Քաղաքական դաշտի առավոտը-6

Քաղաքական դաշտի առավոտը-6

Սկիզբը՝ նախորդ համարներում

Նոր փաթեթավորում

Հայաստանի քաղաքական դաշտն այսօր ապրում է իր վերադասավորումների դժվարին շրջափուլը: Թեեւ շատ բան աղջամուղջի մեջ է, բայց անխուսափելիորեն կգա բաղձալի ու թարմ առավոտը: Չկա որեւէ կուսակցություն, որն այսուհետ կարողանա բացահայտ օրինախախտումներով իշխանություն բռնազավթել: Այն կհարուցի ժողովրդական ընդվզում: Եվ սա հեղափոխության նվաճումներից մեկն է, որը, այդուհանդերձ, մեկ-երկու ընտրական գործընթացներով դեռեւս ամրապնդվելու եւ անշրջելի դառնալու կարիք ունի: Առաջին անգամ ստեղծվել են նախադրյալներ՝ ըստ սոցիալական խավերի քաղաքական միավորումներ ձեւավորելու համար: Մեծահարուստների խավը վաղուց է ինքնակազմակերպվել, ի տարբերություն մանր ու միջին սեփականատերերի ու գյուղացիական տնտեսվարողների: Խոշոր բուրժուազիան երկփեղկված է՝ երկար տարիներ իր շահերը սպասարկած, բայց արդեն «փչացած» կուսակցությունները պահելու կամ նրանց փոխարեն նորը ձեւավորելու հարցում: Տեր լինելով ահռելի հարստության, այս խավը միաժամանակ բավականին խոցելի է քաղաքական դաշտում նախկին դիրքերը վերանվաճելու հարցում: Նախ փոքրամասնություն է կազմում, ապա հասարակական ընկալումներում անօրինական հարստացման պատճառով վայելում է հանրության մեծ մասի ատելությունն ու մի մասի էլ՝ նախանձը: Հետեւաբար, քաղաքական դաշտում տեղեր զբաղեցնելու, այդ նպատակով իր ետեւից ընտրազանգված տանելու ցանկությունն իրացնելիս նա ունի նոր «փաթեթավորման» կարիք: Դա նշանակում է՝ գտնել զանգվածներին խաբելու նոր հնարքներ ու եղանակներ:

Խաբելու արվեստն ու խաբվելու հաճույքը

Հայաստանի վերջին 20 տարիների քաղաքական պատմությունը վկայում է, որ որքան հաճույք է ստանում փոքրամասնությունը խաբելիս, ոչ պակաս հաճույք են ստանում խաբվողները: Ավելին, տարիներ շարունակ, հետեւողականորեն, առանց ամոթի ու բարոյականության, երկրի «տերերը» ձեւավորել են մուրացիկների զանգված, որը գրոշների դիմաց թույլ է տվել իշխողներին լաթի պես տրորելու իր «զանգվածային» արժանապատվությունը: 2018-ի ապրիլը խզում առաջացրեց խաբողների ու խաբվողների միջեւ: Բայց արդյոք խաբվածները վերջնականապե՞ս են հեռացել երբեմնի արատավոր սովորույթից: Արդյոք պատեհ առիթի դեպքում գլուխ չի՞ բարձրացնի հին ու մեղսական «Ոսկե հորթը»: Այն, որ մասսաներին դեռեւս «քաղցրաբլիթով» խաբելու փորձեր կլինեն, չի բացառվում: Եթե հայ հասարակության մեծամասնություն կազմող չքավոր զանգվածներն ազատվել են մարդկային ցեղի այդ քստմնելի արատից, ուրեմն քաղաքական որոշումներում նրանք կլինեն ազատ ու ինքնուրույն: Իհարկե, սովորույթից հրաժարվելը դժվար գործ է: Բայց ողջախոհությունը վաղ թե ուշ հաղթելու է: Վերջին հաշվով, բոլոր ժամանակներում էլ մասսաների բարձր գիտակցությունն է հիմք դարձել հասարակական առաջընթացի ու թռիչքի համար: 

Նրանց մոտ 

Աշխարհում տեղի են ունենում կառուցակարգային նոր փոփոխություններ: Արեւմտյան ժամանակակից քաղաքակրթությունը, որը տեւական ժամանակ ներկայանում էր որպես առաջընթացի ջահակիր, խոցոտվում է իր իսկ առաջ քաշած սկզբունքներից: Պետությունները դարձել են առավել թույլ ու անպաշտպան իրենց իսկ հռչակած կարգերի սողանցքներից: Նրանք շփոթված կանգնել են երկընտրանքի առաջ: Այդ հասարակությունների սոցիալ-տնտեսական ու քաղաքական այսօրվա բաղադրիչները ձեւավորվել են Խորհրդային Միության գոյության տարիներին եւ իրենց վրա կրում են այդ հասարակարգից վախի կնիքը: Դրանք ձեւավորվել են որպես ռուսական հեղափոխության այլընտրանք: Այն տարիներին կապիտալիզմը ճգնում էր աշխարհին ներկայանալ մարդկային դեմքով: Ահռելի ջանքեր պահանջվեցին՝ փլուզելու Խորհրդային Միությունը, որն իր թերություններով հանդերձ, զսպող դեր էր կատարում կապիտալի անմարդկային դրսեւորումներին: Այսօր ազատագրվել են կապիտալիզմի թեւերը: Բացվել են նրա գիշատիչ դեմքն ու էությունը: Տարեցտարի, քաղցկեղի պես, նա ավելի է մխրճվում մարդկության թոքերի մեջ: Շահը դարձել է ծայրահեղ գործոն: Բանկային կապիտալն ու ֆինանսական միջազգային կենտրոնները փորձում են աշխարհը հավաքել բռան մեջ: Դա չի կարող չունենալ իր հակազդեցությունը: Աշխարհում ընթացող շարժումներն ու բողոքներն ունեն սոցիալական ենթատեքստ: Արդարացի հասարակարգ ձեւավորելու փնտրտուքը շարունակվում է: Ակնհայտ է, որ եկել է այդ կարգերի արդիականացման հերթական փուլի ժամանակը:

Մեզ մոտ

Հայ իրականության մեջ եկել է իրենց շահերով առաջնորդվող չքավոր խավերի ինքնակազմակերպման պահը: Քաղաքական դաշտի գրեթե բոլոր ակտիվ կուսակցությունները ներկայացնում են հայ բուրժուազիայի տարբեր շերտերի շահերը: Սեփականատիրական մղումներով առաջնորդվող տնտեսաձեւը, որն ինստիտուցիոնալ առումով չունի զսպող օղակ, չի կարող ապահովագրված լինել սխալներից ու չարաշահումներից։ Հայաստանի վերջին տասնամյակների զարգացումները հենց այս երեւույթի դրսեւորումն են։
Կապիտալի ուժերին հավասարակշռելու եւ հնարավոր չարաշահումները կանխելու նպատակով քաղաքական դաշտը պետք է համալրվի նոր դերակատարով, որը ներդաշնակություն կմտցնի երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում: Այդպիսին կարող է լինել սոցիալական ուղղվածության կամ հենց սոցիալիստական բնույթի որեւէ ուժ: Միայն այս ուժերը կարող են հետամուտ լինել հասարակության չքավոր խավերի սոցիալական պաշտպանության, նրանց կյանքի, աշխատանքի, առողջության ու կրթության իրավունքների լիարժեք իրացմանը: Միայն այս ուժերը կարող են մասնավորի առավելությունների կողքին կայացնել ու ընդլայնել նաեւ պետական սեփականությունը, որը Հայաստանի պես փոքր ու շրջափակված երկրում, ուր գրեթե բացակայում են ընդարձակ շուկային բնորոշ հարաբերությունները, կարող է կայունացնող դերակատարում ունենալ: Պետության կարգավորիչ դերի բարձրացումը տնտեսվարման հարցում կվերադարձնի նրա ակտիվությունն ու պատասխանատվությունը երկրի ողջ տնտեսության զարգացման ոլորտում, որը խաթարվել էր այն սկզբունքի տիրապետմամբ, թե պետությունը չպետք է խառնվի տնտեսությանը, այլ պիտի ընդամենը գիշերային պահակի դեր ստանձնի: Տարաբնույթ խնդիրներ ունեցող Հայաստանում պետությունը չի կարող չունենալ լրացուցիչ գործառույթներ: Նա իր վրա պետք է վերցնի պետական նոր ձեռնարկությունների կառուցման, գյուղատնտեսության արդիականացման, գործազրկության ու արտագաղթի նվազեցման, սոցիալական թիրախային քաղաքականության ու բազմաթիվ այլ հարցերի լուծման պատասխանատվությունը: Այս առումով պարզապես անհեթեթ կհնչեն այն հակափաստարկները, թե տնտեսության մեջ պետության կարգավորիչ դերի մեծացումը հակասում է այս կամ այն երկրում դասական կապիտալիզմի զարգացման սկզբունքներին: Մեր խնդիրը երկիր պահելն է եւ ոչ թե տնտեսվարման այս կամ այն մոդայիկ տեսությանը տուրք տալն ու օտարներին հաճոյանալը:

Լուսաբացից առաջ

Եթե երկրի չքավոր մեծամասնությունը չձեւավորի իր քաղաքական ուժն ու չկանգնի նրա թիկունքին, նրա շահերը ներկայացնելու «խաղերով» դարձյալ հանդես կգան հին ուժերը: Այդպես այդ խավը դարձյալ կտարրալուծվի այլոց մեջ՝ կորցնելով սեփական գույնը: Լինել ետնապա՞հ՝ այլոց «զորախմբում», թե՞ առաջ քաշող ուժ՝ հարազատ թիմում, սա՛ է հանապազօրյա հացը վաստակողների համար այն օրախնդիր հարցը, որի լուծումից կախված կլինի Հայաստանի քաղաքական կյանքի առանձնահատկությունը։ Դրա համար անհրաժեշտ կլինեն ինչպես բազմակողմանիորեն մշակված ծրագիր ու նվիրյալ անհատներ, այնպես էլ այդ գաղափարները հանրության լայն շերտերին ըմբռնելի դարձնելու հսկայական ջանքեր։ Հատկապես որ սոցիալիզմի գաղափարները նախորդ 30 տարում հանիրավի վարկաբեկվել են, առանց հաշվի առնելու աշխարհի առաջավոր փորձը: Հենց ա՛յս ուժն ունի հնարավորություն՝ առանցքային դերակատարություն ունենալու հանրային համերաշխության կայացման գործում։ Այդպիսի համերաշխության հիմքում չի կարող եւ չպետք է դրվի ստիպողական ու նսեմացուցիչ հաշտությունը ունեւորների ու չունեւորների միջեւ: Քանի դեռ մեզանում կլինեն հացի ու աշխատանքի կարոտյալներ, քանի դեռ մեր կողքին կլինեն բժշկվելու համար գումար չունեցողներ, քանի դեռ դրսերում կրթություն ստանալը կլինի մի փոքր խավի առանձնաշնորհը, չի կարող կնքվել երկարատեւ ու արդարացի հաշտություն: Անկախության գաղափարը չի կարող չվարկաբեկվել սոցիալական այսպիսի բեւեռացումից: Անկախությունը չի՛ նվաճվել, որ ազգի մեծամասնությունը հայտնվի քողարկված ճորտության վիճակում, իսկ մի քանիսն իրենց հաճույքների համար անցնեն բարոյականության թույլատրելի սահմանները:

Այս հարցերը պիտի իրենց լուծումը ստանան բոլոր ուժերի համատեղ ու շահագրգիռ քննարկման արդյունքում: Ի տարբերություն քաղաքական մյուս թեւերի, որոնք սպասարկում են ֆինանսական ու տնտեսական տարբեր ուժերի անհատական ու խմբակային շահերը, սոցիալիստական ուժերի նպատակը պետության ու հասարակության առավել լայն խավերի շահերի պաշտպանությունն է, որը չի ենթադրում իշխանության ինքնանպատակ գրավում։

Հեղափոխական իշխանությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել քաղաքական այդ նոր ուժի ձեւավորման համար թե՛ իր բերած ազատության ու բացախոսության մթնոլորտով եւ թե՛ սրտամոտ լոզունգներով: Չքավոր զանգվածներն էին 2018 թվի իրադարձությունների առաջմղիչ ուժը: Միանգամայն արդարացի կլինի, որ նրանք գաղափարախոսական հստակ հենքի վրա ստեղծեն իրենց շահերը պաշտպանող քաղաքական կառույց, որը կփրկի նրանց այլոց կողմից օգտագործվելուց: Նոր ուժի ձեւավորումը կլինի հեղափոխության արդյունքների իրավականացման դրսեւորումներից մեկը: Այն թույլ կտա ոչ միայն քաղաքական դաշտում ստանձնելու զսպիչ ու հավասարակշռող դեր, այլեւ, իր տարաձայնություններով հանդերձ, դառնալու հեղափոխության առանցքային նպատակները պաշտպանող ուժերից մեկը: Առանց սոցիալիստական ուժերի համախմբման, նրա գործունեության ակտիվացման Հայաստանի առաջընթացը վտանգված է: Չի՛ կարելի երկրի ապագան վստահել բացառապես անձնական շահերով առաջնորդվողներին: Այդպիսիները չեն բարձրաձայնում, բայց նրանց աստվածը փողն է: Փող ձեռք բերելու մոլուցքը սրբություններ չի ճանաչում:

Այն իր ճանապարհին կարող է տրորել ամեն մի սկզբունք ու բարոյականություն, ընդդիմանալով անգամ երկրի ու ազգի հիմնարար շահերին: Հարստությունը պախարակելի չէ, պախարակելին գողությամբ ձեռք բերված հարստությունն է, որն իր էությունը թաքցնելու համար կրում է տարբեր դիմակներ, այդ թվում՝ հայրենասերի ու բարերարի: Նրանք ոչ միայն նսեմացնում են իրական հայրենասիրությունն ու բարերարությունը, այլեւ խորացնում ու ընդլայնում են աղքատության սահմանները: Նրանք դրական դեր կարող են խաղալ միայն այն դեպքում, եթե նրանց կողքին առկա է այլընտրանք առաջարկող զսպիչ քաղաքական ուժ:

Մարդկության պատմությունը հասարակական բարիքների առավել արդարացի բաշխման համար պայքարի պատմություն է: Այդ պայքարը՝ իր ելեւէջներով հանդերձ, եղել եւ մնում է հասարակության զարգացման առաջմղիչ գործոններից մեկը: Հայաստանի քաղաքական դաշտում անխուսափելիորեն առաջ կգա հանրային շահերով առաջնորդվող ուժ, որն էլ կնպաստի միասնության ու արժանապատիվ կեցության ապահովմանը:
Այսպիսին կարող է լինել քաղաքական դաշտի նոր առավոտը:

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ