Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չի հաստատում մեզ հետ, բայց մենք մասնակցում ենք նրա ազգային տոնին` ինչո՞ւ

Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չի հաստատում մեզ հետ, բայց մենք մասնակցում ենք նրա ազգային տոնին` ինչո՞ւ

Նախօրեին տեղեկացանք, որ Բրյուսելում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել։ Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային տոնի առթիվ Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ։ Փաստորեն, հայրենի իշխանություններն արդեն ոչ միայն Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, թուրքերի հետ եղբայրանալու եւ ցեղասպանությունն ուրանալու մասին են մտածում, այլեւ գործնական քայլեր են անում. օրինակ` դեսպաններին հանձնարարում են մասնակցել թուրքական ազգային տոնին նվիրված միջոցառումներին, չնայած մենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք: Դժվար է հիշել. եղե՞լ է գեթ մեկ դեպք, երբ Թուրքիան գոնե հեռավար ակնարկ-շնորհավորանք հղի, օրինակ, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կամ այլ ազգային տոնի հետ կապված: Վստահաբար կարող ենք արձանագրել, որ նման բան երբեւէ չի եղել: Ինչո՞ւ է դեսպան Տիգրան Բալայանը մասնակցել վերոնշյալ միջոցառմանը, ի վերջո` եղե՞լ է նման դեպք, երբ դեսպանները միմյանց սպանելու սպառնալիքներով հանդես գան։ Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է ՄԱԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի եւ Կանադայում ՀՀ նախկին դեսպան Լեւոն Մարտիրոսյանի հետ: 

Արմեն Մարտիրոսյան - Անգամ ամենավատ ժամանակներում, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները եղել են ավելի վատ, երբ խաղաղության մասին անգամ չկար խոսք, եւ նման դիֆերամբներ չէինք երգում Ադրբեջանի մասին, նման բան չի եղել: Դեսպանների հետ հարաբերությունները քաղաքավարության սահմաններում են եղել՝ «բարեւ» եւ «ինչպե՞ս եք»: Մեկ դեպք եմ միայն հիշում, երբ ադրբեջանցի դեսպանը հրաժարվել էր ընդհանրապես հայերին բարեւելուց: Անգամ իր անձնակազմին էր արգելել հայ դիվանագետներին բարեւել, մնացած բոլոր դեպքերում քաղաքավարության տարրական կանոնները, որոնք դիվանագիտության մեջ պարտադիր են, պահվել են: Այսօր թե ինչ է տեղի ունեցել, ինչպես է այսպես ստացվել, չգիտեմ: Նախկինում երբեք Թուրքիայի ընդունելություններին ներկա չէինք գտնվում, հիմա թեպետ դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, սակայն արդեն իսկ Թուրքիայի ազգային տոնի միջոցառմանն են մասնակցում: Մեր ժամանակ նման բան չի եղել: Արդեն երկու տարի է՝ համակարգից դուրս եմ եկել, պայմանական ասած` մինչեւ 2018 թվականը ոչ թե արգելում էին Թուրքիային նվիրված միջոցառումների մասնակցել, այլ պարզապես մենք չէինք գնում, լավ հասկանում էինք, որ նման պարտավորություն չունենք, օրինակ, ինչպես Պակիստանի հանդեպ պարտավորություն չունենք եւ չենք մասնակցում նրանց ազգային տոներին նվիրված միջոցառումներին: Մենք մեզ էինք հեռու պահում, նրանք էլ` իրենց: Հիմա երեւի ինչ-որ իրավիճակ է փոխվել, ինչպես ասում են իշխանությունները, հավանաբար, ընդհանուր քաղաքականության համատեքստում հարմար են գտնում, որ թեպետ Թուրքիայի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ, բայց Թուրքիայի ազգային տոնին մասնակցում են: Ճիշտ կլինի, որ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանի` ո՞րն է մեր քաղաքականությունն այն երկրների հետ, որոնք հրաժարվում են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալ: Երբ ես ՄԱԿ-ում դեսպան էի, Հայաստանը տասնյակից ավելի երկրների հետ հաստատեց դիվանագիտական հարաբերություններ: Բայց այնպես չէր, որ տվյալ երկրները հրաժարվում էին մեզ հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ուղղակի այդպես էր ստացվել: Զուտ տեխնիկական պատճառներ կային, այդքան մի բան: Թուրքիան, Ադրբեջանը, Սաուդիան Արաբիան, Պակիստանն այս իմաստով տարբերվում են` նրանք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատում ոչ թե տեխնիկական խնդիրներով պայմանավորված, այլ` կոնկրետ քաղաքական: Այսինքն` Թուրքիան մեզ հետ հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բայց մենք մասնակցում ենք նրանց ազգային տոնի միջոցառմանը` ինչո՞ւ, այս հարցը պետք է ուղղել ԱԳ նախարարությանը: Օրինակ` Թուրքիան երբեւէ մասնակցե՞լ է մեր ազգային տոներից որեւէ մեկին, այս առումով պետք է փոխադարձություն լինի: Դատապարտելի է, երբ դեսպանին` գործընկերոջդ սպառնում ես, դրա համար կան համապատասխան միջազգային կոնվենցիաներ, կան նաեւ չգրված օրենքներ այն մասին, որ դեսպանը պարտավոր է նվազագույնը պահել քաղաքական կոռեկտության սահմանները: Տհաճ երեւույթ է տեղի ունեցել: Չեմ կարծում, թե առանց ԱԳ նախարարության դեսպանը մասնակցեր այդ միջոցառմանը, ես մեծ կասկածներ ունեմ այդ առումով, նման քայլեր դեսպաններն ինքնագլուխ եւ ինքնաբուխ կերպով չեն անում: Ի դեպ, գուցե նախորդ տարիներին էլ են մերոնք գնացել նման միջոցառումների, ուղղակի այս տարի միջադեպ տեղի ունեցավ, բոլորն իմացան, գուցե վերջին տարիներին էլ են գնացել, գուցե ոչ միայն Բրյուսելում է մեր դեսպանը մասնակցել, այլեւ բոլոր դեսպաններն են մասնակցել Թուրքիայի ազգային տոնին:

Լեւոն Մարտիրոսյան - Թուրքիայի ազգային տոնին մասնակցելուց առաջ, կարծում եմ, դեսպանը խորհրդակցել է արտաքին գործերի նախարարության հետ եւ նոր նման որոշում է կայացրել: Հայաստանի դեսպանին սպառնացել են Բրյուսելում, Բելգիան պետք է քայլեր ձեռնարկի, եւ տվյալ դեսպանը պերսոնա նոն գրատա հայտարարվի: Դիվանագիտական էթիկան դա է պահանջում, նա պետք է տվյալ երկրից վռնդվի, իսկ Ադրբեջանը պետք է ներողություն խնդրի: Դիվանագիտական կանոնները պահանջում են սա: Ինչ վերաբերում է Թուրքիայի ազգային տոնի միջոցառմանը մասնակցելուն, ապա ինձ թվում է` դա էլ բացառել պետք չէ, քանի որ դիվանագիտական համայնքի մասին է խոսքը, կարող են չգնալ տվյալ միջոցառմանը, բայց այլ միջոցառումների ժամանակ հանդիպել Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպաններին եւ առնչվել ինչ-որ հարցով նրանց հետ: Շփումը, այնուամենայնիվ, այլ երկրներում կարող է լինել, սա բացառել չի կարելի: Պարզից էլ պարզ է, որ Բելգիայի Թագավորությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, եւ Հայաստանի ԱԳ նախարարությունն էլ իր հերթին այդ հարցին հետամուտ լինի: Նման միջոցառումներին մասնակցելը երեւելի բան չէ: Շփումները թշնամական երկրների հետ սովորական դիվանագիտական ընթացակարգ է, չկա արտառոց բան, արտառոցը սպառնալիքներ հնչեցնելն է, այն չափազանց կանխատեսելի հետեւանքներ պետք է ունենա: Որպես կանոն, նման դեպքեր չեն լինում` դիվանագիտական էթիկայից ելնելով, կապ չունի, թե որ պետության մասին է խոսքը: Դիվանագետները պետք է լինեն դիվանագիտական կանոններից ներս, այլ ոչ թե դուրս: Սա արտառոց դեպք է` կանոններից դուրս: