Ինչու էր Փաշինյանը նստած երկրորդ շարքում․ ինչու չհիշատակեցին նրան

Ինչու էր Փաշինյանը նստած երկրորդ շարքում․ ինչու չհիշատակեցին նրան

Շարունակվում է ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները շարունակվում են։ Օրակարգում է արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարներին վերաբերող հարցերը: Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը , ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Պրն Խաչատրյան, Դուք քիչ առաջ ինձ մի քանի հարց տվեցիք, որի ընթացքում անդրադարձաք, ավելի շուտ ակնարկ արեցիք Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Ակնարկեցիք, թե ՀՀ վարչապետը նստած էր երկրորդ շարքում։ Ես ուզում եմ նշել, որ դա շատ արարողակարգային հարց է ու բոլոր վարչապետներն էլ նստած էին երկրորդ շարքում։ Հունգարիայի վարչապետը, կարծում եմ, պակաս կարևոր մարդ չէ նախագահ Էրդողանի համար, սակայն նա նույնպես նստած էր երկրորդ շարքում»,- ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկումներին։

«Նորից եմ ասում, որ սրանք ընդամենը արարողակարգային հարցեր են։ Իհարկե ես չեմ կարող ասել՝ արժի սրան անդրադառնալ, թե չարժի, որովհետև երևի դա ավելի շատ ճաշակի հարց է, Դուք նախընտրում եք անդրադառնալ, բայց ես վստահ չեմ, որ կենսունակ են այդպիսի քննարկումները»,- հավելեց նա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հիշեցնենք նաև, շաբաթ օրը չդիմեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ թվարկում էր երդմնակալության արարողությանը մասնակցող այլ պետությունների և կառավարությունների ղեկավարների ցուցակը։