ԲՀԿ-ն այս փուլում դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը

ԲՀԿ-ն այս փուլում դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը

Հերքելով մամուլի հրապարակումները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, որ 17 ուժերի ներսում որեւէ տարաձայնություն գոյություն չունի․«17 ուժերը հստակ իրենց հայտարարություններով հանդես են եկել այս տարվա սկզբին, որ սկսվում են մարզային այցելություններ, որից հետո հետագա անելիքների մասին կրկին կհրապարակվի»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։

Թե ինչու  խմբակցությունը երեկ մասնակցեց կառավարության հետ հարցուպատասխանին, երբ կապիտուլացիայի փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարում էր, թե Փաշինյանի հետ միան իր հրաժարականի հարցը կարող են քննարկել, պատգամավորն ասաց․ «Մենք խորհրդարանական երկրորդ խմբակցությունն ենք։ Եվ բնական է, որ նաեւ որպես խորհրդարանական ուժ՝ ԲՀԿ-ն իր գործունեությունը ծավալելու է խորհրդարանում և օգտագործելու է խորհրդարանական բոլոր գործիքակազմերը, որպեսզի հասնենք այն նպատակին եւ այն պահանջին, որը մենք հնչեցրել ենք։ Իսկ այդ նպատակը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է անցնցում հրաժարական տա և հեռանա, որից հետո պետք է հնարավորություն տրվի ՀՀ-ին կայունացնել իրավիճակը և փորձել շտկել մեր կոտրված մեջքը»։

Շաքե Իսայանի խոսքով՝ անընդունելի է, երբ լրատվամիջոցները փորձում են սև կատուներ փնտրել։ «Եթե ԲՀԿ-ում օրակարգի որևէ փոփոխություն  լինի, մենք կաշկանդվածություն չունենք, շատ հստակ այդ մասին կիրազեկենք։ Մենք այս պահին էլ հստակ ասում ենք՝ որևէ պառակտում 17 ուժերի ներսում չկա։ Այն օրակարգը, որը հնչել է համատեղ, մենք բոլորս միասնական գնում ենք՝ հասնելու վերջնակետին»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը Վազգեն Մանուկյանի վերաբերյալ․«Այո, մեր կուսակցության դիրքորոշումը հետևյալն է՝ ՀՀ  քաղաքացիների հասցեին որևէ հանգամանքում չի կարելի որևէ վիրավորական արտահայտություն հնչեցնել»։

Խոսելով արտահերթ ընտրությունների մասին, Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ  խմբակցությունն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը:

«Երկրում ստեղծվել է անկայուն իրավիճակ, երբ, եթե այս կառավարությունը մնում է, ապա անկայունությունն ավելի է խորանում: Պետք է հստակ փոփոխություն լինի՝ վարչապետը հրաժարական է տալիս, եթե խորհրդարանը չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն ինքնալուծարվում է, կազմակերպվում են արտահերթ ընտրություններ: Մենք կարծում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրություն կատարելը հղի է անկայունության խորացմամբ: Մենք ասում ենք՝ տուր հրաժարական առանց նախապայմանների: Եթե դու ունես քաղաքական մեծամասնություն, ուրեմն վստահ պետք է լինես, որ նոր վարչապետ չի ընտրվելու, եթե այդ վստահությունը չունես, դա այլ խնդիր է»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավորը նշեց, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը պետք է նոր վարչապետ ընտրելու հնարավորություն ունենա, որը որոշ ժամանակ կկարգավորի երկրում իրավիճակը, դրանից հետո արդեն կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ: