Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի կրոնական առաջնորդին ու պարգեւատրել

Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի կրոնական առաջնորդին ու պարգեւատրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է ուղարկել Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, Ադրբեջանի կրոնական առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեին ծննդյան 70-ամյակի առիթով։ Նախագահ Պուտինի նամակը, ըստ «Սպուտնիկ» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցման, ընթերցվել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովի կողմից՝ Կրոնական առաջնորդների Բաքվի երկրորդ գագաթնաժողովի ժամանակ։

«Բազմամյա խիզախ ծառայությամբ, որն ուղղված է Կովկասում խաղաղության եւ համաձայնության ամրապնդմանը, դուք մեծ ու անուրանալի հեղինակություն եք վաստակել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում ձեր նշանակալի ներդրումը Ռուսաստանի մուսուլմանների կենտրոնական կազմակերպության եւ Ռուս Ուղղափառ եկեղեցու հետ հարաբերությունների կայացման հարցում, ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման գործում, որոնք հիմնված են բարեկամության հին ավանդույթների, բարիդրացիության եւ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա»,- ասված է Կրեմլի ղեկավարի նամակում։ Պուտինը նաեւ պարգեւատրել է շեյխ ուլ իսլամ Փաշազադեին առաքինի գործերում աչքի ընկնելու մեդալով։