Քոչարյանը խոստումը կատարեց, հաղորդումը կրկին կհեռարձակվի

Քոչարյանը խոստումը կատարեց, հաղորդումը կրկին կհեռարձակվի

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը շուտով եթերում կլինի։ Հիշեցնենք, որ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը դադարեցրել էր հաղորդման ֆինանսավորումը, և հաղորդման վարող Կարեն Քոչարյանը դրամահավաք էր հայտարարել, որպեսզի կարողանան շարունակել հաղորդումը։ Մեզ հետ զրույցում Քոչարյանն ասաց, որ գարնանային եթերաշրջանի նկարահանումների համար բավարար գումարներ հավաքվել են, եղել են նաև այլ աջակիցներ․

«Մենք արդեն նկարահանել ենք գարնանային եթերաշրջանը, շարունակում ենք դեռ դրամահավաքը, ես կարծում եմ՝ այն տարվա մեջ անընդհատ կշարունակվի, որովհետև մենք 4 եթերաշրջան պիտի նկարենք, մարտի 7-ից գարնանային եթերաշրջանը եթեր կհեռարձակվի, այն, ինչպես միշտ, 8 հաղորդումից է բաղկացած լինելու։ Նկարահանել ենք ոչ միայն հավաքված գումարով, կան նաև այլ աջակիցներ, որոնց անունները եթերից կհայտարարավեն, և կիմանաք»։

Հարցրինք, թե այս ընթացքում նախարարության հետ որևէ բանակցություններ եղե՞լ են՝ ֆինանսավորումը վերականգնելու վերաբերյալ:

«Ոչ, ի՞նչ բանակցություններ, այդ մարդիկ ասել են՝ ոչ, ես հո չե՞մ գնալու հետևներից ընկնեմ և ասեմ, որ պարտադիր պիտի տան։ Իրենք ասացին՝ ոչ, ես իմ գլխի ճարը տեսա։ Որպես պարզաբանում հետագայում՝ բավականին ուշ, իրենք նամակ ուղարկեցին, որ իրենց բյուջեով նախատեսված չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր եթերաշրջանի նկարահանումների համար անհրաժեշտ է 20 միլիոնից քիչ ավելի գումար․

«Ընդհանրապես, մի եթերաշրջանն արժե 5 մլն դրամ, որովհետև լիցենզիան արժեր 17 մլն, բայց 17 մլն էր, երբ պետությունն էր տալիս, որովհետև ավելացված արժեքի հարկից ազատված էր, հիմա փաստացի պետք էր հավաքել 17 մլն՝ գումարած ԱԱՀ, ընդհանուր ստացվում է 20 մլն-ից մի քիչ ավել` ողջ տարվա համար, տարին 4 եթերաշրջան, յուրաքանչյուրի համար՝ 5 մլն»։

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են ռուսական «Իգրա Թի Վի» ընկերությանը, որից և գնվել է հաղորդումը Հայաստանում հեռարձակելու լիցենզիան։ Քոչարյանին հարցրինք, թե ռուսական ընկերությունը փորձե՞լ է ընդառաջ գնալ՝ հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը դադարեցրել է հաղորդման ֆինանսավորումը։

«Այդ հարցով ես այժմ «Իգրա Թի Վի»-ի հետ բանակցությունների մեջ եմ։ Կարծում եմ՝ ինչ-որ բան կլինի»,- պատասխանեց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումն ինտելեկտուալ խաղ է, որին հաճախ մասնակցում էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և այլն։ Հաղորդման վարող Կարեն Քոչարյանը ԿԳՄՍ նախարարության կողմից ֆինանսավորումը դադարեցնելուց հետո խոստացել էր, որ այն անպայման կրկին եթեր կհեռարձակվի, ապա դիմել էր հաղորդման 200 հազար հետևորդներին՝ խնդրելով նրանց աջակցությունը։