Հասարակություն

ՈՒղղորդվա՞ծ է արդյոք քոլեջի տնօրենի դեմ բողոքի ակցիան

ՈՒղղորդվա՞ծ է արդյոք քոլեջի տնօրենի դեմ բողոքի ակցիան

Սեպտեմբերի 1-ը տխուր ու անգույն էր Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում: Մինչ ուսանողները, հատկապես առաջին կուրսեցիները կբացեն կրթօջախի դուռը, ներսից ասել են՝ դաս չի լինելու, կարող են տուն գնալ: Այսպես ասած՝դասադուլ են անում առաջին իսկ օրից:

Քոլեջի ուսուցչակազմի բողոքը տնօրեն Անգելինա Արշակյանի դեմ է, ով պաշտոնը ստանձնել է մեկ տարի առաջ, և այդ կարճ ժամանակահատվածում հասցրել ոտքի կանգնեցնել թալանված քոլեջն ու մարել նախկինից ժառանգած պարտքերը: Գյուղատնտեսական ուղղվածությամբ կրթօջախում տնօրենը նաև սնկանոց ու ջերմատուն է հիմնել՝ հնարավորություն տալով ուսանողներին արտադրական պրակտիկան անցկացնել տեղում:

Այդուհանդերձ, կոլեկտիվը չի ընդունում տնօրենին: Ասում են՝կոպիտ է, վիրավորում է աշխատակիցներին, հրամայական տոնով է խոսում հետները..Վերջերս էլ իմացել են, որ առանց քոլեջի կառավարման խորհրդի իմացության ուսման վարձավճարը 120 հազար դրամից դարձրել է 200 հազար, և որոշումն ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ հաստատման:

«Խոստացել է նաև աշխատավարձը բարձրացնել, բայց չի արել: Ասաց՝ հաստիքներն ուռճացված են, կրճատումներ կանենք, որ ձեր աշխատավարձը բարձրացնենք: Բայց չարեց, փոխարենը իր բարեկամներին բերեց-լցրեց քոլեջ»,-ասաց դասավանդողներից մեկը՝ նպատակահարման չհամարելով ներկայանալ: «Կարևորն ասելիքս է, ինչ կարևոր է՝ ով եմ..»:

Ուսուցիչներին զայրացրել է նաև վճարովի և անվճար տեղերի՝ իրենց ձևակերպմամբ՝ տնօրենի կամայական բաշխումը: «Պատին, ուսանողների 20 հոգանոց ցուցակ է փակցրել, որից 11-ը՝ անվճար: Գրված է միայն ուսանողի անուն-ազգանունը, դիմացն էլ՝ թե որ համակարգում է: Մնացածը թողնված է մեր երևակայությանը. երևի սուրճի բաժակ պետք է նայենք՝ հասկանալու համար՝ ինչ միավորներով է ուսանողն ազատվել վարձավճարից»,-ասաց զրուցակիցս:

Վերջինիս ասելով՝ քոլեջում տիրող ամենաթողության մասին կոլեկտիվը դիմել է ԿԳՄՍ նախարարություն, որտեղից պատասխանել են՝ գնացեք, աշխատեք, մինչև հասկանանք՝ ինչն ինչոց է:

Աշխատակիցների զայրույթի գագաթնակետը հերոսների հուշապատից զոհվածների նկարները հեռացնելն է: «Սա գերեզմանոց չէ, ինձ դուր չի գալիս»,-տնօրենի հիմնավորումը փոխանցեց զրուցակիցս: Ճիշտ է՝ քոլեջի աշխատակազմը մի քանի ժամում վերականգնել է հուշապատը, բայց լուրը շատ արագ տարածվել է Արմավիրում. տնօրեն Արշակյանը կոպիտ որակումներ է  «վաստակել» սոցցանցերում:

Ինչո՞ւ է մանկավարժական մի ամբողջ ընտանիք ընդվզում այն ղեկավարի դեմ, որի շնորհիվ իրենց կրթօջախը բառացիորեն ծաղկել-կանաչել է. բարեկարգվել է բակը, տարածքը մաքրվել է տարիներով կուտակված աղբից, տնտեսություն է հիմնվել, աճել է ուսանողների թիվը… Արդյո՞ք ուղղորդված է Անգելինա Արշակյանի դեմ բողոքի ակցիան, առայժմ վաղ է ասել: Արշակյանի հետ խոսել չհաջողվեց. նա քոլեջում չէր, հեռախոսազանգերին էլ չէր պատասխանում:

ՀԳ Մենք ստացել ենք նաեւ քոլեջի աշխատակազմից անստորագիր նամակ.

«Հարգելի գործընկերներ, Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ողջ անձնակազմը վրդովված է տնօրեն Ա. Արշակյանի կողմից կատարվող չարաշահումներից և անհարգալից վերաբերմունքից: Խնդրում ենք  հնարավորության դեպքում հրապարակել հոդվածը: Կոլեկտիվը դիմել է նախարարություն, բարձրացրել է բազմաթիվ հարցեր բոլոր փաստերով, սակայն նախարարությունը ակնհայտորեն հովանավորում է տիկին Անգին Արշակյանին: Ամեն կերպ կոլեկտիվին հորդորում է հաշտության եզրեր գտնել: Այսքան փաստեր առաջ քաշելուց հետո ինչ հաշտության եզրեր կարելի է գտնել օրինախախտ տնօրենի հետ, ինչպես կարելի է աշխատել»:

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image