Գորիսի փոխհամայնքապետը՝ Սև լճում իրավիճակի մասին․ «Որևէ խնդրահարույց իրավիճակ չի ստեղծվել»

Գորիսի փոխհամայնքապետը՝ Սև լճում իրավիճակի մասին․ «Որևէ խնդրահարույց իրավիճակ չի ստեղծվել»

Մայիսի 12-ին ադրեբջանական ուժերը ներխուժել են Սյունիքի մարզի Սև լճի տարածք և այդ օրվանից մեծ հատվածի նկատմամբ վերահսկողություն սահմանել։

Ադրբեջանը պնդում է, որ տարածքն իրեն է պատկանում, սակայն հակառակ իրենց պնդումների՝ Խորհրդային քարտեզներն ապացուցում են, որ լճի տարածքի զգալի հատվածը հայկական կողմին է պատկանում։

«Հրապարակը» Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանից հետաքրքվեց, թե ինչ նորություն կա Սև լճի հետ կապված։

«Իմ տվյալներով՝ որևէ փոփոխություն չկա», - ասաց նա։

Հարցին՝ ադրբեջանցները փորձո՞ւմ են առաջանալ, գիշերը կրակոցներ եղե՞լ են, Յոլյանը պատասխանեց․ «Չէ, չէ։ Փառք Աստծո։ Որևէ միջադեպ, որևէ խնդրահարույց իրավիճակ չի ստեղծվել։ Ընդհանուր առմամբ, այն իրավիճակը, որն ունեինք մայիսի 12-ի դրությամբ, մինչև այժմ շարունակվում է մնալ նույնը։ Դիրքային ոչ մի փոփոխություն չկա»։

Հարցին՝ ադրբեջանական ուժերի հետքաշման ուղղությամբ ինչ-որ բանակցություններ կա՞ն, Յոլյանը պատասխանեց, որ որևէ պաշտոնական տեղեկություն չկա։ «Բանակցությունների մասին որևէ պաշտոնական հայտարարություններ չկան։ Վերջին բանակցություններից հետո էլ արդեն տևական ժամանակ որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա, որ սպասվում են, կլինեն [բանակցություններ]։ Ընթացքում էլ որևէ բանակցային գործընթաց տեղի չի ունեցել»։

Իսկ թե իմքայլականները գալիս-գնում են Գորիս, փոխհամայնքապետը դժվարացավ ասել։ «Չեմ կարող ասել։ Որևէ տեղեկություն չունեմ», - եզրափակեց Իրինա Յոլյանը։