Վագըֆ՝ հերոսական անցյալի հուշը

Վագըֆ՝ հերոսական անցյալի հուշը

Մուսա լեռ՝ Ֆրանց Վերֆելի հայտնի գործից ծանոթ հերոսական պայքարի օրրան, որով սերնդե-սերունդ հպարտանում ենք եւ փոխանցում երիտասարդներին՝ արդարանալով, որ մեր պապերը «ոչխարի նման չեն կոտորվել», այլ հերոսական պայքար են մղել՝ սովի մատնվելու, դաժանաբար պատժվելու հեռանկարով։ Այսօր Մուսա լեռան ստորոտում գտնվող բերրի հողերը, գեղեցիկ այգիները, խաղաղ կեցությունը ոչնչով չեն հուշում, որ 20-րդ դարասկզբին այս տարածքում նման ողբերգական դեպքեր են եղել։ Երբ 4․300 հայ՝ մայր ու մանուկ, բարձրացել են լեռները եւ անհավասար մարտեր մղել ոսոխի դեմ, այդ ընթացքում 4 երեխա է ծնվել սարի գագաթին, որոնցից մեկը, մուսալեռցիների պատմելով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մայրը։ 53 օր անց ֆրանսիական նավերը փրկեցին այս հերոս ժողովրդին, որը հետ վերադարձավ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, իսկ երբ 1939-ին այս տարածքն անցավ Թուրքիային, շատերը գաղթեցին Լիբանան՝ Այնճար, Սիրիա՝ Հալեպ, եւ այլուր, իսկ մնացողները ծվարեցին Մուսա լեռան 4 գյուղերում, որոնցից միայն մեկն է այսօր մաքուր հայկական։ 

Վագըֆ գյուղը մի խնամված օազիս է այս տարածքում, որը հիմնադրամի կարգավիճակ ունի, եւ որտեղ ոչ մի այլազգի չի բնակվում՝ միայն հայեր են, 30 ընտանիք։ Այսչափ գեղեցիկ գյուղ Հայաստանում, կարելի է ասել, չկա․ սալահատակ փողոցներ, բարեկեցիկ տներ, ծաղիկների մեջ կորած բակեր, սրճարաններ ու հյուրատուն, որի նմանը շատ քաղաքներ կերազեին, կոկիկ եկեղեցի, որտեղ նաեւ եկեղեցական ծառայություններ են մատուցվում։ Գյուղի շուրջբոլորն այգիներ են, հիմնականում՝ նարնջի։ Գյուղացիներն ասում են, որ շատ բարդ է այսքան այգի մշակելը, հաճախ թուրքական վարձու ուժ են աշխատեցնում։ Առաջ եկամուտն ավելի լավ էր, երբ նարնջի գինը շուկայում նվազեց, իրենց եկամուտն էլ նկատելիորեն պակասեց։ Գյուղից բավականին թվով մարդիկ են հեռացել, բայց եկողներ էլ կան՝ Ստամբուլից անգամ հարս են բերել։ Պինդ, առաջադեմ մարդիկ են ապրում գյուղում։ Նրանց երգ ու պարը, հագուստն ու շարժուձեւը խոսում են դրա մասին։ Անչափ ուրախ էին, որ Հայաստանից խումբ է ժամանել։ Հյուրատանը մեծ սեղան գցեցին, հայերեն ազգային երգեր երգեցին, կենացներ ասացին եւ խնդրեցին շուտ-շուտ իրենց հյուր գնալ, իրենք կարոտ են հայրենիքի հետ շփումներին, եւ սա մեծ իրադարձություն է գյուղի կյանքում։ Ամեն տարի օգոստոսի 15-ին մեծ արարողություն են անում՝ հարիսայի, որին մասնակցում են դրսից ժամանած մեծ թվով հյուրեր։ Հրավիրում էին՝ եկեք այդ օրերին, հանգրվանելու մասին մի մտածեք, մեր հյուրատանը կընդունենք ձեզ։ 

Գյուղի եկեղեցում Համահայկական խաղերի ջահի օրհնության արարողությունն իրականացրեց Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգեւոր առաջնորդ հայր Թաթուլը, որը հատուկ գյուղ էր եկել այդ առիթով։ Հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանից ժամանած պատվիրակությունը ռազմական շապիկներով էր։ Արարողությունն ամբողջությամբ տեսագրվեց, որ Խաղերի բացման ժամանակ ցուցադրվի։ Ի դեպ, թուրք ոստիկանները պատվիրակությանն Ադանայից ուղեկցում էին մինչեւ Մուսա լեռ, այսպես ասած՝ պատվո պահակախմբի նման մի բան։ Նախապես ծրագրված էր, որ օրհնման արարողությունից հետո խումբը պետք է բարձրանա Մուսա Լեռ՝ 100 տարի առաջ սարը բարձրացած մեր նախնիների ճանապարհով։ Բայց քանի որ օրը ճաշ էր դառնում, գյուղացիները թույլ չտվեցին, որ բարձրանանք՝ ջահը լեռան գագաթին վառելու։ Ասացին, որ նման վերելքի համար առավոտ կանուխ՝ ժամը 6-7-ին պետք է ճանապարհ ընկնել, եւ ոչ բոլորը կարող են հաղթահարել վերելքի դժվարությունները՝ միայն քայլել-բարձրանալու ունակ երիտասարդները։ Վերելքն ու վայրէջքը մոտ 10-12 ժամ կտեւեն, իսկ սարի լանջին անասելի շոգ է եւ ճանապարհն էլ դյուրին չէ։ Ստիպված եղանք հաջորդ օրը կրկին գալ Վագըֆ, բայց 22 հոգանոց խմբից սարը բարձրանալու քաջություն դրսեւորեցին 5 հոգի, այդ թվում՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ Սպասումի 10 ժամերը մյուսներս անցկացրին ծովափին՝ մեր ուխտավորներից «խաբարի» սպասելով։ Եւ քանի որ սարի գագաթին հեռախոսներն անհասանելի էին, լեռնագնացները կապի դուրս եկան մի 7-8 ժամ անց։ Պարզվեց՝ վերելքն, իրոք, բարդ է եղել, խմբից երկու անձ բավականին ծանր են բարձրացել եւ իջել։ Ճանապարհին ջուրն է սպառվել։ Մի խոսքով, բարեբախտաբար, անփորձանք հասան մեզ՝ հոգնած, բայց վառվող աչքերով եւ առասպելը մոտիկից տեսածի ոգեւորությամբ։