Մեզ առաջարկվում է համաձայնվել Հայաստանի փաստացի մասնատման հետ
Փաստորեն, շրջանառության մեջ կրկին նետվեց մի թեզ ,որը, ըստ երևույթին, հանդիսանում է անկյունաքարային շինծու «պետականամետ-խաղաղասերների» տեսլականի ներքո։
Խոսքը` իբր «անխուսափելի» խաղաղության պայմանագրի, այսինքն` համապարփակ կապիտուլյացիայի ստորագրելու մասին է ։
Բոլոր «ջղայն» ձայնով արտահայտված մտքերը, թե իբր այս իշխանությունը պատրաստ է պայքարել Հայաստանի Հանրապետության ամեն միլիմետրի համար ջախջախվում են թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի ներկայության փաստով. օրինակ Գորիս-Կապան մայրուղու հատվածում»,- այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։
Ըստ վերլուծաբանի, իմաստ չկա հիմա քննարկելու իշխանության խոսույթի մեջ առկա անտրամաբանական «փաստարկները»։ Սակայն, ակնհայտ է ,որ սկսել է հերթական տեղեկատվական գրոհը «հպարտ քաղաքացիների» ենթագիտակցության ուղղությամբ։
Աբովյանն ասում է. «Ես միշտ շատ մեծ հարգանքով եմ վերաբերվել յուրաքանչյուր կարծիքի։ Սակայն, փաստացի կապիտուլյացիան ներկայացնել որպես անխուսափելի գործընթաց և «նոր» Հայաստան կերտելու մի նոր ճանապարհ` ի սկզբանե կամ քաղաքական մանիպուլյացիայի դրսևորում է, կամ սուբյեկտիվ կարծիքի «վերջնական իմաստության» տարօրինակ մոլուցք, կամ խորը հոգեբանական խնդիրներից բխող իրավիճակի սխալ գնահատում, որը շատ մեղմ գնահատական է։
Ես զերծ կմնամ քաղաքական գնահատականներից, քանզի դժվար է տալ քաղաքական գնահատական պետական ինքնասպանության առաջարկին, որպես ճգնաժամի հանգուցալուծման տարբերակի»։
Վերլուծաբանն այստեղ ընդգծում է, թե ինչ է ըստ էության առաջարկվում և ինչ է լինելու դրա հետևանքը . «Եթե հակիրճ, ապա մեզ ասվում է հետևալը` մենք պետք է ստորագրենք կապիտուլյացիայի փաստաթուղթ, և սրանով վերջնականապես նետենք Արցախը թուրք մարդասպանների երախը։ Որովհետև, դա իբր միակ ելքն է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։Սակայն միտումնավոր, թե անմիտ, չի նշվում առանցքային հանգամանքը` կապիտուլյացիան ստորագրվում է հաղթող կողմի պայմանների և նպատակների ներքո։ Այսինքն մեզ առաջարկվում է համաձայնվել փաստացի Հայաստանի մասնատման հետ և Արցախի լիարժեք ոչնչացման հետ։
Կրկնում եմ թուրք-ադրբեջանական ոհմակը շատ հստակ հնչեցրել է իր պայմանները` ստանալ Հայաստանից մի փաստաթուղթ, որը մի կողմից հենց Հայաստանի ձեռքերով լեգիտիմացնելու է Արցախի ոչնչացման գործընթացը, մյուս կողմից ենթադրվում է, որ Հայաստանը համաձայնվում է սողացող կամ արագ մասնատման գործընթացին, որը թաքնված կլինի դելիմիտացիայի, դեմարկացիայի շղարշի տակ, և տարատեսակ ճանապարհ, միջանցք տրամադրելու պարտավորությունների «թղթային» ամրագրման ներքո։
Մի խոսքով, եթե պատկերավոր ներկայացնենք, ապա ստացվում է այսպիսի իրավիճակ.
մեզ համոզում են, որ ազգային ինքնասպանության տարբերակների մեջ, մենք պետք է ընտրենք «ամենահարմար և ամենաձեռնտու» տարբերակը։
Վերլուծաբանը գտնում է, որ իրավիճակի աբսուրդը կայանում է նրանում, որ հասարակությանը առաջարկվում է համախմբվել ,ոչ թե դիմադրելու և սեփական գոյության համար պայքարելու գաղափարի շուրջ, այլ «միասնական» որոշում ընդունել` փակել Հայաստանի և Արցախի գոյության վերջին էջը։
Սա հուզական գնահատական չէ,սա պարզապես այն «ապագան է», որը ըստ էության այսօր մեզ առաջարկում են հայաստանյան թրքա-գլոբալիստական իբր «խաղաղասեր» շրջանակները։
Այս պարագայում, հաշվի առնելով բոլոր վերընշված հանգամանքները, հարց է առաջանում` իսկ, ու՞մ շահերն են իրականում սպասարկում «կապիտուլյացիայի» գաղափարի ջատագովները։
Սա իրականում առանց քաղաքական գնահատականների, սակայն այնուամենայնիվ, սկզբունքային հարց է, որն իր հերթին թույլ կտա հայերին հասկանալ Հայաստանի և Արցախի իրական հեռանկարները։
Կարծիքներ