Արժանիների՞, թե՞ անարժանների իշխանությունը
«Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»,- ընդգծում է հայտնի թեւավոր խոսքը, որի հեղինակային իրավունքի համար կարող են պայքարել շատերը. թե՛ քրիստոնեական պատումները, թե՛ հին հույն փիլիսոփա Սոկրատեսը, թե՛ 18-րդ դարի Սարդինյան թագավորության հպատակ, դիվանագետ եւ փիլիսոփա Ժոզեֆ դը Մեստրը եւ թե՛ ֆրանսիացի փիլիսոփա Շարլ Մոնտեսքյոն: Մեծ հաշվով, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի թեւավոր այդ մտքի համահեղինակության հայտ կարող էր ներկայացնել, եթե սեփական սխալներից եւ տառապանքներից կարված սեւ-սպիտակ, թավշյա թիկնոցի տակ չքողարկեր սեփական համեստությունը, իրականում՝ մեծ շփոթությունը:
Սա՝ մինչեւ 2019թ. հուլիսի 8-ը, եւ երբ սինգապուրյան հեռվից, բջջային ինքնանկարների (սելֆիների) ընդմիջմանը՝ բարձրաշխարհիկ ճաշկերույթի ընթացքում, ՀՀ գործող (կամ՝ չգործող) վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շրջապատված սիրալիր լրատվամիջոցներով, ի լուր հայության ազդարարեց. «Մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյուները, այսօր դարձել են նաեւ Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները»։ Ահա այդ հայտարարության պահից երջանկությունը, ոսկե անձրեւի պես, տեղաց բազմաչարչար հայ ժողովրդի գլխին:
Թերուսների համար նշենք, որ «մերիտոկրատիա» բառացի նշանակում է «արժանիների իշխանություն»՝ արժանավարություն, երբ կառավարիչներն ընտրվում են ըստ արժանիքների եւ ունակությունների։
Նիկոլը ճիշտ էր, մենք՝ շփոթահար, երբ կասկածում ենք, որ Հայաստանում իշխանության բնույթն իրականում չի փոխվել: Նիկոլը ճիշտ է, մենք՝ մոլորյալ, երբ մտածում ենք, որ մենք նորից հայտնվել ենք մեզ անարժան իշխանության թակարդում: Նիկոլը երիցս ճիշտ է, որ մեզ արժանիներն են կառավարում: Այդ ճշմարտացիության մեջ համոզվելու համար պետք է դեմքով շրջվել երիտասարդ խորհրդարանի կողմը եւ խոր ակնածանք տածել այն 88 (եւ ավելի) արժանիների հանդեպ, որոնք իսկական քաղաքական ինտելեկտուալների խորհրդարան են ձեւավորել: Օրինակ, անվանական առաջին բաճկոնը հագած 26-ամյա Հայկ Սարգսյանը, որը արդարության համար անխոնջ պայքար է մղում հայաստանյան մամուլի դեմ այն պատճառով, որ զվարճասեր աղջիկների հետ իր «ճանաչողական այցը» նախագահական նստավայր ներկայացվել է որպես զվարճանք:
Արժանիների իշխանությունը՝ արժանավարությունը, ընդգծվում է նաեւ իշխանության մյուս՝ գործադիր թեւում՝ քաղաքապետարանից մինչեւ կառավարություն: Կադրային այս քաղաքականությունը՝ արժանիների եւ բանիմացների այս արդյունավետ կառավարումը, վկայում է, որ Նիկոլը միշտ ճիշտ է դուրս գալիս:
Հատկապես, երբ սինգապուրյան ճաշկերույթի ընթացքում ընդգծում է, որ Նոր Հայաստանի կառավարման հենասյուներից մեկը պրագմատիզմն է: Այդ պրագմատիզմով զինված եւ պրագմատիկ թիմով շրջապատված նա իշխանության եկավ Հայաստանում: Թեպետ մենք միամտաբար կարծում էինք, թե նրանք երիտասարդ իդեալիստներ են: Մինչդեռ պրագմատիկների այդ թիմը հաջողությամբ թրատում էր ոչ միայն երդվյալ իդեալիստներին, այլեւ իրենցից ոչ պակաս հաջողակ պրագմատիկներին:
Պրագմատիզմի՝ օգտապաշտության թեւերին բազմած Նիկոլը խորհրդարան մտավ նախ Հայ Ազգային Կոնգրեսի, ապա՝ «Ելքի» կազմում: Այդ պրագմատիզմով առաջնորդվելով՝ նա փոխեց իր քաղաքական ուղղությունը՝ ԵՄ-ից՝ ԵՏՄ, Իրանից՝ Ռուսաստան: Բացառապես խոր պրագմատիզմով պայմանավորված՝ նա 2015թ. հրաժարվեց Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրային մերժմանը մասնակցելուց: Փաշինյանի պրագմատիզմի հաջողության առեղծվածն այնքան անվերծանելի է, որ հանրության մի մասն այդպես էլ չի հասկանում, թե այդ ի՞նչ եւ ինչպե՞ս են պայմանավորվել Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, որ մի կողմից՝ պայմանավորվածությունները մշտապես խախտող Փաշինյանը չի խախտում Սարգսյանի հետ պայմանավորվածությունը, իսկ մյուս կողմից՝ իշխանությունը երկու անգամ բռնազավթած Սերժ Սարգսյանն այժմ ազատորեն ճամփորդում է Եվրոպայում, մինչդեռ նրա նախորդը բանտում է:
Պրագմատիզմն իրականում դրվել է ոչ թե պետական կառավարման, այլ Նիկոլի իշխանության պահպանման հիմքում, երբ պրագմատիկների այդ թիմը՝ Փաշինյանի հրահանգով, հին Սահմանադրությունը դարձրել է Նոր Հայաստանի դրոշը այն պրագմատիկ պատճառով, որ Սերժ Սարգսյանի համար կարված եւ կեղծված Սահմանադրությամբ գերիրավազոր Փաշինյանը կարող է կառավարել առնվազն այնքան, որքան իր անմիջական նախորդները, թեպետ «ժողովրդի թեկնածուն», ի տարբերություն նրանց, կարող է կառավարել ոչ թե մեկ, այլ երեք տասնամյակ:
Մերիտոկրատիայի, պրագմատիզմի զմրուխտե զարդատուփերի կողքին դրված նոր իշխանությունների երրորդ՝ ազնվության ադամանդափայլ զարդատուփը լեցուն է թանկարժեք եւ մեծաթիվ պետական գործուղումների, թանկարժեք ծառայողական մեքենաների, բարձր պարգեւավճարների, անարդյունավետ ծախսերի, պետական բյուջեի շարունակական մսխման ճաճանչափայլ սուտակներով:
Իրականում մսխում են ոչ թե պետական բյուջեն, այլ հասարակության վստահությունը, հեղափոխության հաղթանակը եւ, ի վերջո եւ նախեւառաջ՝ հայոց անկախ պետականությունը: Իշխանության բնույթը Հայաստանում չի փոխվել. այն շարունակում է մնալ, ընկալվել եւ իրացվել որպես արտոնությունների, հարստացման եւ վայելքի աղբյուր:
Կա՛մ մենք իշխանության ենք բերել մեզ արժանի իշխանության, կա՛մ մեզ անարժաններն են ղեկավարում:
Կարծիքներ