ԲԴԽ կազմը պետք է հնարավորինս արագ համալրվի․ Վլադիմիր Վարդանյան

ԲԴԽ կազմը պետք է հնարավորինս արագ համալրվի․ Վլադիմիր Վարդանյան

Միանշանակ է, որ Բարձրագույն դատական խորհուրդը, որի կազմում այսօր 4 անդամ է մնացել, պետք է հնարավորինս արագ համալրվի։ «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե մտահոգիչ չէ՞, որ արդեն այսօր ԲԴԽ-ն երկու երրորդ չունի՝ դատավորների կարգապահական տույժերով կամ քրեական գործերով պատասխանատվության ենթարկելու համար։
«Այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են, գիտեք, «Իմ քայլը» խմբակցությունն արդեն առաջադրել է պարոն Բեքմեզյանին, և մեր պարտավորությունն է հնարավորինս արագ համալրել։ Մենք պետք է այնպես անենք, որպեսզի Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը չխաթարվի»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Նա նշեց, որ դժվար է ասել՝ մե՞կ, թե՞ մի քանի նախագծերով մշակելու են գործիքակազմ, որ հնարավորություն է տալու շատ արագ անդրադառնալ դատավորներին։

«Մենք իրականում ունենք մեր օրենսդրության մեջ գործիքակազմ՝ ստուգելու դատավորների գույքային դրությունը, ուղղակի հաշվի առնելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  ձևավորման հետ կապված որոշակի խնդիրները, հաշվի առնելով այդ՝ իրավական կապի բացակայությունը ԲԴԽ-ի և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև․ անհրաժեշտություն է առաջանում այդ գործիքակազմը պարզապես կյանքի կոչել՝ լրամշակելով, համալրելով այն անհրաժեշտ ատրիբուտներով և շատ արագ պարզել, թե ինչ իրավիճակ է տիրում դատական համակարգում»,- ավելացրեց Վլադիմիր Վարդանյանը։ Նա հավելում է, թե սա ինքնանպատակ գործընթաց չպետք է լինի, ամբողջ նպատակն է լինելու բարձրացնել վստահությունը դատական իշխանության նկատմամբ։ Եվ բացառել կոռուպցիան դատական համակարգում։

«Այսինքն՝ ոչ թե խոսքն այս կամ այն դատավորի, կոպիտ ասած, հետևից ընկնելու մասին է, այլ հետևյալին․ ա) ցույց տալ հասարակությանը, որ դատական համակարգում առկա է առողջացման գործընթաց, բ) և այդ առողջացման հետևանքով բարձրանալու է վստահությունը ողջ դատական համակարգի նկատմամբ»։

Վլադիմիր Վարդանյանը նկատեց, որ դատական համակարգից դուրս կմղվեն բոլոր այն անձինք, ովքեր խախտել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, չեն ապահովել այդ կարևոր նախապայմանը։

Անդրադառնալով դատավորների գույքային դրությունը ֆիքսող հայտարարագրերին՝ նա նշեց, որ, այո, հստակեցումներ պետք է լինեն։

Իսկ մտավախության մասով, թե 2011-ից են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովում հայտարարագրվում պաշտոնյաների եկամուտները, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն ասաց, որ դրանք նախկինում էլ ներկայացվել են հարկային մարմիններին։

Այսինքն՝ ակնարկ, որ այդ թղթերը պահանջվելու են։