Իսպանական Բանելմադենան պատվել է Հարություն Խաչատրյանին «Կյանքը կինոյում» մրցանակով
Իսպանական Բանելմադենայի միջազգային կինոփառատոնը, որն արդեն 26 տարի եվրոպական հանրությանն է ներկայացնում այլընտրանքային կինոն եւ հեղինակային կինոյի լավագույն գործերը, օրեր առաջ, հետահայաց ցուցադրությունների շարքով ցուցադրել է նաեւ կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմերը, ինչպես նաեւ ներկայացրել ռեժիսորի նոր՝ «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի իսպանական պրեմիերան:
Բանելմադենայի միջազգային կինոփառատոնը հետահայաց ցուցադրությունից եւ կինոպրեմիերայից բացի, համաշխարհային կինոյում ունեցած իր ավանդի համար Հարություն Խաչատրյանին պատվել է` «Կյանքը կինոյում» պատվավոր մրցանակով, որով միաժամանակ պատվել են նաեւ գերմանացի նշանավոր կինոռեժիսոր, գերմանական նոր կինոյի բացառիկ անուններից՝ Վոլկեր Շլյոնդորֆին, իսպանական կինոյի եւ թատրոնի նշանավոր դերասանուհի Անա Բելենին, պորտուգալացի հանրահայտ ռեժիսոր, դերասանուհի, սցենարիստ Մարիա Դե Մեդեյրուշին, իսկ նախորդ տարիներին այնպիսի կինոռեժիսորների, ինչպիսիք են` Իշտվան Սաբոն, Թեոդորոս Անգելոպուլոսը, Գիլերմո Դել Տորոն եւ ուրիշներ:
Ռեժիսորի վերջին՝ «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմը շուրջ մեկ տասնյակ երկրներում, քաղաքներում (Սոֆիա, Վառնա, Սլովենիա, Բարի, Գորիցա, Օդեսա, Տալին, Իտալիա, Իսպանիա) եւ միջազգային կինոփառատոներում ցուցադրվելուց հետո, առաջիկայում կցուցադրվի նաեւ Թբիլիսիի միջազգային կինոփառատոնում:
Կինոյում իր երկարամյա գործունեության ընթացքում, ընդհանուր առմամբ, Հարություն Խաչատրյանը 25-ից ավելի հետահայց ցուցադրություններ է ունեցել: Այդ պատվին, սովորաբար արժանանում են այն ռեժիսորները, որոնք ստեղծել են կինոյում նոր ոճ, նոր կինոմտածողություն, նոր գեղագիտություն. «Ռետրոսպեկտիվները կարծես հաստատումն են այն բանի, որ այդ ֆիլմերն ունեն շարունակականություն, այսինքն ֆիլմերի այդ տեսակն ունի ասելու, պատմելու, սովերեցնելու, թեմաներն ու պատմություններն իրար կապելու ձեռագիր»,-նկատում է ռեժիսորը։
Թե ինչպես է «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի միջազգային պրեմիերաներից հետո հանդիսատեսն արձագանքում հայ նկարչի պատմությանը, ինչքանով է հայ մարդու դարդն ու ցավը հուզում աշխարհին, Հ. Խաչատրյանն ասում է. «Զարմանալի է, որ այդ ֆիլմն այդքան նայեցին, որովհետեւ հիմա կարծես կինոյի համն է անգամ փոխվել, բոլորը հետաքրքրված են քաղաքականությամբ, անգամ դոկումենտալ ռեժիսորները հավաքում ու նկարում են պատերազմների, բախումների, դժբախտությունների, լաց ու կոծի պատմություններ: Իսկ այս ֆիլմը մաքուր արվեստագետի մասին է, որը կարծում էի, թե իրենց համար այսօր այդքան էլ ցանկալի թեմա չէ, բայց ցուցադրությունների ժամանակ այլ զգացողություն ունեցա, որովհետեւ մեծ էկրանին հանդիսատեսը տեսավ բավականին լուրջ խնդիրներ` իր երկրից կտրված միայնակ մարդու պրոբլեմը: Ցուցադրություններից հետո հարցերը հենց դրանց էին վերաբերում, որովհետեւ այդ նույն պրոբլեմները, անհանգստությունները ամեն մի երկրում, ամեն ազգի մեջ կա, հատկապես Իտալիայից այսօր բավականին շատ երիտասարդներ մեկնում են այլ երկրներ` աշխատանք գտնելու համար, որովհետեւ բավականին քիչ աշխատանք կա Իտալիայում: Այնպես որ, կարծում եմ` մենք միայնակ չենք մեր խնդիրների մեջ, ավելին` դրանք բավականին նման են իրար, իսկ հայկական պրոբլեմները արդեն հարյուրավոր տարիներ կան` օտարության, պանդխտության, փախուստի, գաղթի այդ խարանը մեր ճակատին արդեն վաղուց դրված է, որից չենք կարողանում ազատվել ու մի տեղ կենտրոնանալ, որովհետեւ միշտ շրջապատված ենք եղել օտարներով, թշնամիներով: Դժբախտաբար, ոչինչ չի փոխվում եւ մեր երազանքը, որ կարողանանք ունենալ այնքան ուժ, այնքան արվեստ, որ աշխարհը ճանաչի ու պաշտպանի մեզ եւ լինի մեր կողքին` չի ստացվում»:
Քաղաքականացված այս ժամանակներում, երբ անգամ արվեստը, կինոփառատոներն են քաղաքականացվում, պետք է վերանայել մեր քաղաքականությունը, մշակութային ռազմավարությունը. «Իրար հասնելու, հասկանալու, օգնելու, իրարով ապրելու եւ հիանալու ընդունակությունները պետք է մի քիչ բազմապատկենք, որովհետեւ շատ է անտարբերությունը միմյանց նկատմամբ, իրար ստեղծածի հանդեպ: Այսօր ամբողջ աշխարհն է վախի ու վտանգի մեջ: Կարծես այն կանոնները, որով աշխարհը ապրում էր` ամբողջովին վերացել են, մարդիկ սկսել են արհամարհել պատիվը, հարգանքը, մարդասիրությունը, երեխաների, կանանց, ծերերի պաշտպանությունը, մշակույթի պահպանությունը, ամենուր անտարբերությունն է գերիշխում, դրա համար կոտորում են անխնա եւ չի մնացել ոչ մի սրբություն, հավատ: Պետք է վերանայել, վերահաստատել մեր արժեքները, դրանց տրվող մեր գնահատականը եւ ավելի պաշտպանել դրանք, որովհետեւ շատ մեծ է անտարբերությունը ու դա ոչ միայն Հայաստանում, այլեւ` ամբողջ աշխարհում: Իսկ Հայաստանում այնքան մեծ են դժվարություններն ու դժբախտությունները, որ շատացել են փախնողները: Զարմանալիորեն, այդ փախուստի մասին նկարած ֆիլմերս նորից գալիս են իրենց մեկնակետին, կարծես դրանք նոր նկարված լինեն, որովհետեւ այդ փախուստը նորից սկսվեց, եթե նախկինում ասում էի` անվերջ փախուստ, հավերժ վերադարձ, հիմա դարձել է անվերջ փախուստ, ու դժբախտաբար` քիչ վերադարձ»,-նշում է ռեժիսորն ու հույս հայտնում, որ այսքան դժբախտություններից հետո կփոխվի մարդկանց վերաբերմունքը միմյանց հանդեպ, կհասկանանք` ինչ է պետք անել ու որ ճանապարհով առաջ գնալ:
Կարծիքներ