«Մեծամեծ մարդիկ կողքի են կանգնած, ասպարեզը համբակներին են թողած»․ Վարդան Ղուկասյան

«Մեծամեծ մարդիկ կողքի են կանգնած, ասպարեզը համբակներին են թողած»․ Վարդան Ղուկասյան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գոհ չէ երեկ Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, իսկ դժգոհության պատճառներից առաջինը քաղաքացիների նվազ մասնակցությունն է։ Հիշեցնենք, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվեց «Բալասանյան» դաշինքին։ Գյումրեցիների քվեարկության արդյունքներով՝ «Հայրաքաղաք» դաշինքը ստացել է 1172 ձայն, «Արժանապատի ուղի» կուսակցությունը՝ 388, Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 1343, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7786, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 2793, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 260, «Գյումրին կռնա» դաշինքը՝ 904, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ 9637, «Թասիբով» դաշինքը՝ 586, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1486:

- Պարոն Ղուկասյան, երեկ Ձեր հայրենի Գյումրի համայնքում ընտրություններ էին, գո՞հ եք արդյունքներից։

- Քաղաքո՞ւմ, թե՞ համայնքում, քաղաքն ուրիշ է, համայնքն ուրիշ է։ Ես էն ժամանակ քաղաքով հանձնեցի, հիմա համայնք սարքեցին։ Իսկ ո՞վ է գոհ, ժողովուրդը 10 տոկոս մասնակցություն է ունեցել, Դուք գո՞հ եք։

- Մասնակցությունից՝ ոչ։

- Իմ ընտրությունների ժամանակ 60 հազարից ավել մարդ է մասնակցել, որից 37 հազար ձայնը ես եմ ստացել, այսինքն՝ հիմա 25 հազար մարդ է մասնակցել։ Դե հիմա պատկերացրու իմ ռեյտինգն ու էս ամբողջ ամեն ինչը, որ սարքում եք էս մեր երկրի գլխին։ Մի հատ հասկանանք՝ ինչո՞ւ են էսպես անում, Էն մարդիկ, որոնց հետևից ժողովուրդն ուզում է գնալ, էդ մարդկանց ճանապարհն ինչո՞ւ են փակում։

- Ձեր ճանապարհը ՔՊ-ն է փակել, թե՞ ուրիշ մարդիկ։

- ՔՊ-ն ի՞նչ է ախր: ՔՊ, հա ՔՊ:, ՔՊ-ն էլ ըշտը սարքած է էլի, նախկինների սարքած կառույցն է։

- Բայց Դուք էլ եք նախկինների ժամանակ քաղաքապետ դարձել։

- Ուրեմն լսի, ասեմ քեզ․ ես ընդհանրապես, որ մասնակցել եմ ընտրություններին 1996 թվականից, ես ոչ մեկի թևի տակ քաղաքապետ չեմ դարձել, ոչ մի կուսակցության։ Ոչ մի կուսակցական լիդեր, ոչ մի ղեկավարություն ինձ չի պաշտպանել, որ ես դարձել եմ քաղաքապետ։ Ինձ պաշտպանել են ժողովուրդն ու Աստված, հասկանալի՞ է։ Այսինքն՝ ես ինչ-որ մեկով չեմ առաջադրել իմ թեկնածությունը հոպարներ, քեռիներ չեմ ունեցել, կուսակցության վրա էլ հույս չեմ դրել։ Իսկական եղել է էն թափանցիկ ընտրությունները, որ մարդը կարող է գա, ամբողջ պետական կառույցներին հաղթի, կուսակցություններին հաղթի, դա եղել է Ղուկասյան Վարդանը Գյումրի քաղաքում։ Հետո այս 150 հազարանոց քաղաքում, որ էդ օրենքը ընդունեցիք, որ մարդը կուսակցություններով կարող է դառնալ քաղաքապետ, էդ տեղն էլ մունդռեցին նախկինները։ Իմ պատգամավոր եղած ժամանակ 7 անգամ ձայն եմ բարձրացրել, է՜հ, ո՞վ էր բանի տեղ դնողը, իրենց պետք էր այսպես, որ կառավարելի լինի։ Հիմա էս քաղաքապետերը պիտի ծառայեն ավագանուն, ավագանին կուսակցություններին, կուսակցությունների ստեղծողներն էլ մի քանիսն են այս երկրում, էնպես որ ազատ կուսակցություն չկա։ Ինչըխ օր ձեր մամուլներն են ստեղծվել, նույնն էլ կուսակցությունները։

- Հիմա «Բալասանյան» դաշինքն է մեծամասնություն հավաքել, Ձեզ համար ո՞ր քաղաքական ուժն էր նախընտրելի եղածներից։

- Ինձ համար սովորական բան է։ Ես ընդհանրապես չեմ առնչվում, այս պահին ես խաչ եմ քաշել։ Կաշխատեն, կտեսնենք էլի, ամեն մեկն էլ ինչ-որ մեկով էլի․․․, բոլորն էլ տերեր ունեն, գնում են առաջ։ Տերերն էլ, գիտեք, ով են էս երկրում, թե քանի հոգի պետք է լինեն դրանց տերերը՝ թե՛ «Բալասանյան» դաշինքի, թե՛ ՔՊ-ի, թե՛ ՀՀԿ-ի, թե մյուսի- մյուսի։

- Հիմա եթե Ընտրական օրենսգիրքը չփոխեին, կմասնակցեի՞ք։

- Ուրեմն, էդ Ընտրական օրենսգիրքը խայտառակություն է, ուրեմն երբ որ ավագանիները ամեն ամիս 300 հազարից 500 հազար դրամ փող են վերցրել, որ քաղաքապետի որոշումները կայացնեն․․․, այսինքն՝ քաղաքապետին ստրուկ են սարքում ավագանիների դեմը, իսկ մեր ժամանակ քաղաքապետը ծառայել է իր ժողովրդին, որովհետև ժողովուրդն է ընտրել քաղաքապետին, ոչ թե ավագանին։ է Հըմի «Յանդեքս- մանդեքսի շոֆեռ- մոֆեռները» ընկել են առաջ, ասենք՝ ամոթ էլ է, անձամբ ես վատ էլ եմ զգում էս քաղաքական թոհուբուհերից։ Եթե յուրաքանչյուր մարդ, որ իրեն սիրում է, պիտի մի քիչ հեռու մնա։

- «Յանդեքսի շոֆեռները» ավագանու անդա՞մ են դարձել։

- Է՜հ, որ մենակ «Յանդեքսի շոֆեռներով» լինի, մեծ բան է։ Ասենք՝ մարդկանց չեն ճանաչում, չգիտեն՝ ո՞վ են, ի՞նչ են, ես, օրինակ, էս քաղաքի ամեն 2-րդ, 3-րդին գիտեմ՝ ով է, բայց չեմ էլ ճանաչում, թե էդտեղ ո՞վ կան, ինչ կան։ Էդպես, Աստված իրենց հետ, լավ լինեն։

- Բա ի՞նչն էր Ձեզ խանգարում, որ Դուք էլ կուսակցության ցուցակով առաջադրվեիք։

- Ուրեմն ինձ գիտե՞ս ինչն է խանգարում, ինձ խանգարում է այն, որ ես չեմ ուզում կուսակցական դառնամ, բայց ստիպված պիտի մտնես էս կուսակցություն, էն կուսակցություն, անունդ վարկաբեկես, խայտառակես, ասեն՝ էստեղից թռավ էնտեղ, էնտեղից թռավ էստեղ։ Էնպես են անում, որ էս երկրում մաքուր մարդ չմնա, ամեն մեկին մի ձևի խայտառակեն։ Իրենք խայտառակված են, էսպես մարդկանց էլ ուզում են խայտառակեն։ Հետո ես իմ սուրս փառքով դրել եմ պատյան։ Ես եկա էն ժամանակ, երբ քաղաքը սարսափելի վիճակի մեջ էր, 5 անգամ հաղթել եմ, 2 անգամ պատգամավոր եմ դարձել, սարքել ենք քաղաքը կյանքի գնով, ու հիմա էլ կողքից նայում եմ, բայց, ցավոք սրտի, չկա էլի, որ ասես՝ էս մարդը գալու է, մատից փուշ հանի։ Ջիվանին գիտե՞ս՝ ինչ է ասում․ «Մեծամեծ մարդիկ կողքի են կանգնած, ասպարեզը համբակներին են թողած»։ Էսօր ամբողջ էս քաղաքական դաշտը էդ եմ տեսնում, ուրիշ ոչ մի բան։ Աստված բոլորի հետ, լավ լինեն, կարողանան ժողովրդին ինչ-որ մի բանով օգնեն։

- Պարոն Ղուկասյան, բայց ասում են, որ Դուք այս ընտրություններին ՔՊ-ին եք աջակցել՝ չնայած, որ Ձեր հորեղբոր որդին՝ Արտյոմ Ղուկասյանը գլխավորում էր ՀՀԿ ցուցակը։

- Միայն պոռնիկները կարող են նման բան ասել։