Ո՞ւմ պետք է ուղղված լինի երկրի ղեկավարի կոչը

Ո՞ւմ պետք է ուղղված լինի երկրի ղեկավարի կոչը

Նախորդ հոդվածում քննարկել էի, թե ինչու չպետք է վարչապետի մեսիջում խոսվի հայոց ենթարկվելիք ցեղասպանության եւ թուրքերին Վիեննայում սպասելու մասին: Այս հոդվածում ցանկանում եմ խոսել, թե ում պետք է ուղղվի վարչապետի մեսիջը, եւ ըստ այդմ՝ ինչ պետք է պարունակի այն: Եթե ես չեմ ընդունում մեսիջի բովանդակությունը, ապա, բնականաբար, սխալ է նաեւ դրա ուղղվածությունը դեպի արեւմուտք: Կարծում եմ, որ այն պետք է ուղղվի հյուսիս, եւ ասեմ, թե ինչու: Նախորդ հոդվածներից մեկում գրել էի, որ Թուրքիան չի կարող ծավալվել դեպի արեւելք՝ նախնիների հայրենիքը, քանի որ այնտեղ կան երկրներ (օրինակ՝ Ղազախստան կամ Ուզբեկստան), որոնց ղեկավարները դեմ չէին լինի դառնալ թյուրքախոս ժողովուրդների «հայրը», բնականաբար, թուրքերին աղ ու հացով չեն դիմավորի Միջին Ասիայում: Թուրքիան չի կարող ծավալվել նաեւ դեպի Եվրոպա՝ դա նրան ուղղակի թույլ չեն տա: Հարավում արաբներն են, եւ մնաց մեր տարածաշրջանը՝ Անդրկովկասը, եւ դրա միջով Ռուսաստանի Դաշնության հարավը՝ Հյուսիսային Կովկասը, որը հիմնականում բնակեցված է սուննի մահմեդականներով: Ուրեմն, մեզնից բացի, մնում են մեկ էլ ռուսները, որ կորցնելիք ունեն Թուրքիայի հզորացումից: Իհարկե, կա նաեւ Վրաստանը, բայց այսօր արդեն նրա տնտեսությունը երեւի թե ամբողջովին թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքում է, եւ դժվար է որեւէ հակաթուրքական ընդվզում ակնկալել նրանից՝ հաշվի առնելով վերջինիս ղեկավարության պահվածքը մեր այս դաժան պատերազմում: 

Այսպիսով, վարչապետի ուղերձը պետք է ուղղվի Ռուսաստանի ղեկավարությանը, ընդ որում, դա ավելի ընկալելի կլինի նաեւ տեխնիկապես՝ դա մի երկիր է եւ ոչ թե Եվրոպայի նման բազմաթիվ երկրների կոնգլոմերատ, որոնց մի մասը (կամ մեծ մասը՝ տեղյակ չեմ) լուրջ առեւտրատնտեսական կապեր ունի Թուրքիայի հետ, եւ մեր ճակատագիրը, մեծ հաշվով, նրանց համար՝ եղած-չեղած: Ինչ մնում է ՌԴ-ին ուղղվելիք մեսիջի բովանդակությանը, ապա դա վաղուց է բարձրաձայնվել, եւ նոր հեծանիվ հնարելու կարիք չկա. եթե Թուրքիային հաջողվի կոտրել մեզ, ապա ՌԴ-ի հարավային սահմանը կանցնի այն տարածքներով, որտեղ բացակայում է մահմեդական բնակչությունը: Ռուսաստանը խնդիր կունենա նաեւ իր տարածքի այլ վայրերում կոմպակտ բնակվող մահմեդականների առումով, օրինակ՝ Թաթարստանը: 

Ասվածը նշանակում է, որ ՌԴ-ն Հայաստանի դաշնակիցն է ոչ միայն ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) շրջանակում, այլեւ ուղղակի բնական դաշնակից է, եթե չի ցանկանում զրկվել կովկասյան իր տարածքներից: Ասվածը նաեւ նշանակում է, որ վարչապետ Փաշինյանի կողմից ընտրվել է սխալ աշխարհաքաղաքական ուղղվածություն, եւ դրա պատճառով է, որ նրա արդեն 5-րդ հեռախոսային զանգը ՌԴ նախագահ Վլ. Պուտինին որեւէ արդյունքի չի հանգեցնում: Այնինչ մեզ պետք է բարեկամական փոխհարաբերությունները պահպանել Ռուսաստանի հետ հենց միայն այն բանի համար, որ մեր հնարավորություններով ժամանակակից սպառազինություն մենք կարող ենք ձեռք բերել միայն Ռուսաստանից:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ