Մեր օտարահունչ ազգանունները խարան են մեր ժողովրդի կենսագրության վրա

Մեր օտարահունչ ազգանունները խարան են մեր ժողովրդի կենսագրության վրա

Ամեն ժողովուրդ իր հոգեկերտվածքին ու լեզվամտածողությանը հատուկ անձնանուններ և տեղանուններ ունի. կան անձնանուններ, որոնք հատուկ են այս կամ այն լեզվաընտանիքի ազգերին, դա եղել է  նախաքրիստոնեական և նախաիսլամի ժամանակներում և մասամբ պահպանվել է  նաև հիմա: Օրինակ՝ Հայկ, Հայկանդուխտ, Հայկուհի, Խանդութ, Արմենակ, Արա, Արծվիկ, Արամանյակ, Գեղամ, Արշակ, Արծրուն, Մհեր և այլն, հայանուններ են, կան նաև անուններ, որոնք ընդհանուր են եղել հայերի, պարսիկների և հույների համար՝ որպես արիական ամենամերձ ազգեր: Սակայն քրիստոնեության տարածմանը զուգահեռ՝ Հին կտակարանում և Ավետարանում հիշատակված անձերի անունները փոխանցվեցին քրիստոնեություն ընդունած ժողովուրդներին՝  Աբրահամ, Մովսես -Մոիսեյ, Հակոբ-Ջաքոբ-Յակով, Սամվել-Սամուել, Հովսեփ-Ժոզեֆ-Խոսե, Հովհաննես- Յոհան- Ջոն-Իվան և այլն, Հիսուսի առաքյալների անունները՝ նույն սկզբունքով հնչյունափոխված: Անգամ յոթ դար հետո ասպարեզ եկած նոր կրոնի՝ Իսլամի Սուրբ գրքում՝ Ղուրանում, տեղ գտան Հին կտակարանի կերպարների անունները՝ արաբերեն հնչողությամբ. Աբրահամ-Իբրահիմ, Հովսեփ-Յուսուֆ, Սամվել- Սուլեյման և այլն: Այս երևույթը գաղափարական և կրոնական գլոբալիզացիայի նախնական դրսևորումներից մեկն էր: Սակայն իմ մտորումների նյութը և մտահոգությունն  ավելի խորն են ու մեզ՝ հայերիս համար ցավոտ:

Մինչև այսօր մեր ազգանուններում  կան   թուրքական, արաբական, պարսկական արմատներ, որոնք՝ որպես խարան, դաջված են մեր ազգային հոգու վրա, այս էլ քանի դար… Դարերով արաբական, պարսկական, թուրքական և ռուսական տիրապետության տակ ապրելով՝ հայն իր հայրենիքում օտար պետության հարկատուն է եղել: Կարծեմ, մեր  հանճարեղ Զորավար և Մտածող Գարեգին Նժդեհն է ասել. «Ով չի զինի սեփական բանակը, պարտադրված կզինի օտարի և թշնամու բանակը»: Ես էլ ասում եմ. «Ով չի վճարի իր պետության հարկերը, որով կհզորացնի իր պետությունը, պարտադրված կվճարի օտար և թշնամի պետության հարկերը և կհզորացնի նրա բռնակալ պետությունն ու բարբարոս բանակը…»: Եվ դա մենք հանդուրժել ենք դարեր շարունակ…. Անձամբ ես չեմ հանդուրժում դա…
 

Ո՞րն է հայերիս այդ օտարաբառ ազգանունների առաջացման պատճառը: Ի դեպ, այդ օտար պետությունների հարկային գրանցամատյաններում հայերին գրանցել են ոչ թե հայի տոհմական անունով, այլ արաբի, պարսիկի, թուրքի ու ռուսի լեզվամտածողությանն ընկալելի` այդ գերդաստանի զբաղմունքին համապատասխան իրենց լեզվով անվանում. օրինակ՝ Սաֆար-յան, Սաֆար-բեկյան, արաբերեն՝ ճանապարհորդ, Յուզբաշյան, յուզ` թուրք. հարյուր, բաշ` գլուխ, գլխավոր-հարյուրապետ-յան, Չարչօղլյան-թուրքերեն` մանրավաճառի, առևտրականի որդի, Ղասաբօղլյան`  մսագործի որդի, Քեշիշօղլյան-թուրքերեն՝ տերտերի՝ քահանայի որդի (վիրավորականն այն է, որ այսօր այդ ազգանունով բարձրաստիճան հայ հոգևորական ունենք), Ասլան-յան-պարսկերեն՝ Առյուծ-յան, Դեմիրճյան- Դարբինյան, Պետրոսով, Ակոպով-ռուսական ազգանունների վերջավորությամբ: Կան նաև օտար հայեր, որոնք կրում են օտարազգի նշանավոր մարդկանց ազգանուններով անուններ և ազգանուններ, անգամ` հապավումներով անուններ. Մելս` Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին և այլն … Օրինակներ կարելի է շատ բերել, բայց այստեղ կարևորն էությունն է, քաղաքական ենթատեքստը և ազգային արժանապատվության ոտնահարումը, որը մեզ ուղեկցում է այս էլ քանի դար... Զարմանալին ու ցավալին այն է, որ մենք այսօր անկախ պետականություն ունեցող ժողովուրդ ենք, բայց չենք գիտակցում, որ մեր ազգանունների օտարալեզու արմատները նախ հիշեցնում են մեզ ու մեր սերունդներին մեր անազատ և նսեմացած  ժամանակները.... Թուրքերն անգամ հավակնում են հայտարարելու, թե  մենք իբր թուրքերին բռնի hայացրել ենք. վկան՝ ազգանունների թուրքական արմատները: Որպեսզի իմ այս խորհրդածություններն ու հորդորը՝ ուղղված մեր ժողովրդին, չդիտվեն պարզապես մտավարժանք, ուզում եմ մեր գերդաստանի օրինակը բերել: 

Իմ պապերը Կարնո նահանգից են, բռնագաղթի են ենթարկվել 1828-30թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո և տեղափոխվել են Ջավախք: Երկրում մենք եղել ենք Սուքիասյաններ: Բայց մեր գերդաստանի օտարահունչ անվան հետ մի պատմություն է սերնդեսերունդ պատմվել: Պապերս եղել են կալվածատեր, բնականաբար, ունեցել են նաև մեծ թվով ոչխարներ և կովեր: Դեռ Երկրում եղած ժամանակ, օրերից մի օր թուրք ավազակները հարձակվում են պապերիս բազմագլուխ նախիրն ու ոչխարի հոտն արածեցնող անզեն հովիվների և նախրապանների վրա, նրանցից մեկին սպանում են, մյուսներին վիրավորում և հոտն ու նախիրը քշում-տանում են: Պապերս շրջապատում հարգված մարդիկ են եղել, անգամ հարևան գյուղերի թուրքերը, որ բերքահավաքի ժամանակ հաճախ վարձով աշխատել են նրանց մոտ,  միշտ ակնածել են նրանցից: Ականատեսները ավազակների հարձակման լուրը հասցնում են Սուքիասյանների գերդաստանի մեծին: Պապերս հավաքում են գերդաստանի բոլոր տղամարդկանց, նստում են ձիերը, զինված գնում են  ավազակների հետևից: Հասնում են նրանց և կանչում են հոտն ու նախիրը պաշտպանող շներին: Շները, երբ լսում են իրենց տերերի ձայնը, վազում են նրանց կողմը: Մերոնք, միայն իրենց հայտնի հնչյուններով-ձայներով, շներին հարձակման են մղում ավազակների վրա ու իրենք էլ շուրջկալ են անում նրանց, սպանում, նախիրն ու հոտը շրջում են դեպի տուն ու հաղթանակով վերադառնում: Հայտնի իրողություն էր, որ Օսմանյան կայսրությունում հայերը զենք կրելու, առավել ևս գործածելու իրավունք չեն ունեցել: Եթե այս միջադեպը իշխանություններն իմանային, ապա ողջ գերդաստանը սրի կքաշեին: Գերդաստանի մեծը՝ Տրդատը, ուժեղ ու համարձակ մի հայ այր, շտապում է տուն, որպեսզի, օրը դեռ չավարտված, հանդիպի գավառապետին ու հարթի միջադեպի հետևանքները: Նա մի պուլիկ ոսկի է վերցնում, մի քանի քաղցր գաթա ու գնում է գավառապետի մոտ: Սեղանին է դնում նախ քաղցր գաթաները՝ որպես իրենց հանդիպման ու խոսակցության հաշտ ու բարի ընթացքի գրավական, ապա՝ մետաքսե կտորով փաթաթված մի պուլիկ ոսկին  և պատմում   է եղելությունը՝ փաստարկելով, որ իր գերդաստանը կառավարությանն օգնել է ավազակներին ոչնչացնելու գործում…Գավառապետը տեսնում է մի պուլիկ ոսկին, ամեն ինչ մոռանում է և զեկուցագիր է գրում նահանգապետին, որ իր մի խումբ կտրիճները ոչնչացրել են չեչենների ու քրդերի մի մեծ ավազակախումբ, հետո   հիացած ասում է մեծ պապիս. 
«Սև գողություն բերիք ավազակների գլխին»: Այդ օրվանից մեր գերդաստանի մականունը դառնում է «Սև գողություն բերող», և երկար տարիներ հարկային մատյանների պաշտոնական գրառումներում անգամ գրել են թուքերեն՝ «Ղարախըրխըզ»: Բայց երբ գաղթում են Արևելյան Հայաստան, Ջավախքում ազատվում են այդ թուրքական խարանից: Չորս եղբայրների գերդաստանը, որ  բավականին մեծացել էր, և Սուքիասյան ազգանունն այլևս չէր կարող բոլորին տարբերակել, յուրաքանչյուր եղբոր զավակներն ազգանուն են դարձնում իրենց անմիջական պապի անունը: Այդպես մենք դառնում ենք Բարսեղյան՝ պապիս հոր՝ Բարսեղի անունը դարձնելով ազգանուն: 

Ահա այսպես որոշ հայ ընտանիքների ու գերդաստանների անունն ունի իր տխուր, ամոթալի ու ստորացուցիչ պատմությունը, որը պատիվ չի բերում և՛  յուրաքանչյուր հայի՝ որպես անհատի, և՛ մեր ժողովրդին՝ որպես ազգի, էթնոսի: Բարեբախտաբար,  այսօր կան հայ երիտասարդ ընտանիքներ, ովքեր գիտակցում են և ամաչում այդ օտարալեզու արմատներով և բառերով կազմված իրենց ազգանուններից և պաշտոնապես փոխում են իրենց ազգանունները՝ վերականգնելով կա՛մ նախկին տոհմական անվանումը, կա՛մ անվանի պապերից մեկի անունը ազգանուն են դարձնում: Շնորհակալություն այդ  հայ մարդկանց, որ արդեն սկսել են մաքրել իրենց տոհմի պատմությունն այդ ստորացնող խարանից: Ես գնահատում եմ այդ մարդկանց ձգտումը` օտարալեզու արմատներով իրենց ազգանունը փոխելու գիտակցումը: 

Հարգենք մեր պապերին, նրանց հայկական անունով վերանվանենք մեր ազգանունը կամ պատմականորեն որևէ արհեստի ավանդույթներ ունեցած անվանումը հայաբառ վերականգնենք և այդպես շարունակենք գերդաստանի տոհմածառը, բայց օտարի խարանը չդարձնենք տոհմանուն մեր ներկա և գալիք սերունդների համար...

Փորձե՛նք մեր շրջապատում օտարահունչ ազգանուններ ունեցող մարդկանց ևս բացատրել և հորդորել, որ նրանք էլ մաքրեն իրենց գերդաստանի վրայից  նվաստացնող ստրկության այդ խարանը... Ես կարծում եմ, որ մենք այս հայապահպան նախաձեռնությամբ նաև պատասխան կտանք քաղաքական այն ուժերին, որոնք մեզ տանում են թրքահաճ գոյության…
Սա կլինի նաև մեր պատասխանը մեզ քաղաքական և բարոյական ճնշումների ենթարկած այն ժողովուրդներին, որոնք ոչ մի առավելություն չեն ունեցել մեր հանդեպ, և ճիշտ հակառակը` նրանցից որոշների առավելությունը միայն բարբարոսությունն է եղել` քաղաքակիրթ ու մշակութաստեղծ մեր ժողովրդի համեմատ…

Ահա, այսպիսի հորդոր ու կոչ եմ հղում մեր հայրենակիցներին:

Մարի Բարսեղյան-Խանջյան
Գրող, հրապարակախոս