էս իշխանությունը մեռա՞ծ է, թե՞ դեռ բերանում շունչ կա

էս իշխանությունը մեռա՞ծ է, թե՞ դեռ բերանում շունչ կա

Տարիներ առաջ մի  թերթում էի աշխատում, հայտնի էլ թերթ էր։ Հասկանալի պատճառով չեմ նշում թերթի անունը։ Իմացա, որ խմբագիրս նախկին ոստիկան է եղել, բարձր էլ պոստերում էր աշխատել։ Նրան դժվար էր  «օյաղ գտնել»։ Թերթին ու նախկին ոստիկանին տիրություն էր անում մի «չաղլիկ ծյոծյա» , ով լրագրությունից բան չէր հասկանում, բայց լրագրողների հետ հաճախակի «դասընթացներ էր կազմակերպում»։  «Չաղլիկ ծյոծյան» թույլ չէր տալիս, որ խմբագրի հետ շփվեինք, ինքն էր բոլոր գործերը կառավարում։ Հետո հասկացա, որ ճիշտ էլ անում է, որովհետև խմբագիրը խմած «չանեն թուլացնում» ու ողջ կյանքը պատմում էր։ 

Այնպես եղավ, որ մի օր խմբագիրը «ձեռքս ընկավ»։ «Ծյոծը» գնացել էր ինչ որ տեղ, ու նա մենակ էր և սուրճ էր ուզում խմել։ Սուրճ դրեցի, նա հենց ոտքի վրա խմեց ու սկսեց անկեղծանալ․   

«Գիշերը մենակությունից վախենում եմ: «Ծյոծը ինձ հետ է մնում»։ Ոստիկանությունում աշխատելու տարիներին մի անգամ դիահերձարան եմ  մտել, որտեղ երկու մեռել են եղել ու պատրաստվում էին հերձել:  Մեռելների միջով անցնելուց, մի մեռելը ոտքիցս բռնել ու քաշել է: Էդ օրվանից վախը մտել է ոսկորիս մեջ ու դուրս չի գալիս»։ 
Առաջին հայացքից պատմությունը ծիծաղելի է թվում, բայց ծիծաղի մեջ ողբերգություն կա։

Հիմա անցնենք մեր ոստիկաններին։ 4 տարի կլինի, որ այս իշխանության «պախարոննի է ամենուր»՝ այսօր են վերցնելու, վաղն են վերցնելու։ Ամենուր այդ մասին են խոսում։ Արդուկն անգամ միացնելուց նույն բանն ես լսում՝ սրանց հարցերը լուծված են։ «Պախարոննին միացրած«՝ մարդիկ  սպասում են,մեղկ չե՞նք: Իշխանությունը մեռե՜լ է, հա՜ մեռել է… թուլացել՜ է, հա՜ թուլացել է, կազմաքանվում է հա՜ կազմաքանդվում է, հերձում են, հա՜ հերձում են… Ուզում եմ հասկանալ ՝ էս իշխանությունը մեռա՞ծ է, թե դեռ բերանում շունչ կա: Թե մեռած է, ինչու՞ չեք վերցնում, թե սաղ է՝ ինչու՞ ենք այս օրին՝ անտեր ու անտիրական, թշնամու երախն ընկած քրքրվում։  Վերջին տարիներին ինչ հիշում, ասում եք՝ հեսա հա՜ վերցնելու ենք: Հայկական ադաթով ախր մեռելին երեք օրից ավել չեն պահում, սա ի՞նչ խաբար է։ Քուն ու դադարը կորցրած  նախկին խմբագարիս եմ հիշում, որ երկու մեռելի արանքով անցնելիս մեկը ոտքիցը բռնել ու  քաշել է։ Էդ օրվանից մարդը դիվադադար է եղել։ Հիմա ողջ ազգով դիվադադար ենք եղել ու չենք հասկանում՝ իշխանություն ունե՞նք․․․ Այնպես չպատահի, որ մի օր ռաստ գանք ու․․․ լեղապատառ լինենք։