Սա թիկունքից դաշույնով հարված էր

Սա թիկունքից դաշույնով հարված էր

Դատական իշխանության դեմ գործադիր մարմնի սանձազերծած պատերազմը կշարունակվի օրենսդիր ճակատով։ Արդեն իսկ մշակվում է վեթինգի մասին օրենքի նախագիծ, որը դատական իշխանությունում բարեփոխումներ իրականացնելու Նիկոլ Փաշինյանի հռչակած օրակարգի առաջին կետն է։ Առաջիկայում էլ կյանքի կկոչվի անցումային արդարադատության նախաձեռնությունը։ Երեկ այս մասին մեր զրույցներում հայտնեցին իշխող ուժի՝ «Իմ քայլի» պատգամավորները։ Խմբակցության մոտ չորս ժամ տեւած նիստում երեկ նրանք քննարկել են դեռեւս միայն վեթինգի  նախագիծը, թե ինչ գործիքակազմ է այն ունենալու, սակայն նիստի ավարտից հետո Լիլիթ Մակունցը մանրամասներ չհայտնեց։ Հիշեցնենք, որ Փաշինյանը մեկ օր առաջ իր հայտնի ելույթում ասել էր․ «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»: 

Բանն այն է, որ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանին իր թիմից էլ խորհուրդ են տվել դատավորների հարցը «փողոցով» չլուծել, քանզի հակասահմանադրական այդ գործընթացը, երբ գործադիր իշխանությունը ճնշում, խոչընդոտում է դատականին, չի ընդունվի միջազգային հանրության կողմից՝ դրանից բխող անցանկալի հետեւանքներով։ Սակայն Փաշինյանն անդրդվելի է մնացել եւ Ֆեյսբուքով քաղաքացիներին դատարաններն առավոտյան ժամը 8։30-ից արգելափակելու կոչ է արել։ Բայց մինչեւ կեսօր տեսնելով տարբեր արձագանքներ, այնուամենայնիվ, մեղմացրել է նախապես գրած ելույթը եւ խնդիրը տեղափոխել ավելի կառուցողական դաշտ։ 

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նկատելի տարբերություն է տեսել Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման եւ ելույթի միջեւ, առաջինը նա չի ընդունում, իսկ երկրորդում հնչած մտքերի հետ համաձայն է լիովին․ «Կարելի էր սկսել միանգամից երկրորդ արարից, այսինքն՝ այն, ինչ ուներ ասելու վարչապետն իր նստավայրում դատավորների եւ ընդհանրապես դատական համակարգի հետ կապված, դա ընդունելի էր: Իսկ այն կոչը, որ արվեց՝ շրջափակել դատարանները, դա հակասահմանադրական կոչ էր, մենք դա համարում ենք ՀՀ միջազգային հեղինակությանը մեջքից ուղիղ հարված, եւ պատահական չէ, որ նաեւ միջազգային որոշ կազմակերպություններ բավականին կոշտ գնահատական տվեցին տեղի ունեցածին։ Երեկ եղավ այն, ինչն ուղղակիորեն թիկունքից դանակով, դաշույնով հարված էր տնտեսական հեղափոխությանը»: Պատգամավորի արտերկրում գտնվող ծանոթները երկու օր է՝ զանգահարում են իրեն եւ ասում, որ այլեւս չեն գալու Հայաստան՝ ներդրում անելու, տեսնելով, թե ինչ է կատարվում դատական իշխանության շուրջ։ 

Զոհրաբյանը տարակուսել է՝ «Իմ քայլի» պատգամավորներն իրավունք չունեին դատարանների մուտքն ու ելքն արգելափակելու ցույցերին մասնակցել. «Երբ որ «Իմ քայլի» պատգամավորներն ասում էին՝ մենք այնտեղ էինք, որ բախումներ չլինեին, ես հարց եմ տալիս՝ դուք ընդհանրապես ինչի՞ էիք էնտեղ, ինչի՞ էիք մասնակցում հակասահմանադրական գործընթացին»: ԲՀԿ-ական պատգամավորին նաեւ զարմացրել է ոստիկանության պահվածքը․ «Երբ մենք խոսում ենք, որ վերջապես ոստիկանը մերն է, ինձ զարմացնում է մի բան, երբ դատավորին թույլ չէին տալիս մտնել իր աշխատասենյակ եւ դատավորի հրեցին, ոստիկանները կանգնած էին այնպես, ինչպես մի ժամանակ ՀՀԿ-ականներն էին ծեծում-ջարդում ժողովրդին, եւ չէին միջամտում, իրենք որեւէ կերպ չմիջամտեցին: Այնպես որ, ես ասում եմ՝ Վալերի՛ Օսիպյան, Դուք Ձեր տեղում չեք, ինչպես նախկինում Դուք կատարել եք նախորդ ռեժիմի հանձնարարականները, հիմա էլ կատարում եք այս իշխանության հանձնարարականները»։

Դիտարկմանը, որ դատարանների դեմ ակցիան հեղափոխության երկրորդ փուլն էր, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց․  «Շնորհավորում եմ իշխանությանը, որ մի տարի առաջ հրապարակ հանում էր 500-600 հազար մարդ, երեկ հանեց ընդամենը 1100 մարդ»։ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը գտնում է, որ այդ ցույցով Սահմանադրություն չի խախտվել, ավելին՝ իրենք դա նախաձեռնել էին, որպեսզի նախ ցույց տային, որ ժողովրդի պահանջն է՝ ունենալ արդար դատարաններ, հետո միայն դրան հասնելու համար անցնել օրենսդիր ճանապարհով բարեփոխումներին․ «Այդ ակցիան տեղին էր, այդ ակցիայով պետք է ապահովվեր ժողովրդի ներգրավվածությունը: Նա ժողովրդին կոչ արեց՝ ժողովրդին եւ քաղհասարակությանը ներգրավել այդ գործընթացում»:

Ըստ Բաղդասարյանի, եթե դատական իշխանության նկատմամբ վստահություն չկա հասարակության մեջ, այդ իշխանությունը չի կարող գոյատեւել։ Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի գնահատականին՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Սահմանադրության ո՞ր կետն ենք խախտել»: Դատական գործընթացները խոչընդոտելը, իշխանության անկախ մարմնի գործունեությունը տապալելը։ Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց. «Եթե խախտել ենք, ապա դա քրեորեն պատժելի արարք է, դատախազության տեղը գիտեն, կարող են դիմում գրեն, ասեն՝ քրեական գործ հարուցեք»։

Չնայած մեր համառ պնդումներին, պարոն Բաղդասարյանը գնահատական չտվեց՝ դատարանների մուտքերը փակելը, դատավորներին ներս չթողնելը պատժելի՞ արարք է, թե՞ ոչ։ «Եթե ես ասեմ՝ այո, ապա պետք է գնամ եւ դիմում գրեմ դատախազությանը եւ ասեմ՝ գործ հարուցեք»։ Պատգամավորը հիշեց, որ ժամանակին իրենք՝ փաստաբաններն էլ ակցիաներ են արել դատավորների դեմ, գործադուլ հայտարարել, կոչ են արել գործադիրին միանալ դատական համակարգը բարեփոխելու գործընթացին։ «Հիմա ի՞նչ, ասեին՝ մենք ճնշո՞ւմ ենք գործադրել գործադիրի վրա»,- հակադարձեց նա։ Հիշեցրինք, որ փաստաբանները չեն խոչընդոտել գործադիրի անդամների մուտքն իրենց աշխատասենյակներ։ «Ակցիան եղել է այնպիսին, ինչպիսին եղել է»։