Հրաժարականի պատճառը

Հրաժարականի պատճառը

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Այն մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումը պետք է դիտարկել այս լույսի ներքո։ Ինչու՞։ Որովհետև հատուկ ծառայության տնօրենները հենց այնպես հրաժարական չեն տալիս։ Նրանք ներկայացնում են կառավարության քաղաքականությունը։ Եթե հրաժարական են տալիս, ուրեմն կառավարությունը քաղաքականության այլ կուրս է ընդունել, որի հետ հատուկ ծառայությունը՝ ելնելով ազգային անվտանգության տեսանկյունից, համաձայն չէ։ Անհրաժեշտ է ընդամենը սպասել նոր նշանակմանը, որպեսզի Հայաստան աշխարհը պատկերացնի, թե որտեղից է փչում քամին։

Ինչ վերաբերվում է Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի ամենաշատ քննարկվող հատվածին, կարծում եմ դա զուտ կառավարության ղեկավարին տված  բնութագիր է, որը կարող է լինել գործոն, բայց ոչ պատճառ․

Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը:

Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։

Պատիվ ունեմ:

Վարչապետի գործունեությունը մեր աչքի առաջ է և կարելի է ասել, որ ԱԱԾ տնօրենի տված բնութագրման հետ դժվար է չհամաձայնվել։ Բայց, ցավոք,  հրաժարականի պատճառը ավելի լուրջ է, քան Վանեցյանի տված բնութագիրը։ Դա կառավարության քաղաքականության կտրուկ փոփոխություն է նշանակում։ Այդ ժամանակ ոչ միայն Վանեցյանը, այլ բոլորս միասին հնարավոր է նույնը պարտադրենք՝ «Կանգ ա՛ռ»։