում չկա։ Ընդդատության խախտումներով, քանի որ եկել է հիմա էլ Երեւան քաղաք, զրոյից սկսվել է։ Երեւանում անցած տարվանից է սկսվել, Հակակոռուպցիոն դատարան են բերել, բայց ինքը հենց ի սկզբանե Երեւան քաղաքի գործ է եղել, որովհետեւ վերջին ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել Երեւանում, եւ դատարանը, իմ տպավորությամբ, դիտավորյալ պահել է Վանաձորում, ինչի վերաբերյալ Աբգարյանը հաղորդում է ներկայացրել արդարադատության նախարարություն։ Դիտավորյալ Վանաձորում գործը պահելու նպատակը ես չեմ կարող ասել, եթե իմանայի, ապա հաղորդում էլ կտայի։ Նորմալ չէ, որ անձը 7 տարի է՝ կալանքի տակ է, երբ ընդդատության խնդիր կար։ Երեւի 6 անգամ դատավորներից մեկին ինքնաբացարկի միջնորդություն եմ ներկայացրել։ Այս հիմքերով արդեն ՄԻԵԴ գանգատ ենք ուղարկել»։

Աբգարյանն այժմ կալանավայրում է, մինչդեռ 2020-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր նրա խափանման միջոց կալանքը՝ կիրառելով գրավ․ «Մի պահ դուրս եկավ գրավով, Արմեն Բեկթաշյանը որոշում է կայացրել այլընտրանքային խափանման միջոց գրավն անթույլատրելի ճանաչելու մասին, բայց, ըստ մեզ, կալանավորման որոշում չի կայացրել։ Նույնիսկ հաղորդում ենք տվել այդ մասին, որ առանց դատարանի որոշման` գտնվում է կալանքի տակ։ Այդ հիմքով արդեն ՄԻԵԴ-ում գանգատ ունենք, ես դա դիտարկում եմ որպես անօրինական կալանք։ Բեկթաշյանի որոշումը նրա մասին չէ, որ նորից կալանավորեն, Բեկթաշյանի որոշումից հետո օրենքն է փոխվել՝ գրավի ինստիտուտը դարձել է ինքնուրույն խափանման միջոց, եւ նույնիսկ լիազորություն չի ունեցել Վերաքննիչ դատարանը այդ պահի դրությամբ կալանավորման որոշում կայացնելու, ընդամենը ասել է՝ այլընտրանքային խափանման միջոցը ես դիտարկում եմ, որ ի զորու չէ` կալանքի հետ կապված համեմատության մեջ դնելով, բայց առանձին գրավի ինստիտուտին չի անդրադարձել։ Դատավորը ցուցում էլ չի տվել կալանավորելու, դատարանի դահլիճից Աբգարյանը դուրս է եկել, գնացել է տուն այդ օրը, հետո դատախազներից մեկի՝ իրեն դրսում տեսնելու արդյունքում ոստիկանությունը նրան բերման է ենթարկել, այնուհետեւ՝ ձերբակալության տարել, այսինքն՝ դատարանի գրության հիման վրա չէ, ինչպես դատավարությունն է պահանջում։ Սա ես բողոքարկել եմ Վճռաբեկ դատարան, վարույթ չի ընդունվել, որից հետո դիմել եմ ՄԻԵԴ»։

Փաստաբանը Վահագն Աբգարյանի նկատմամբ տեղի ունեցածը դիտարկում է որպես խոշտանգում․ «Կարող էին ի սկզբանե ասել, որ սա Վանաձորում քննվելու ենթակա գործ չէ։ Որոշակիություն չկա, թե երբ է ավարտվելու, դրանով արդեն իսկ իրենք խոշտանգել են անձին»։

Վահագն Աբգարյանը կալանավորված է անժամկետ։ Նշենք, որ, ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանն ապօրինի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակ է ձեռք բերել, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը` փամփուշտների հետ, տվել է Վլադիմիր Դավթյանին եւ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը։ Իսկ Թաթուլ Շուշանյանին եւ Արտակ Հովհաննիսյանին տվել է խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրօր․-ի միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով: