Վանոն Ժամանակին պատասխանել է հասարակության բոլոր հարցերին, հասարակությունը կամ չի հիշում դրանք, կամ չի կարդացել

Վանոն Ժամանակին պատասխանել է հասարակության բոլոր հարցերին, հասարակությունը կամ չի հիշում դրանք, կամ չի կարդացել


Hraparak.am –ի հարցազրույցը  Վասակ Դարբինյանի հետ 

-Վասակ,ինչու որոշեցիր Վանո Սիրադեղյանի մասին գիրք գրել։

-Վանոյի մասին գրելու պարտավորությունը միշտ եմ զգացել, որովհետև նրա հանդեպ իր բացակայության ամբողջ ընթացքում մեղավորության նման մի զգացում կա: Իմ մեջ  այն զգացողությունն է, որ տաղանդավոր, հզոր, նաև՝ մտերիմ ու հոգեհարազատ մարդու ճակատագիր է բեկվել, անարդար մի բան է կատարվել, ու դու չես կարողանում այդ անարդարությունը մարսել՝ ո՛չ ուղղել, ո՛չ շրջանցել, ո՛չ հաշտվել դրա հետ:
Կոնկրետ այս գիրքը (որը շուտով պատրաստ կլինի տպագրության), գրելու միտքը ինձ հուշել է  լրագրող Արտակ Ալեքսանյանը, որի համար անչափ շնորհակալ եմ իրեն: 

-Գիրքը  շուտով ավարտելու ես: Հուշե՞ր է՝ ականատեսների,  քո՞, ընկերների՞, ի՞նչ նյութեր ես օգտագործել, տեսագրություններ,  ինչպես է գրքի վերնագիրը։ 

-Եթե հակիրճ՝ գիրքը հարցազրույցների ժողովածու է Վանոյի ընկերների, նրա հետ ճանապարհ անցածների, իր ժամանակակիցների հետ: Բացառիկ անկեղծ հարցազրույցներ են, որոնք ոչ միայն ներկայացնում-ամբողջացնում են Վանոյի կերպարը, այլև իրադարձություններով գերհագեցած ժամանակաշրջանը: Աշխատել եմ շուրջ մեկ տարի: Վերնագիրը դեռ չեմ որոշել:

-Գրքում կերպարը գրո՞ղ, «Ղարաբաղ» կոմիետեի անդա՞մ, քաղաքապե՞տ, ամբաստանյա՞լ, հետախուզվող և տարագրության մեջ գտնվող Սիրադեղյանն է կամ միգուցե՝ Ավետիս Հարությունյանը...

-Հարցի մեջ նաև դրա պատասխանն է. բոլորը: 

-Առիթ ունեցե՞լ ես Վանո Սիրադեղյանի հետ խոսելու իրեն առաջադրված մեղադրանքների մասին։  Մասնավորապես, ինքը ի՞նչ էր ասում այդ մասին․ այդ տարիներին ՀՀՇ շենք այցելող ընկերներից շատերին, որին անձամբ  ճանաչում եմ, ասել էր, որ 98-ին  իր դեմ քրեական հետապնդումը սկսվեց իր ու՝«հայտնի ուժերից»՝ Ռոբերտ Քոչարյանի  զրույցից հետո, երբ վերջինս առաջարկել էր դավաճանել Տեր-Պետրոսյանին՝ Վանոն մերժել էր։

-Այո, իհարկե, ոչ միայն առիթ ունեցել եմ, այլև շուրջ մեկ տարի՝ դատաքննությունը տևեց գրեթե մեկ տարի, նաև այդ հարցերի մասին էինք խոսում... Հարցի պատասխանի շարունակությունը գրքում է. չվերապատմեմ:

- Վերջին շրջանում՝«օդում կախված՝ լուրեր են շրջանառում», որ սկսվել է Վանո Սիրադեղյանի վերադարձի իրավական գործընթաց, որի մանրամասները, ցավոք, հայտնի չեն։  Կարծո՞ւմ ես, որ հիմա այն ժամանակն է, որպեսզ Վանո Սիրադեղյանը վերադառնա և պատասխանի բոլոր այն հարցերին, որը 20 տարի շարունակ հասարակությունն ունեցել էր։

-Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին միշտ է խոսվել՝ այդ խոսակցությունները սկսվել են նրա հեռանալուց որոշ ժամանակ անց: Վերադարձի իրավական գործընթաց սկսելուց տեղյակ եմ ոչ ավելի, քան դուք: 
Վանո Սիրադեղյանը ,կարծես թե , ժամանակին պատասխանել է բոլոր այն հարցերին, որոնք հասարակությունն ունեցել է, և տրվել են իրեն: Այլ հարց է, որ հասարակությունը կամ չի հիշում իր հարցերի պատասխանները, կամ չի կարդացել: Իսկ եթե խոսքը շուրջ քսան տարիների բացակայության մասին է, ապա ինքը կորոշի՝ ինչ պատմել կամ ինչ գրել:  

-Վանո Սիրադեղյանի՝ Հայաստանից հեռանալուց հետո 20 տարի է անցել, պատկերացնու՞մ ես՝ ինչ դժոխք է սա, ինչպես մարդը կարող է ապրել այդպես՝ 20 տարի ընդհատակում՝ առանց երեխաների, կնոջ, ընկերների։ Հիշում ենք՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս ԱԺ-ում պատասխանելով լրագրողի հարցին,ասաց, որ որպես ընդհատակում 1-1.5 տարի եղած մարդ, կարող է վկայել, որ բանտը ավելի կոմֆորտ է։ Իր խոսքերն եմ մեջբերում։

-Որքան էլ երևակայությունս հարուստ լինի՝ կդժվարանամ պատկերացնել, թե ինչպես կարելի է այսքան տևական ժամանակ ապրել օտար միջավայրում...Բայց  որքան էլ հեռվից անհնար թվա՝ մարդը կարողանում է ժամանակի ընթացքում հարմարվել ցանկացած վիճակի: Ցանկացած միջավայրի: Զգացմունքների մասին չեմ խոսի:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի պատասխանին, կասեմ միայն, որ տարբեր մարդիկ կարող են տարբեր պատկերացումներ ունենալ ընդհատակի, բանտի, կոմֆորտի և այլնի մասին: Ոմանք կարող են ավելի կոմֆորտ համարել բանտը, ոմանք հակառակը: Վանո Սիրադեղյանի համար բանտը հաստատ ավելի կոմֆորտ չէր կարող լինել: Գուցե բանտը կարող է ավելի կոմֆորտ լինել, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի համար, բայց ոչ երբեք՝ Վանո Սիրադեղյանի: 

-Հո՞ւյս ունես, որ գիրքը տպագրված լինի, ու այն կարդա Վանո Սիրադեղյանը։

-Այո: Եթե համաշխարհային ջրհեղեղ կամ այլ աղետ չլինի, գիրքը կտպագրվի, և այն կկարդա նաև Վանո Սիրադեղյանը: