Աշոտ Զաքարյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ

Աշոտ Զաքարյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի.

Աշոտ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ»,-ասված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ երեկ մենք գրել էինք,որ այդ պաշտոնը թափուր էր Արթուր Բաղդասարյանի պաշտոնազրկումից հետո։ Աշոտ Զաքարյանը, որը տասը տարի շարունակ՝ 1993-ից 2003 թվականներին զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը, ապա 2008 թվականին պաշտպանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը եւ ձերբակալվեց, դատապարտվել 2 տարի ազատազրկման, հետո ազատ արձակվել։ 

Նա Գյումրու ՀԱԿ կառույցի ղեկավարի պաշտոնից հրաժարվել է 2012 թվականին՝ ՀԱԿ-ի հետ ունեցած տարաձայնությունների եւ մասնավորապես այն պատճառով, որ ՀԱԿ-ը սկսեց համագործակցել ԲՀԿ-ի հետ։ Թեեւ այն ժամանակ արդեն լուրեր էին շրջանառվում, որ նրան պաշտոն է առաջարկվել՝ ՀԱԿ-ից դուրս գալու դիմաց։ 2012 թվականին նա հայտարարություն տարածեց, որտեղ «շնորհակալություն հայտնեց» ՀԱԿ համակիրներին՝ 4 տարիների համատեղ պայքարի համար և Հայ Ազգային կոնգրեսին մաղթեց «արդյունավետ աշխատանք ՀՀ Ազգային Ժողովում»:

Իսկ 2015 թվականին կրկին վերադարձավ ռազմական ոստիկանություն՝ նշանակվելով Սիսիանի կառուցյի ղեկավար։ 2018-ին նա աջակցել է Հեղափոխությանը, ակտիվ մասնակցել Նիկոլ Փաշինյանի պայքարին։ Նա շատ մտերիմ է եղել գեներալ Մանվելի, եւ այժմ էլ մտերիմ է Սասուն Միքայելյանի հետ։