Փաշինյանի վախերն ու կիսատ-պռատ ռազմական դրությունը

Փաշինյանի վախերն ու կիսատ-պռատ ռազմական դրությունը

Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը շարունակվում է, այն պատերազմի ավարտից հետո որոշակի մեղմացումների ենթարկվեց, բայց, որպես այդպիսին, շարունակում է մնալ: Իշխանությունը դա հիմնավորում է նրանով, որ պատերազմը, մեծ հաշվով, չի ավարտվել, եւ հնարավոր է ռազմական որոշակի լարվածություն: Այո, այսօր էլ թշնամին մետր առ մետր մտնում է մեր երկրի սահմանները եւ առանց որեւէ ռազմական ու քաղաքական դիմադրության դիրքեր ու տարածքներ գրավում: Եթե ռազմական վտանգի տեսանկյունից նայենք, ապա Հայաստանը մշտապես պետք է լինի ռազմական դրության իրավիճակում…

Իսկ ռազմական դրությունը ենթադրում է, որ երկիրը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմին, դրան ուղղի իր բոլոր ռեսուրսները, բանակը համալրի նոր մարդուժով, նորանոր ու ժամանակին համահունչ ռազմատեխնիկայով համալրի զինված ուժերը, մեծացնի ռազմական բյուջեն, պարբերաբար անցկացվեն զորավարժություններ, թարմացվի սպայական կազմը: Իսկ ի՞նչ է արվում մեզ մոտ:

Բավական է մտնել «Զվարթնոց» օդանավակայան, եւ պարզ կլինի, որ Հայաստանում դրությունն ամենեւին էլ ռազմական չէ. Հայաստանից գնում, հեռանում, փախչում են զինվորական ծառայության ենթակա հազարավոր տղամարդիկ, գնում են միայնակ, ընտանիքներով, բեռով-բարձով: Իսկ նրանց ուղեբեռը տեսնելով՝ չի կարելի ենթադրել, որ նրանք «խոպան» են գնում՝ աշնանը նորից վերադառնալու ծրագրով: Նրանք լքում են Հայաստանը, փախչում են տեղի ունեցած եւ սպասվող պատերազմից: Իսկ ի՞նչ է մտածում Հայաստանի իշխանությունը, որն անարգել թույլ է տալիս, որ պոտենցիալ զինվորականներն ու երկրի պաշտպանները լքեն Հայաստանը: Հիշենք 90-ականների պատերազմական տարիները. տղամարդկանց թույլ չէր տրվում լքել Հայաստանը, բոլորի շարժը «խոշորացույցի» տակ էր, եւ անհրաժեշտության դեպքում մարդկանց կարող էին զորակոչել եւ մոբիլիզացնել հենց փողոցից: Իսկ այսօրվա իշխանությունը երկրի դռները լայն բացել եւ դուրս է հրավիրում երկրի պոտենցիալ պաշտպաններին:

Կարելի է ենթադրել, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որ սպասվող պատերազմի ժամանակ հնարավորինս քիչ տղամարդ լինի երկրում, որ առաջնագիծ մեկնողներ էլ չլինեն… հետագայում արդարանալը հեշտ կլինի, թե կռվող չկար, պարտվեցինք: Եվ ստիպված չի լինի պատասխանել հարցերին, թե ինչու կամավորներին թույլ չէին տալիս մեկնել առաջնագիծ: Փաշինյանական իշխանությունը գիտակցում է նաեւ, որ Հայաստանն այլեւս ի վիճակի չէ իր քանդված տնտեսությամբ պահել իր քաղաքացուն, ուստի թող գնան ռուսաստաններ` իրենց գլխի ճարը տեսնեն: Բացի այդ, որքան քիչ մարդ մնա Հայաստանում, այնքան քիչ մարդ դուրս կգա հանրահավաքների: Այսպես մտածում էր նաեւ նախկին մի վարչապետ…

Բոլոր պատերազմների եւ ռազմական դրությունների պայմաններում կենսունակ է «ամեն ինչ ռազմաճակատի համար, ամեն ինչ պատերազմի համար» կարգախոսը: Մինչդեռ մեզ մոտ արդեն երրորդ տարին, բոլոր իրավիճակներում` համաճարակից մինչեւ ռազմական դրություն, կենսունակ է «ամեն ինչ պարգեւավճարների համար» կարգախոսը: Քանդված, քայքայված ու կորուստներ կրած բանակի ջարդված ողնաշարն ուղղելու փոխարեն իշխանությունը շարունակում է աստղաբաշխական գումարներ բաժանել չինովնիկներին՝ կարծես թե կաշառելով բոլոր պարգեւավճարվողներին, որ չլքեն թիմը եւ չբարձրաձայնեն իշխանության հայրենակործան սխալների մասին: Այս իրավիճակում, երբ պատերազմում զոհվածների ընտանիքներից շատերը դեռ փոխհատուցում չեն ստացել, վիրավոր եւ հաշմանդամ զինվորականնների բուժումը մեծ ֆինանսական խնդիրներ է առաջացրել, իսկ պետությունը հիմնականում ձեռքերը լվացել է նրանցից... 

Ռազմական դրության պայմաններում չի կարելի առաջին պլան մղել թշնամի, պատերազմող երկրի շահերն առաջ տանող քարոզչությունը, իսկ Փաշինյանն ու իր թիմակիցները զբաղված են թշնամու քարոզչությունն առաջ տանելով եւ ադրբեջանական լոբբինգով, ինչի մասին կարելի է երկար խոսել։
Իշխանության բոլոր քայլերից ակնհայտ է դառնում, որ ռազմական դրության երկարաձգման պատճառը միայն ու միայն ներքաղաքական գործոնն է, որ կանխեն կառավարության հրաժարականի պահանջը, ինչից այդքան վախենում է Նիկոլ Փաշինյանը։