Եթե Նժդեհը կենդանի լիներ, վարչապետը նրան կմեծարե՞ր․․․

   Եթե Նժդեհը կենդանի լիներ, վարչապետը նրան կմեծարե՞ր․․․

Աշխաբադում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին  որպես հերոսապատում ներկայացվեց։ Թող էլի հերոսապատում ներկայացվի, մենք հեքիաթներ, էպոսներ, բալլադներ սիրող ազգ ենք։ Բայց ինձ այլ բան է հուզում։ Եթե Նժդեհին պաշտպանող խոսքը հերոսապատում է, ապա ի՞նչ անվանում կարող եք տալ Արցախյան պատերազմի հերոսներին, ովքեր դեմ առ դեմ կանգնեցին  ալիևյան յաթաղանի դեմ։ Ովքեր իրենց արյունով ներկեցին հայրենի հողը։ Ի՞նչ անուն կարող եք տալ տասնութ տարեկան մեր տղերքի քաջագործություններին, ովքեր կասեցրին տանկերի գրոհը․․․ Քաղաքական դաշտում բարձր մակարդակով սրի պես կախվել է այս ուղղորդված նկատառումը՝ ի՞նչ եք կռվելը մատի փաթաթան դարձրել ու աչքներս կոխում։ Այս օրերին նմանատիպ ինչքա՜ն գրառումներ ենք կարդում։ Սա բարձունքից տիղմ մտցնելու քաղաքականություն է։  Այսպե՞ս եք հայ ազգին խաղաղության նախապատրաստում։ Եթե Ալիեվին խոսքով  պատասխանելը հերոսություն եք համարում, հուժկու հարված, ադրբեջանական բանակը ետ շպրտող արծիվներին ի՞նչ անուն կարող եք տալ․․․

Ինչքան ուրախ եք, երբ վարչապետը Ալիևին հուժկու խոսք է ասում, հիմա դուք պատկերացրեք, թե թշնամին ինչքան ուրախ է, երբ իր դեմ կռվողին, իրեն ծնկի բերողին նսեմացնում են, երբ պատերազմ հաղթած հրամանատարներին սպառնում են, որ «նրանց գլխին ծանր բան կգցեն»․․․ Չխորանամ, այնքան դառը բան կա ասելու։ Երեկ էլ վարչապետի կողմից շատ հարգված մի տիկին գրում է․ «Ժամանակն է, որ  հերոսների փնտրեք ուրիշ տեղերում քան պատերազմի դաշտերում․․․»։

Եթե Նժդեհը կենդանի լիներ, վարչապետը նրան կմեծարե՞ր․․․

Նժդեհը կեղծ օրակարգ է։