Սյունիքով միջանցք ոչ մի կերպ թույլ տալ չի կարելի․ Զաքարյան

Սյունիքով միջանցք ոչ մի կերպ թույլ տալ չի կարելի․ Զաքարյան

Այսօր ժամը 12։23-ին Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել, որ թշնամին Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու։ «Ի դեպ, ասեմ` Սև լճի մեծ մասը մեզ է պատկանում նույնիսկ ալիևանիկոլական քարտեզներով։ Սև լճի տարածքում գտնվող արհեստական ջրամբարից է իրականացվում համայնքի ոռոգման ջրի ջրամատակարարումը։ Ի դեպ, ջրամբարի պլատինան հենց նույն քարտեզներով անցել է թուրքին», - նշել էր նա:

Համայնքապետի մյուս տեղակալ Իրինա Յոլյանը 12:54-ին գրել էր, որ «Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր, ու հարյուրներով շարված են»։ 

«Այս պահին բանակցում են։ Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։ Եթե GPS-ով Սև լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնյալ համարում, որ որոշել են հասնել մինչև բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։ Ժողովուրդ, չգիտեմ՝ էլի ով ինչ կհերքի, բայց լսեք սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը», - նշել էր փոխհամայնքապետը։

Ադրբեջանական կողմի հետ բանակցություններին է ներգրավվել նաև ռուսական կողմը։

Ադրբեջանական ուժերը երեք կիլոմետր առաջ են եկել՝ մխրճվելով Հայաստանի սահմանները: 

Այս թեմայով «Հրապարակը» զրուցել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ։

- Պարո՛ն Զաքարյան, Սյունիքի շուրջ լարված իրավիճակ է։ Թշնամին 3 կիլոմետրով առաջ է եկել։

- Ո՞վ է ասել, որ առաջ է եկել։ Գորիսի փոխհամայնքապետերն էլ են ասել, որ թշնամին առաջ է եկել։ Իսկ մեր զինված ուժերն այնտեղ ինչո՞վ են զբաղվում։

- Իշխանություններն ու իրենց սատելիտները, ինչպես միշտ, հերքում են։

- Տեսեք, իմ մոտ 2 հակասական տեղեկատվություն կա․ և՛ մի կողմից, և՛ մյուս կողմից։

- Եթե այդպիսի բան իրոք եղել է, դա ՀԱՊԿ-ի ներգրավվածության տիրույթո՞ւմ է արդեն։ Պե՞տք է արդեն ներգրավվի ՀԱՊԿ-ն։

- Եթե այնտեղ բերել, զորքեր են տեղակայել, այդ ամբողջ պրոբլեմը գալիս է նրանից, որ մինչև այսօր սահմանի ճշգրտման հարցը չեն կարողանում իրականացնել։ Եվ ընդհանրապես, այս կառավարությունը, վարչապետ կոչվածը լավ չի պատկերացնում կամ ընդհանրապես չի պատկերացնում, թե ինչքան կարևոր է կայդ խնդիրները շատ արագ լուծել։ Եվ դա կարելի է դիտարկել որպես ներթափանցման փորձ, կարելի է դիտարկել որպես սադրանք ադրբեջանական կողմից, կարելի է դիտարկել որպես պատրաստվածության փորձարկում։ Կարող են նաև հոգեբանական ճնշման էլեմենտներ լինել։ Նաև քաղաքական նշանակություն կարող է ունենալ։ Այսքան ժամանակ, որ անընդհատ խոսում ենք Սյունիքին սպառնացող վտանգների մասին, ըստ էության, դա հենց այդ դետալներից մեկն է։ Հայաստանի կառավարությունը պետք է շատ արագ համաշխարհային աղմուկից սկսած մինչև կոնկրետ գործողություններ իրականացնի։

- Իսկ այստեղ ՀԱՊԿ-ն անելիք ունի՞։

- Այդ թվում նաև ՀԱՊԿ-ի խողովակներն օգտագործելով։ Իհարկե։

- Կարելի՞ է ենթադրել, որ սա այն սպառնալիքների շարունակությունն է, որ Ալիևն ասում էր՝«եթե միջանցքը չտան, մենք կստիպենք, մենք կվերցնենք»։

- Այո, իհարկե։ Եվ հենց երեկ էլ Ալիևն իրենց «Խազար» ՀԸ-ով ունեցած հարցազրույցում  Սյունիքի միջանցքի մասին խոսում էր որպես կայացած փաստ, որ «ամեն գնով դրան հասնելու են», ինչը ոչ մի կերպ թույլ տալ չի կարելի։ Դա հանցագործություն է, դա Արցախյան պատերազմում իշխանությունների գործած հանցագործությունից հետո հաջորդ հանցագործությունն է լինելու Հայաստանի Հանրապետության շահերի դեմ։