Շատ վատ է, որ այդ թիմն ամբողջությամբ երեւում, մարմնավորվում է Փաշինյանով 

Շատ վատ է, որ այդ թիմն ամբողջությամբ երեւում, մարմնավորվում է Փաշինյանով 
Գեւորգ Պողոսյան

Նախկին իշխանությունների օրոք սոցիոլոգիական տարբեր հարցումներ անցկացնող, գործող իշխանության օգտին տպավորիչ թվեր ու տոկոսներ գրանցող սոցիոլոգները թավշյա հեղափոխությունից հետո անցան ընդհատակ։ Տեղի ունեցան Երեւանի ավագանու, ԱԺ ընտրությունները, սակայն ոչ մի սոցիոլոգիական հարցում, ոչ մի թիվ, տոկոս, թե որ քաղաքական ուժն ինչ շանսեր ունի, քանի տոկոսի շեմը կարող է հաղթահարել, չհայտնվեց մամուլի էջերում։ 
«Մյուսների մասին չեմ կարող ասել, բայց մենք պլանավորել ենք մարտին սկսել մի մեծ հարցում, արծարծելու ենք հարցերի մեծ մասը՝ կառավարությունից մինչեւ ԱԺ, նոր ծրագրին ենք անդրադառնալու։

Ժամանակ պետք է տրամադրել նոր կառավարությանը, ԱԺ-ին, թող պահպանվի հայտնի 100 օրը, նոր տեսնենք, թե ինչ ակնկալիքներ, սպասումներ կան, եւ ինչպես է հանրությունը տրամադրված նոր կառավարության նկատմամբ»,-իր  լռությունն այսպես ներկայացրեց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ քանի որ երեւացող քայլեր չեն կատարվում կառավարության կողմից, մարդիկ դատում են իրենց առօրյա կյանքով, եւ եթե առեւերույթ չեն տեսնում փոփոխություններ, դա հանգեցնում է հիասթափության։ Սոցիոլոգը կարծում է, որ կա հիասթափության միտում։

-Կա տեսակետ, որ սոցիոլոգները հարցումներ էին անցկացնում նախկին իշխանությունների պատվերով, եւ հիմա, քանի որ չկա այդ պատվերը, սոցիոլոգները վերջին ընտրությունների ժամանակ հարցումներ չանցկացրեցին։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն, օրինակ, մի անգամ ասաց, որ պատվեր չկա։

-Ես չգիտեմ, թե Ադիբեկյանին ով է պատվիրել հարցումներ։ Ես սովորաբար աշխատում եմ արտասահմանյան կենտրոնների եւ ֆոնդերի հետ, իրենք են ֆինանսավորում մեր հետազոտությունները։ Կառավարությունը երբեք մեզ պատվեր չի տվել՝ ցավոք սրտի, թե բարեբախտաբար։ Կա՛մ իրենց չի հետաքրքրում, կա՛մ գումար չունեն։ Իսկ արտասահմանյան ֆոնդերն ունեն այն մոտեցումը, որ պետք է ինչ-որ ժամանակ անցնի, նոր հարցումներ անցկացնես։ Պետք է անցկացնել լուրջ, գիտական հիմք ունեցող հետազոտություն՝ ընդգրկելով բոլոր մարզերը։ Իսկ նման ծավալի հետազոտություն անցկացնելու համար պետք է լուրջ ֆինանսավորում, որն իրականացնում են արտասահմանյան ֆոնդերը։ Հուսով եմ՝ մարտին կանցկացնենք այդ հետազոտությունը։

-Ըստ Ձեզ՝ որո՞նք կարող են լինել  կառավարությունից դժգոհության, հիասթափության պատճառները, ի՞նչ գործոններ կարող են ազդել նրա վարկանիշի վրա։

-Մարդիկ դատում են իրենց առօրյա կյանքով։ Կա՞ գների բարձրացում, թե՞ ոչ, աշխատավարձերը, թոշակները բարձրանո՞ւմ են, թե՞ ոչ։ Կամ՝ կոռուպցիայի դեմ պայքարը։ Գողացված, թալանված խոշոր գումարները վերադարձվելո՞ւ են բյուջե, հարստանալո՞ւ է բյուջեն, թե՞ ոչ։ Այն, ինչ խոստացել են, մարդիկ ուզում են տեսնել դրա արդյունքները։ Եվ դա կարող է որոշակի հիասթափության մթնոլորտ ստեղծել։ 

-Բարեփոխումներ անցկացնելու համար, ըստ Ձեզ, ի՞նչն է առավել շատ պակասում Նիկոլ Փաշինյանի թիմին։

-Ես մեկ անգամ չեմ ասել՝ շատ լավ է, որ երիտասարդներ են, շատ լավ է, որ կոռումպացված չեն, շատ լավ է, որ կիրթ են, դրական են տրամադրված։ Շատ վատ է, որ չունեն վարչական, կառավարման փորձ, կենսափորձ։ Շատ վատ է, որ այդ թիմն ամբողջությամբ երեւում, մարմնավորվում է Փաշինյանով, այսինքն՝ իր թիմի մարդկանց մենք չենք ճանաչում, ճանաչում ենք որպես երկրորդ, երրորդ, չորրորդ դեմքեր։ Նախկինում կային դեմքեր, որոնց մենք ճանաչում էինք, լավ էր, դա թե վատ՝ բայց մենք նրանց ճանաչում էինք իրենց կենսագրությամբ։ Բայց հիմա մենք այդ թիմի 90 տոկոսին որպես անհատներ չենք ճանաչում, չգիտենք, թե նախկինում ինչ աշխատանք են ունեցել, ինչ կենսագրություն։ Շատերի համար աշխատանքային գրքույկում առաջին լրացված տողն՝ ԱԺ պատգամավորն է։ Հիմա չեմ ուզում ասել, թե դա շատ վատ է, բայց դա այն բացն է, որը հանգեցնելու է անցանկալի արդյունքների։ Մյուս խնդիրն այն է,  որ իրենք հաղորդակցվում են ժողովրդի հետ, բայց դա միակողմանի հաղորդակցություն է։ Բնակչության կարծիքը ինչպե՞ս կարող է լսելի լինել․ միայն փողոցներ, ճանապարհներ փակելո՞վ, քաղաքապետարանի, գյուղապետարանի դռները փակելո՞վ։ Դա բավարար չէ։ Պետք է լինեն հանդիպումներ, որոնց ժամանակ ԶԼՄ-ները  կարող են իրենց հուզող հարցերն ուղղել։ Այսինքն՝ այդ հակադարձ կապը, որ պետք է լինի ժողովրդի հետ, կաղում է։ 

-Եթե համեմատում ենք հետհեղափոխական Հայաստանն այլ՝ հեղափոխություն իրականացրած երկրների, օրինակ՝ Վրաստանի հետ, ըստ Ձեզ, որքա՞ն ժամանակ է պետք   բարեփոխումներ իրականացնելու համար։

-Սովորաբար ժամանակային ռեսուրսը մոտ կես տարվա ռեսուրս է։ Դա այն  ռեսուրսն է,  էյֆորիայով, ամենաբարձր վստահության մակարդակով ընտրված իշխանությանն է պատկանում։ Մինչեւ ամառ պետք է նրանք իրականացնեն ռեալ քայլեր, եթե չլինեն այդ քայլերը, ապա հիասթափությունը կարող է բարձրացնել նոր ալիք, ասենք՝ դժգոհության ալիք, եւ այդ ալիքը պակաս ազդեցիկ կարող է չլինել, քան նախորդը։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այնտեղ շատ լուրջ, կտրուկ քայլեր կատարվեցին թե՛ իրավապահ մարմիններում, թե՛ ոստիկանությունում։ Իհարկե, կար նաեւ այն խնդիրը, որ Սորոսի ֆոնդից իրենց ֆինանսավորում էին, որպեսզի չմասնակցեն կոռուպցիոն սխեմաների։ Համենայնդեպս, Սահակաշվիլու կառավարման օրոք շատ դրական փոփոխություններ եղան, մեր երկրում դա չկա առայժմ։ Այնպես որ՝ մենք պետք է մեր հույսը դնենք մեր ուժերի վրա։ 

-Վերջերս, օրինակ, Ջորջ Սորոսը թվիթերյան իր միկրոբլոգում արել էր հետեւյալ գրառումը․ «Երկրի ժողովրդավարության ներկայի եւ ապագայի համար Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է»։ 

-Տարբեր երկրներում աջակցում են քաղաքացիական հասարակությանը, դա այն «փափուկ ուժն» է, որ իրենք կիրառում են։ Բայց չգիտեմ՝ դա բավարա՞ր կլինի, մենք սպասում ենք ռեալ քայլեր մեր կառավարությունից։ 

-Ըստ Ձեզ՝ ո՞ր ոլորտն ավելի շատ կարիք ունի պրոֆեսիոնալ կադրերի։

-Տնտեսական եւ իրավապահ մարմինների։ Դրանք այն երկու կռվաններն են, որոնց ուղղությամբ պետք է իրենք հաջողության հասնեն։ Եթե մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ապա իրավապահ համակարգը պետք է առողջ լինի, կարողանա արագ գործել։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այդտեղ առեւտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության աշխուժացումը կախված է իրենից, բնակչությունը դրան է սպասում։ Գոնե պետք է տեսանելի քայլեր լինեն, որոնք մարդկանց կհամոզեն, որ ճիշտ ուղղությամբ են գնում։ Բայց կառավարության ծրագրից դատելով՝ չկան այն չափանիշները, որոնցից կերեւա, թե ուր ենք գնում։