«Հրապարակ». Խոստացել էին 12 ժամվա մեջ Բերձորի ճանապարհը բացել` խաբեցին

«Հրապարակ». Խոստացել էին 12 ժամվա մեջ Բերձորի ճանապարհը բացել` խաբեցին

«Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի հերթապահությունը շարունակվում է, մեր ընկերներն այնտեղ են, նոր ընկերների հետ փորձում ենք շարժվել դեպի Ասկերան»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի ագելափակման նախաձեռնող խմբի անդամ Վլադ Բալայանը։ «Եթե չկարողանանք վառելիք գտնել՝ մեքենայով Ասկերան հասնելու համար, ոտքով ենք ճանապարհ ընկնելու»,- ասում է նա։ Ակնայի ճանապարհը շարունակում է փակ մնալ, չնայած որ սեպտեմբերի 12-ին ռուսական մեկ բեռնատար հումանիտար բեռ է մտել Ստեփանակերտ։

«Քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը խոստացած է եղել, որ 12 ժամվա մեջ պետք է Բերձորի ճանապարհը բացի, եւ, ինչպես բոլորս տեսնում ենք, կրկին սուտ է, իրականությանը չի համապատասխանում, այս անգամ ոչ մի ռուսական մեքենա բաց չենք թողնելու՝ ոչ մի մեքենա»,- ասում է Ստեփանակերտի բնակիչը։

Հետաքրքրվեցինք` իսկ եթե հանկարծ նախորդ գիշերվա միջադեպը կրկնվի, եւ դիմակավորված ոստիկաններ գան ու փորձեն ճնշում գործադրել, ասաց, որ նախորդ անգամ որեւէ բախում չի եղել հերթապահողների եւ ոստիկանների միջեւ։ «Այնպես չէ, որ դիմակավորված եկել են՝ այնտեղ ծեծկռտուք է եղել կամ որեւէ ահաբեկչական փորձ, այդպես չի եղել: Ես բացառում եմ, միանշանակ բացառում եմ ոստիկանության կողմից կոպիտ ուժ կիրառելու հավանականությունը, քանի որ Արցախի Հանրապետության ոստիկանության համակարգը չի կարելի համեմատել Հայաստանի Հանրապետության կարմիր բերետավորների հետ, քանի որ այստեղ բոլորը գիտակցում են, որ բոլորս մի նավակի մեջ ենք, բոլորիս երեխաների ճակատագիրն է այստեղ որոշվում, եւ նման բան ես չեմ սպասում»,- ասաց Վլադ Բալայանը։

Ակնայի ճանապարհն արգելափակելու նախաձեռնության անդամը շեշտեց, որ հերթապահողների հետ բանակցությունների փորձ անգամ չի եղել, չեն փորձել համոզել՝ բացել Ակնայի ճանապարհը՝ որեւէ բեռնատար անցկացնելու համար։ «Ոչ մի բեռնատար չի անցել, միայն երեկ է անցել: Ոստիկանության կողմից, իշխանության կողմից որեւիցե փորձեր չեն արվել՝ ցրելու համար հերթապահություն իրականացնողներին, եւ ինձ թվում է՝ բոլորը գիտակցում են, որ նույն նավակի մեջ ենք եւ պիտի գործենք ի շահ հայրենիքի»,- նշեց Բալայանը։ Ստեփանակերտի բնակիչը, անդրադառնալով երեկ Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ հրադադարի խախտմանը, ասաց, որ գիշերը նորից թշնամին կրակել է, սակայն իրենք ամուր են իրենց դիրքերում եւ չեն պատրաստվում զիջել։