Նախագահը գիտնականներին հանդիմանեց, որ երկրում առկա է 25% աղքատություն եւ 12% գործազրկություն

ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը այսօր նախատեսված ժամից ուշ մեկնարկեց, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն ու անվտանգության աշխատակիցները դրսում ետուառաջ էին անում` անհամբեր սպասելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը կես ժամ սպասեցնել տվեց ակադեմիական հանրույթին, որը զարմացած աջ ու ձախ էր նայում`հասկանալու, թե ում են այդքան սպասում: Իսկ հրավիրվածների թվում, ինչպես նախօրեին գրել էր «Հրապարակը», նաեւ վարչապետի կինն էր, որի թիկնազորը մի քանի օր առաջ «դեսանտ» էր իջել ԳԱԱ-ում, տարածքն էին ուսումնասիրել, գրաքննել հյուրերի ցանկը, բայց կոնկրետ հաստատում տիկնոջ կողմից` այդպես էլ չէին ստացել` գալո՞ւ է, թե՞ ոչ: Ի վերջո, Ա. Հակոբյանը չեկավ: Ներկաներից մեկը կատակեց` գուցե նորաձեւ է միայն կրթությունը, ոչ թե գիտությունը:
Վահագն Խաչատուրյանի ժամանելուն պես ԳԱԱ ժողովը մեկնարկեց։ Զարմանալիորեն, ժողովին ներկա չէր անգամ ԿԳՄՍ նախարարը: Աշոտ Սաղյանը դա բացատրեց նրանով, որ այս օր կառավարության նիստ է, դրա համար շատ նախարարներ, այդ թվում` Ժ. Անդրեասյանը, բացակայում են:
Ու քանի որ ժողովից ուշացած Վ. Խաչատուրյանն էլի ինչ-որ տեղից էր ուշանում, Սաղյանն արագ անցավ ԳԱԱ 2024 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները ներկայացնելուն: Մասնավորապես, թե գիտական ինչ արդյունքներ են գրանցել ԳԱԱ կազմում գործող 32 ինստիտուտներն ու գիտաշխատողները, վերջին 2 տարում ինչքան հրապարակումներ են արվել միջազգային հանդեսներում, ինչքան է կազմել ԳԱԱ ֆինանսավորումը նախորդ տարի եւ այլն:
Ինչպես տեղեկացրեց ԳԱԱ նախագահը, անցած տարում 72 միջազգային եւ 63 հանրապետական գիտաժողով է կազմակերպվել, 6 նպատակային-ծրագրային, 38 բազային, 275 տնտեսական պայմանագրային եւ 369 թեմատիկ դրամաշնորհային (այդ թվում` 67 միջազգային թեմատիկ) ծրագիր: 161 մենագրություն ու ժողովածու, որից 37-ը՝ արտասահմանում, 33 ուսումնական ձեռնարկ եւ դասագիրք, 1637 հոդված գրախոսվող ամսագրերում, որից 802-ը` Scopus եւ Wos հանդեսներում, 465 հոդված՝ գիտաժողովների նյութերի ժողովածուներում (164-ը՝ արտասահմանում), 677 թեզիս (357-ը՝ արտասահմանում), ինչպես նաեւ՝ մեկ դոկտորական եւ 15 թեկնածուական ատենախոսություն:
Ա. Սաղյանը նշեց, որ միջազգային տեղեկատվական շտեմարաններում հրապարակված հոդվածների քանակը չի խթանի մեր տնտեսության զարգացմանը կամ ռազմարդյունաբերական համակարգի հզորացմանը, ուստի պետք է հզորացնել գիտության կիրառական ուղղվածությունը: Մեկ այլ խնդիր եւս, որը, ըստ Սաղյանի, շատ կարեւոր է, ձեռք բերված սարքավորումները շահագործվում են մասնակի, քանի որ մարդկային ու մասնագիտական ռեսուրսը բավականաչափ պատրաստված չէ, ուստի անհրաժեշտություն կա մասնագետների վերապատրաստման:
ԳԱԱ նախագահը, ինչպես անցած տարի, այս տարի եւս մատնանշեց ԳԱԱ ենթակառուցվածքների, ինստիտուտների անմխիթար շենքային ու կենցաղային պայմանները։ Ըստ նրա՝ մի շենքում տանիքն է կաթում, մյուսում ջրամատակարարման համակարգն է խափանվում: Հավանաբար, այսպիսի դիրքորոշումը, ըստ Սաղյանի, պայմանավորված է այդ ինստիտուտներն ակադեմիական քաղաք տեղափոխելու հետ, բայց մինչեւ դա, վնասներն անդառնալի հետեւանք կարող են թողնել ինստիտուտների վրա:
Հաջորդիվ ԳԱԱ նախագահն անդրադարձավ շրջանառության մեջ դրված եւ լրամշակված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծին ու դրանում Ակադեմիային առնչվող դրույթներին, որտեղ Ակադեմիան դիտարկվում է առանց իր համակարգի ներսում գործող գիտական կազմակերպությունների, մինչդեռ իրենց դիրքորոշումը հիմնված է գիտության դիվերսիֆիկացման եւ ապակենտրոնացման վրա` հիմք ընդունելով տարբեր պետությունների միջազգային փորձը:
Հիշեցնենք, որ, նոր օրենքի համաձայն, Ակադեմիային վերապահվում են միայն փորձագիտական գործառույթներ, քանի որ փոխվում է նաեւ Ակադեմիայի կարգավիճակը. Ակադեմիան դառնալու է հիմնադրամ, մինչդեռ ներկայում այն ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպություն է: Այս փոփոխությունն ինչ-որ չափով հարվածի տակ է դնելու նաեւ ԳԱԱ-ի անկախությունն ու ինքնավարությունը:
Իր ելույթի վերջում Ա. Սաղյանը նշեց, որ սա իր 4-րդ հաշվետու զեկույցն է, եւ ամեն տարի այն ավարտում է նույն խոսքերով. «Հուսով ենք, որ այս տարի օրենսդրական փոփոխություններ կլինեն, եւ կմեկնարկի Ակադեմիայի բարեփոխումների ծրագիրը», այս անգամ, սակայն, որոշել է ձեռնպահ մնալ իր ցանկությունը բարձրաձայնելուց:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթն ավելի երկար տեւեց, քան ԳԱԱ նախագահի զեկույցը: Նա խոսեց ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերներից: Միաժամանակ հորդորեց գիտնականներին՝ ավելի ակտիվ լինել թե՛ օրինագծի մշակման հարցում եւ թե՛ ընդհանրապես տարբեր նախաձեռնություններում, որպեսզի գիտության «տրենդներից» հետ չմնանք: Բայցեւ դժգոհեց, որ ռազմարդյունաբերության բնագավառում տարիներ շարունակ ունենք թերակատարում, մոտ 5-6 մլրդ-ի հատկացումներ են կատարվել բյուջեից, բայց դրա միայն 40-50 տոկոսն է իրացվել: Ընդհանրապես, գիտության ֆինանսավորումը, ըստ նրա, կախված է գիտնականներից ու գիտական նախաձեռնություններից, իսկ գումարի պակաս այս հարցում չկա եւ չի եղել:
Խաչատուրյանը հընթացս գիտությունից անցում կատարեց «Խաղաղության խաչմերուկին»՝ նշելով, որ մինչ օրս որեւէ հաշվարկ չկա դրա տնտեսական պոտենցիալի հետ կապված։ Հաջորդը Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցն էր, այստեղ էլ` տնտեսապես հաշվարկված չէ, թե ինչ է դա տալու մեզ:
Հատկանշական է, որ եթե Նիկոլ Փաշինյանը պարբերաբար նշում է, որ աղքատությունը մարդկանց ուղեղում է, եւ այդտեղից պետք է սկսենք աղքատության դեմն առնելը, ՀՀ նախագահն էլ գիտության թեմայից սահուն անցում կատարեց աղքատության թեմային՝ նշելով, որ երկրում ունենք 25 տոկոս աղքատություն, ապա ամոթանք տվեց, որ դա «հարիր չէ մեզ», ինչպես որ հարիր չէ 12 տոկոս գործազրկությունը, ու դա՝ այն դեպքում, երբ նման տնտեսական ակտիվություն կա երկրում: «Ինչ-որ մի բան էն չի»,- եզրակացրեց նա ու հորդորեց գիտնականներին՝ լուծումներ գտնել՝ հաղթահարելու գործազրկությունն ու աղքատությունը:
Վ. Խաչատուրյանը տարակուսեց նաեւ, թե մեր գիտական պոտենցիալը որքանով է արդյունավետ օգտագործվում, ինչպես որ այն «սուպեր կոմպյուտերները», որ այսօր ունենք, բայց թե ինչ արդյունավետությամբ են դրանք աշխատեցվում, եւս հարց է: Իր խոսքի վերջում նախագահը հորդորեց հայ գիտնականներին՝ հաշվի նստել նաեւ արհեստական բանականության ու նրա բերած մարտահրավերների հետ, ապա արագ հեռացավ, ինչպես որ եկել էր:
Ընդհանուր առմամբ, ի տարբերություն նախորդ տարիների, երբ ԳԱԱ տարեկան ժողովում մշտապես սուր ելույթներ ու քննադատություններ էին հնչում, բանավեճեր ծավալվում, այս տարվա ԳԱԱ ժողովն անցավ պասիվ մթնոլորտում: Գուցե նաեւ այն պատճառով, որ նոր օրենքով եւ ֆինանսավորման կրճատումներով պայմանավորված՝ ԳԱԱ համակարգն արդեն իսկ երերում է: Եվ գիտնականները որոշել են խախուտ նավն ավելի շատ չճոճել:
Կարծիքներ