Իշխանության տունը կռիվ է ընկել

Իշխանության տունը կռիվ է ընկել

Իշխանության ներսում արշալույսները խաղաղ չեն։ Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Վիեննայից անսպասելի գրառում կատարեց Ֆեյսբուքի իր էջում՝ մեղադրելով թիմակից պատգամավորներին իր բարեփոխումներին դեմ լինելու հարցում։ Գործուղման մեջ գտնվող նախարարն ինչ-որ մեկի զանգն էր ստացել, որն էլ գրառման առիթ էր դարձել։ «Քիչ առաջ ստացա մի զանգ, որը ստիպեց ինձ գրառում կատարել այստեղ։ Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։

Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ» է, գլխուղեղի իշեմիկ կաթվածի ծրագիրը չպետք է ներդրվեր, քանի որ որոշ բուժհիմնարկներ զարգացած չեն այնքան, որ կարողանան դա իրականացնել, սանիտարական ավիացիան չպետք է գործի Հայաստանում, քանի որ իրենք ոչ մի գրամ ներդրում չեն ունեցել դրա կայացման մեջ եւ այլն։ Անկեղծ ասած՝ օգնություն չեմ էլ ակնկալում նրանցից, բայցեւ թույլ չեմ տա որեւէ արհեստական խոչընդոտ այդ կարեւոր ծրագրերի իրականացման ընթացքում ու չեմ վարանի իրերը կոչել իրենց անուններով, ինչպես միշտ»,- գրել է նախարարը։ 

Թե որ պատգամավորներն են այդ չուզողները, նախարարը չարձագանքեց Ֆեյսբուքով իրեն ուղղված մեր հարցերին։ Բայց նախարարի գրառումը լայն արձագանք ստացավ համացանցում, օգտատերերը գուշակություններ էին անում, թե որ պատգամավորներն են գրառման հասցեատերը, հնչեցին անուններ, որոնց առաջնագծում է «Իմ քայլի» պատգամավոր, առողջապահության հանձնաժողովի նախագահ, երկարամյա փորձ ունեցող բժիշկ Նարեկ Զեյնալյանը։ Մինչդեռ Թորոսյանի գրառումն իմքայլականներին անակնկալի է բերել, եւ այն ընկալվել է որպես «լավագույն պաշտպանությունը հարձակումն է»։ Բանն այն է, որ, որոշ տեղեկություններով, թիմում որոշել են, այսպես կոչված, ներքին «աուդիտի» ենթարկել նախարարի թմբկահարած ծրագրերը եւ հասկացել են, որ դրանցից ոմանց տակ «ջուր» է։

Նախարարի «սխալները բռնելու» դերում, բնականաբար, մեծ է իր գործընկեր բժիշկ-պատգամավոր Նարեկ Զեյնալյանի դերակատարումը, որը, ըստ տեղեկությունների, բոլոր քննարկումների ժամանակ «սխալ է հանել» նախարարին՝ հակադրվել նրան։ Օրինակ, ասում են, որ մինչ նախարարը  հերթական շոուն էր անում եւ գովազդում այն ուղղաթիռը, որով պետք է ծանր հիվանդներին մարզերից տեղափոխեն Երեւան, գործընկերները պարզել են, որ այն տուրիստական ուղղաթիռ է եւ չունի բժշկական համապատասխան հանդերձանք։ Նարեկ Զեյնալյանի առաջին հրապարակային դիտողությունը հակածխախոտային պայքարի թեմայով էր, որն Արսեն Թորոսյանի եւ վարչապետ Փաշինյանի միջեւ բուռն վեճի վերածվեց կառավարության վերջին նիստի ժամանակ։ Մասնավորապես, Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ այս հարցի շուրջ կարծիքներն այնքան հեռացան միմյանցից, որ Փաշինյանը վրդովված հայտարարեց․ «Իրեն չի հետաքրքրում բյուջեի մուտքը, հետաքրքրում է՝ էնքան թանկ լինի, որ ոչ ոք չծխի»:

Բանավեճից հետո ԱԺ առողջապահության հանձնաժողովի ղեկավար Զեյնալյանը Ֆեյսբուքում գրեց․ «Լիովին կողմ եմ հակածխախոտային պայքարին, գաղափարական մասով աջակցությունս եմ հայտնում, բայց մոտեցումների մասով ունեմ վերապահումներ եւ մտահոգություններ», եւ առաջարկեց հարցը լուծել բազմակողմանի․ «Եթե ենթադրենք, որ ծխախոտի ակցիզային հարկը բարձրացնելով կնվազի այդ արտադրատեսակի վաճառքը, բայցեւ միաժամանակ բարձր ակցիզային հարկի շնորհիվ կավելանան բյուջետային մուտքերը, ապա առաջին հայացքից վերլուծությունը միանգամայն տեղին է: Բայց վերլուծության մեջ ներառված է միայն մեկ կոմպոնենտ: Եթե հարցին մոտենում ենք համակողմանի եւ հաշվի ենք առնում, որ ՀՀ-ում կա երկու ծխախոտ արտադրող, ապա անհրաժեշտություն է առաջանում նաեւ վերլուծել, թե արտադրատեսակի վաճառքի նվազեցման արդյունքում արտադրողները քանի աշխատատեղ ստիպված կլինեն կրճատել, որքան եկամտային հարկ չի վճարվի, որքան շահութահարկ չի վճարվի, քանի գյուղացի, որ արտադրողի պատվերով ծխախոտ էր աճեցնում, կհամալրի գործազուրկների շարքը եւ կավելացնի պետության սոցիալական բեռը»: 

Պատգամավոր Նարեկ Զեյնալյանի համար երեկ ընթերցեցինք նախարարի գրառումը (նա չէր հասցրել կարդալ)։ Լսելուց հետո արձագանքեց․ «Հետաքրքիր գրառում է»։ Ապա ասաց, որ չի ճանաչում խմբակցությունում գեթ մեկ պատգամավորի, որը դեմ է համակարգում բարեփոխումներին, ուստի նախարարը ճիշտ կանի, եթե անուններով խոսի։ Զեյնալյանը չհերքեց, որ խմբակցությունում գուցե կան մարդիկ, որոնք գաղափարական աջակցություն են հայտնում բարեփոխումներին, սակայն դրանց իրականացման մեխանիզմների հարցում տարաձայնություններ ունեն, բայց դա, ըստ նրա, չպետք է նախարարին նման գրառում անելու առիթ տար․ «Եթե մեկն ինչ-որ բան անում է այլ կարծիքներին հակառակ, դա չի նշանակում, որ ինքն այլ նպատակ ունի, այլ ենթատեքստ, միգուցե իր տեսակետը կարող է չհամընկնել այլ մարդկանց կարծիքների, մոտեցումների հետ։

Ընդամենը մոտեցումների հարց է։ Որեւիցե մեկը գաղափարական մասով դեմ չէ իր ծրագրերին։ Չգիտեմ ինչ է նկատի ունեցել նախարարը, թող հնչեցնի անուններ, փաստեր, մենակ ստատուս գրելով չէ, թող հնչեցնի՝ ում է նկատի ունեցել»։ Թիմում քննարկումներ եղել են ու միշտ են լինելու, Զեյնալյանի խոսքով՝ այդ քննարկումներից է բխում ծրագրերի ճիշտ ուղղությամբ  իրականացումը, բայց, իր կարծիքով, դեռ չի նշանակում կոնֆլիկտ։ Հարցրինք՝ իր կարծիքով, ճի՞շտ ուղով են տարվում այն բարեփոխումները, որոնց մասին նախարարը հիշատակել է ստատուսում․ «Գաղափարական առումով՝ այո, բայց մոտեցումների առումով տարբերություններ ունենք, որովհետեւ յուրաքանչյուրը տարբեր կերպ է պատկերացնում այս կամ այն ծրագրի զարգացումը»։ 
Նախարարին «խանգարողների» խմբում հիշատակվում էր նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի նախկին խմբագիր, «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանի անունը։

Մի քանի օր առաջ հենց նրա օրաթերթն էր հրապարակում արել այն մասին, որ նախարարին բժիշկները բնորոշում են որպես «գործ տվողի», որը զբաղված է նախկինում եւ այսօր իր ղեկավարած համակարգի չարաշահումների մասին համապատասխան մարմիններին գրություններ ուղարկելով, ինչպես եղավ «Զորաշենի» դեպքում։ Սակայն Թագուհի Թովմասյանը մեզ հայտնեց, որ երբ նախարարն անվանական կհնչեցնի իր անունը, այն ժամանակ էլ ինքը կխոսի․ «Ինձ, ամեն դեպքում, հայտնի չեն մեր խմբակցությունում նման մարդիկ, որոնք դեմ են փոփոխություններին»։