Հերթական հիասթափությունը

Հերթական հիասթափությունը

Ինչո՞ւ է նախընտրական շրջանը մեզանում բացառապես բացասական էմոցիաներ առաջացնում։ Որովհետեւ մենք այդ փուլերի հետ կապված միայն տհաճ հիշողություններ ունենք։ 90-ականներին դրանք ծեծուջարդի, լցոնումների, լույսեր հանգցնելու՝ արկղեր գողանալու, «կարուսելների» ու կրկնակի քվեարկությունների հետ էին ասոցացվում։ Ավելի ուշ շրջանում՝ թաղային հեղինակությունների, ձայն բերող ընտրակեղծարարների ջոկատների, վաղօրոք կազմվող ցուցակների, անձնագրեր հավաքելու, բնակության վայրերից մարդկանց դուրս գրելու եւ այլ տարածքներում գրանցվելու հետ։ Իսկ 2000-ականներից եկավ 5-10 հազար դրամով ձայն վաճառելու փուլը, երբ իր կյանքից հոգնած եւ իշխանություններից զզված ընտրողը «շնից մազ պոկելու» տարբերակով էր առաջնորդվում։ Իսկ 2018-ի ընտրություններն արդեն հոգեխանգարված եւ փրկչի գալստյամբ՝ ոգեւորված, առողջ դատելու ունակությունը կորցրած մարդկանց քվեարկություն էր, որը ոչ մի լավ բան չէր կարող բերել մեր երկրին։ Նման «պատմական» հիշողությամբ հասարակությունը չի կարող ուրախանալ ընտրությունների մոտալուտ հեռանկարից եւ չի կարող չտագնապել, որ շուտով նորից նույն իրավիճակի մեջ է հայտնվելու։

Ի՞նչ է բերելու մեզ 2021 թվականի արտահերթ ընտրությունը, եթե, իհարկե, այն կայանա։ Ցավալի է, որ ոչ մի շանս չկա, որ մեր հասարակությունը գիտակցված եւ գաղափարական ընտրություն կկատարի։ Դրա համար բարձր ինքնագիտակցություն եւ սեփական խնդիրների իմացություն է պահանջվում։ Ակնհայտ է, որ խաբվելու հակված մարդիկ կրկին կխաբվեն եւ կնախընտրեն սին խոսքերն ու կեղծ խոստումները։ Նորից կընտրեն թաղում, համայնքում, քաղաքում հեղինակություն ունեցողներին կամ նրանց մատնանշած մարդկանց։ Էլի կփորձեն ինչ-որ բան կորզել ապագա ընտրյալից։ Եվ նորից ցավալիորեն կհիասթափվեն։