Արցախում շրջել են բնակարաններով, հարցեր տվել

Արցախում շրջել են բնակարաններով, հարցեր տվել

2020-ի ապրիլին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Ընտրություններից հետո Արցախում ամբողջությամբ ուժի մեջ կմտնի նոր սահմանադրությունը, որն ընդունվել է 2017-ի փետրվարին։  

Մենք տեղեկացանք, որ կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ Արցախում մի խումբ անձինք մտնում են մարդկանց բնակարաններ, ներկայանում որպես ««Մոզաիկա» սոցիոլոգիական հարցումներ իրականացնող կազմակերպության ներկայացուցիչներ» և հարցեր տալիս մարդկանց  Արցախի ներքին խնդիրների, պատերազմի հավանականության, նախագահական ընտրությունների ընթացքի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Մենք փորձեցինք պարզել, թե ի՞նչ կազմակերպություն է «Մոզաիկա»-ն։
«Հրապարակի» հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, որի գլխավորած կազմակերպությունը վերջին շրջանում ՀՀ-ում և Արցախում ընտրությունների ժամանակ դիտորդական գործունեությամբ է զբաղվում, ասաց, որ տեղյակ է այդ կազմակերպության մասին, սակայն նշեց, որ իրենց հետ որևէ առնչություն չունի։

«Մեզ հետ առնչություն չունի, բայց իրենց գործունեությունը ողջունում եմ։ Ճիշտ կլինի հենց իրենցից հարցնեք, ճիշտն ասած կոնտակտային տվյալներ չունեմ, թե չէ կտրամադրեի»,-ասաց   Իոաննիսյանը։

Հարցին, թե վերոնշյալ կազմակերպությունը Արցախում է գրանցված, թե հայաստանյան կազմակերպություն է, Իոաննիսյանը պատասխանեց, որ մանրամասներին չի տիրապետում։

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն ընդհանրապես տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը։

«Դե հիմա մի քիչ մոդայիկ է դարձել, տարբեր կազմակերպություններ այսպես հարցումներ են անում, բայց չգիտեմ։ Տարբեր քաղաքական ուժեր անգամ իրենց հարցումներն են անում։ Հատկապես նախընտրական շրջանում տարածված բան է»,-ասաց  Բաբայանը։