Դա կոնկրետ ակումբին չի վերաբերում․ Լոռեցյանի հետ ձերբակալվել է «Լոկոմոտիվի» նախագահը

Դա կոնկրետ ակումբին չի վերաբերում․ Լոռեցյանի հետ ձերբակալվել է «Լոկոմոտիվի» նախագահը

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ  աղմկահարույց հայտարարություն տարածեց, ըստ որի՝ կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Արայիկ Հարությունյանի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Մենք տեղեկացանք, որ խոսքը գնում  է «Լոկոմոտիվ» ակումբի նախագահ Հրաչյա Քանանյանի մասին։ Թեպետ պաշտոնապես ոչ ԱԱԾ-ից, ոչ էլ ակումբից չեն հաստատում այս հանգամանքը։

«Լոկոմոտիվ» թիմի պետ Միքայել Սաֆարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այս պահին ոչինչ չի կարող ասել, քանի որ ինֆորմացիայի չի տիրապետում․ «Ոչ մի ինֆորմացիայի ներկա պահին ես չեմ տիրապետում,  ինչ ինֆորմացիա մենք ունենք, ձեռք ենք բերել կայքից եւ ներկա պահին ոչինչ չենք կարող ասել»։

Հարցին, թե ինչ գնահատական կարող է տալ, Սաֆարյանը պատասխանեց․ «Ոչ մի բան չեմ կարող ասել։ Երբ ինֆորմացիայի կտիրապետեմ, էդ ժամանակ խոստանում  եմ, որ կխոսեմ, կասեմ։ Եկեք սպասենք մի փոքր, անպայման կզրուցենք․․․Դա կոնկրետ ակումբին չի վերաբերում, ես զբաղվում եմ կոնկրետ ակումբի հացերով, քանի որ ես ակումբի աշխատող եմ»։

Ազգային անվտանգության ծառայությունից էլ տեղեկացրին, որ խափանման միջոց ընտրված չէ, քննիչի նման որոշում չկա։ 

Հ․Քանանյանը, Գ․Լոռեցյանը եւ վերջինիս վարորդը ձերբակալված են։