Վահե Գրիգորյանն է՞լ ՍԴ դատավոր չէ

Վահե Գրիգորյանն է՞լ ՍԴ դատավոր չէ

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը նամակով դիմել է ՍԴ անդամներին, ԱԺ-ին, ՀՀ նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի հետ կապված:

Երեկ կառավարության մամուլի խոսնակը եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հաստատեցին իրենց փոխանցված նամակի փաստը։ Բովանդակությունը գաղտնի է պահվում, թեպետ կան տեղեկություններ, որ խոսքը ՍԴ «անդամ» եւ «դատավոր» եզրույթներով պայմանավորված իրավիճակի մասին է։ Վահե Գրիգորյանի մեկնաբանությամբ՝ ՍԴ-ում այսօր կա երկու դատավոր, մյուսներն անդամ են, մինչդեռ սահմանադրական փոփոխություններից հետո օրենսդրական կարգավորումը ճանաչում է միայն «դատավոր» տերմինը։ Հենց սրանով է պայմանավորված առկա «ճգնաժամը»։

Արարատ Միրզոյանն իր մեկնաբանություններով, ըստ ամենայնի, հաստատեց ճգնաժամի մասին նամակում արձանագրված փաստը, ասաց նաեւ, որ Վահե Գրիգորյանը 3 ճանապարհ է մատնանշել․ «Փաստարկելով եւ հիմնավորելով ճգնաժամի գոյությունը, Վահե Գրիգորյանը 3 լուծման տարբերակ է տեսնում՝ սկսած առկա իրավիճակի արձանագրումից՝ որպես նորմալ, մինչեւ փոփոխությունների այս կամ այն չափ: Ես չեմ ասելու՝ ինչ է լինելու անդամը, ինչ է լինելու դատավորը: Ես կարող եմ ասել, որ կա անորոշություն: Սա այն կետն է, որ բոլորը համամիտ են: Մենք անհրաժեշտություն ունենք դատարանի կազմությանը մասնակից մարմինների (Դատավորների ընդհանուր ժողով, կառավարություն, ԱԺ, ՀՀ նախագահ) շրջանում լայն քննարկում ծավալել, որ հասկանանք, թե ինչպես է երկիրը սրանից դուրս գալու: Ես չեմ վարանի ասել նաեւ, որ, ըստ ամենայնի, ճգնաժամի մասին կարելի է խոսել: Մենք խոսում ենք Հայաստանի իրավական անվտանգության մասին։ Փաստ է, որ ՍԴ-ի հանդեպ չկա վստահություն, այդ մարմինը տարիներ շարունակ եղել է խնդիրները պարտակող, լղոզող մարմին: Սա ճգնաժամ է, անկախ նրանից, թե օրվա իշխանությունների քիմքին ով է հաճելի»: 

Ի դեպ, երեկ ՍԴ դատավորները հանդես եկան  հայտարարությամբ՝ հերքելով ճգնաժամի առկայությունը։ «Սահմանադրական դատարանն աշխատում եւ աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը եւ ապահովելով Սահմանադրության գերակայությունը»։ Մեր տեղեկություններով՝ հանգուցալուծման ճանապարհներից մեկը իրավասու մարմնի կողմից՝ տվյալ պարագայում կառավարության, նոր թեկնածուների առաջադրումն է, որոնք կընտրվեն ՍԴ դատավորներ, եւ խնդիրը, ըստ Վահե Գրիգորյանի, կլուծվի, քանի որ ՍԴ-ում 5 դատավորով հնարավոր կլինի քվորում ապահովել, իսկ գործադիրն իրավունք ունի 3 թեկնածու առաջադրել։ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է իշխանությունն ընտրի հենց այդ ճանապարհը՝ ՍԴ-ում ստեղծելով «այլընտրանքային» դատարան։ «Դա այդքան էլ ողջունելի տարբերակ չէ։ Կառավարությունը 3 թեկնածու առաջադրի, ՍԴ-ն 5 դատավոր ունենա, ասենք՝ վերջ, ամեն ինչ նորմալ է։ Ոչ, ես խոսում եմ լայն կոնսենսուսի ճանապարհով լուծումներ գտնելու մասին։ Իսկ այդ ճանապարհը, այսպես կոչված, ուժային․․․ լայն ընդունելություն չի կարող գտնել։ Ես կողմնակից չեմ այդ տարբերակին»,- ասաց ԱԺ նախագահը։ Միրզոյանն ասաց նաեւ, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր տեսականորեն դրված չի կարող լինել, որովհետեւ որեւէ մեկը՝ լինի դա ԱԺ-ն, նախագահը, կառավարությունը, թե վարչապետը, այդպիսի լիազորությունով օժտված չէ: Ավելին, նրա կարծիքով՝ Հրայր Թովմասյանի հեռանալուց հետո էլ ճգնաժամը չի հանգուցալուծվի, որովհետեւ Թովմասյանի անձով չէ պայմանավորված ճգնաժամը: «Ես խոսում էի ինստիտուտի նկատմամբ վստահության, էդ ինստիտուտում տարիներ շարունակ ներգրավված անձանց մասին, որոնք ակնհայտորեն ավելին են, քան մեկ հոգին: Եվ այդ մեկ հոգին, վստահաբար, Հրայր Թովմասյանը չէ»,- հավելեց նա: 
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե ճգնաժամը հաղթահարելու ինչ ճանապարհներ կան։ «Կամ՝ կարելի է օրենքով ամրագրել, ասել, որ ՍԴ անդամը շարունակում է դատավորի կարգավիճակով։ Կա եւս մի քանի ճանապարհ՝ իրավիճակը լուծելու, բայց ստեղծված իրավիճակում կառավարության ձեռքում է հանգուցալուծումը գտնվում»։ Նիկոլայ Բաղդասարյանը կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածուներ առաջադրելու ճանապարհի հարցում էլ արտառոց ոչինչ չի տեսնում․ «Եթե կառավարությունը որոշի, որ դատավորի թեկնածու է առաջադրում, ապա կառաջադրի, ԱԺ-ն էլ իր դիրքորոշումը կհայտնի եւ ՍԴ-ն կհամալրի եւս երեք դատավորով, ու այլեւս քվորման խնդիր չի առաջանա, եւ որոշում կկարողանան կայացնել, քանի որ գործող կարգավորումներով որոշում կայացնում են ՍԴ դատավորները, ոչ թե անդամները»։

- Իսկ ի՞նչ կլինի ՍԴ անդամների հետ, չէ՞ որ անցումային դրույթներով ամրագրված է, որ ՍԴ անդամը պետք է պաշտոնավարի, քանի դեռ լիազորությունները չեն ավարտվել։

- Դե, կպաշտոնավարեն որպես անդամներ, էլի։ Անդամի եւ դատավորի խնդիրն առաջացել է անցումային դրույթներում բացի կամ դիտավորության պատճառով, իրավաբանությունն իրավանորմերի պարտադիր կիրառման գործընթաց է, եթե իրավանորմն ասում է, որ մածունը սեւ է, նշանակում է՝ սեւ է։ Որպեսզի դա ուղղել, կա օրենքով նախատեսված գործընթաց։ Այո, անցումային դրույթում գրված է, որ պետք է պաշտոնավարեն՝ համաձայն 2005 թվականի Սահմանադրությամբ նախատեսված ժամկետի, բայց ես դրա հետ էլ համաձայն չեմ, որ հղում է կատարվում ուժը կորցրած՝ 2005-ի սահմանադրությանը։

- Այսինքն, Դուք ասում եք՝ նորմալ է, որ ՍԴ-ում լինի մի իրավիճակ, որ ե՛ւ համապատասխան թվով անդամներ կան, ե՛ւ դատավորներ, ու հավելյալ 3 հոգի աշխատավարձ ստանա եւ այլն։

- Աշխատավարձի հարցն էնքան երկրորդական է, եթե Դուք մտածում եք, որ դա է, ապա ինձ համար էլ կարեւորագույն խնդիրն այն է՝ արդյոք պե՞տք է օրենք ընդունվի, եւ այդ մարդիկ շարունակեն որպես դատավոր, չմնան անդամ։ Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա իրավական նորմերով պետք է կարգավորվի՝ անդամն ինչի համար պիտի մնա, ինչ աշխատավարձ ստանա․ դա տեխնիկական խնդիր է, որը կլուծեն մասնագետները։ Պիտի պարզապես ընդունել, որ խնդիր կա։

- Դուք ասում եք, որ լուրջ խնդիր է իրավաբանության մեջ՝ «անդամը» դատավոր չէ, Ձեր տրամաբանությունից ելնելով՝ Վահե Գրիգորյանն էլ դատավոր չէ, քանի որ ընտրվել է ՍԴ անդամի թափուր պաշտոնում։

- Ոչ, որպես դատավոր է ընտրվել։

- Դատավորի պաշտոնավարման ժամկետը չի սպառվել, սպառվել է ՍԴ անդամի պաշտոնավարման ժամկետը, եւ Վահե Գրիգորյանը լրացրել է այդ թափուր պաշտոնը։

- Այստեղ մեկնաբանության տարբերություն կա։

- Ձեր դեպքում էլ է մեկնաբանության տարբերություն, մի մասն ասում է, որ անդամը նույն դատավորն է, իշխանականներդ պնդում եք՝ ո՛չ, անդամը դատավոր չէ։

- Հա, ու դրա համար եմ ասում, որ էս մեկնաբանությանը կառավարությունը պետք է լուծում տա, ինքն այն մարմինն է, որ պետք է հարցը լուծի։

- Հետեւաբար, պարտադի՞ր է թեկնածու առաջադրել, միգուցե օրենսդրական նորմերով լուծում տրվի հարցին։

- Այո, կա եւս մի քանի ճանապարհ, որոնցից մեկը, օրինակ, կարելի է օրենքով ամրագրել, ասել, որ ՍԴ անդամը շարունակում է դատավորի կարգավիճակով։