ATV-ն ստացել է հանրապետական սփռում, Հ2-ը դուրս է մնացել․ ինչ բալեր են հավաքել հեռուստաընկերությունները

ATV-ն ստացել է հանրապետական սփռում, Հ2-ը դուրս է մնացել․ ինչ բալեր են հավաքել հեռուստաընկերությունները

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները երեկ՝ հունվարի 15-ին, փակ եւ գաղտնի ռեժիմով բաշխեցին հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթների համար դիմած հեռուստաընկերությունների բալերը՝ ամփոփելով դեռեւս սեպտեմբերից հայտարարված մրցույթի նախնական արդյունքները:

Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն երեք օրվա ընթացքում, սակայն ստացած միավորներից արդեն պարզ է, թե որ հեռուստաընկերություններն այսուհետ կսփռվեն ողջ հանրապետությունով մեկ, որոնք՝ միայն մայրաքաղաքում եւ որոնք են ընդհանրապես դուրս մնացել։ Հիշեցնենք, որ մրցույթին դիմող ընկերությունները մրցութային ծրագրերը ներկայացնելիս նշել էին՝ համապետական սփռմա՞ն են ձգտում, թե՞ միայն Երեւանի տարածքում են ուզում հեռարձակվել։

Հանրապետական սփռման հինգ սլոթի համար հայտարարված մրցույթին դիմել էր 12 հեռուստաընկերություն՝ «Արմնյուզ» («Արմնյուզ ՓԲԸ»), «Հ2» («Հայկական երկրորդ հեռուստաալիք»), «5-րդ ալիք» («Շարկ» ՍՊԸ), «Կենտրոն TV» («Մուլտի Մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲԸ), «Արմենիա» («Արմենիա թիվի» ՓԲԸ), «A TV» («Ա ԹՎ» ՍՊԸ), «1in.am» («Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ), «Freenews» («Ֆրի նյուզ» ՍՊԸ), «Ա1+» («Մելտեքս» ՍՊԸ), Հայաստանի hանրային հեռուստաընկերություն, «Երկիր մեդիա» («Հուսաբեր» ՓԲԸ) եւ «Շանթ» («Շանթ» ՍՊԸ)։ Մրցույթը հաղթել եւ ամենաբարձր բալերը հավաքել են հետեւյալ հեռուստաընկերությունները. «Արմենիա» հեռուստաընկերությունը՝ 723 բալ, «Երկիր մեդիան»՝ 688, «Շանթը»՝ 680, «A TV»-ն՝ 670, «Կենտրոնը»՝ 663 բալ։ Հայկական երկրորդ հեռուստաալիքը, որն ուներ հանրապետական սփռում, չի անցել ընդհանրապես, քանր որ դիմել էր միայն հանրապետական սփռման համար, եւ չի հավաքել բավարար բալեր։ Հանրապետական սփռում չեն ստանա նաեւ ընդդիմադիր «Արմնյուզը», «5-րդ ալիքը» եւ իշխանական «Freenews»-ը։

Մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցները նույնպես 12-ն են։ Այդ ցանկում կան ընկերություններ, որոնք միաժամանակ մասնակցել են ե՛ւ հանրապետական, ե՛ւ մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթին։ Դրանք են՝ «Շանթ»-ը, «Արմնյուզ»-ը, «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի մեդիա հոլդինգ» ՓԲԸ-ն, «5-րդ ալիքը», «Ա-ԹիՎի»-ն, «Երկիր մեդիան», «Ֆրի նյուզը», Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

Միայն մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցել են «Դար 21 հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, «Մո ԹիՎԻ մեդիա հոլդինգ» ՓԲԸ-ն («Նոր Հայաստան» ՀԸ), «Առփի մեդիա» ՍՊԸ-ն (կաբելային ՀԸ), «Շանթ» ՍՊԸ-ն («Շանթ սպորտ» ծրագիր): Մայրաքաղաքային սփռման մրցույթում ամենաշատ միավորները հավաքել են հետեւյալ հեռուստաընկերությունները․

«5-րդ ալիք»՝ 657 բալ, որին 6 բալ է պակասել հանրապետական սփռման մրցույթն անցնելու համար, «Արմնյուզը»՝ 613, «Առփի TV»-ն՝ 545, «Ֆրի նյուզ»-ը՝ 531, «Դար 21»-ը՝ 492, «Նոր Հայաստանը»` 463 բալ։ Մայրաքաղաքային սփռման մեկ սլոթ մնացել է ազատ, որի համար հետագայում, ամենայն հավանականությամբ, մրցույթ կանցկացվի։ Բացի այդ, «Սկիզբ մեդիան» («1in.am») եւ Հանրային հեռուստաընկերությունը մինչեւ մրցույթն իրենց հայտերը հետ են վերցրել։ Հանրային հեռուստաընկերությունը մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 24 ժամ լրատվություն ներկայացնելու համար հաճախականություն ստանալու համար։

Մրցույթի ժամանակ, ինչպեսեւ նախկինում, գերակշռել է սերիալային քաղաքականությունը, ամենաբարձր բալեր հավաքել են այն հեռուստաընկերությունները, որոնք ցուցադրում են սեփական արտադրության եւ հնդկական սերիալներ։

Հանրապետական սփռման մրցույթից դուրս մնացած Հայկական երկրորդ հեռուստաալիքի լրատվական թողարկումների ղեկավար Շավարշ Գեւորգյանին հարցրինք, թե ինչպես է ստացվել, որ Հ2-ը դուրս է մնացել մրցույթից: «Քանի դեռ մենք որոշումը՝ օրինական ուժի մեջ մտնելու մասին, դեռեւս չենք ստացել, եկեք ձեռնպահ մնանք առաջիկա 3 օրերին հարցերին պատասխանելուց, քանի դեռ որոշումը չկա, ես չեմ կարող համարել՝ մենք ունե՞նք լիցենզիա, թե՞ չունենք, կամ՝ ով է ստացել լիցենզիա, ով՝ չէ, անկախ նրանից, որ մենք այդ թվային տվյալներից կարող ենք եզրակացություններ կամ ենթադրություններ անել, հետագայում բոլոր հարցերին հանգամանալից կանդրադառնանք»,- պատասխանեց Գեւորգյանը։

Հարցրինք նաեւ, թե ինչով է պայմանավորված, որ միայն հանրապետական սփռման մրցույթին են հայտ ներկայացրել: «Մենք մշտապես հեռարձակվել ենք հանրապետական սփռմամբ եւ նորմալ ու նաեւ բարոյական ենք համարել չփոքրացնել երեւանյան սփռման մրցույթին մասնակցող մեր գործընկերների շանսերը՝ դիմելով երեւանյան սփռման մրցույթին»։