Փաստորեն, Թաթան ավելի թանկ արժե, քան Բրեգովիչը

Փաստորեն, Թաթան ավելի թանկ արժե, քան Բրեգովիչը

Դեկտեմբերի 11-ին Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ասուլիսում, փորձելով հերքել մամուլում հրապարակված տեղեկությունը, թե Գորան Բրեգովիչի համերգն արժե 250 հազար դոլար, ասաց, որ «Ֆակտորի» ընկերությունից թույլտվություն է ստացել հրապարակել երգչի հետ կնքված պայմանագրի արժեքը, որից պարզ է դառնում, որ նրա հոնորարը կազմում է 65 հազար եվրո։ «Շատ է խոսվել Գորան Բրեգովիչի համերգի մասին, ես այսօր նաեւ լսում էի Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցը, որ ասում էր, որ մամուլում կա տեղեկություն, որ 290 հազար դոլար է Գորան Բրեգովիչի հոնորարը։

Չխախտելով այլ ընկերության առեւտրային գաղտնիքը, որ իրենք ունեն իրավունք՝ չհրապարակելու իրենց պատվիրված միջոցառումների բաց նախահաշիվը, այնուամենայնիվ․․․ ծառայությունները եւ գումարի չափերը, պայմանագրերը կտրամադրվեն ձեզ։ Ես «Ֆակտորի» ընկերությունից ստացել եմ թույլտվություն՝ հրապարակելու Գորան Բրեգովիչի հետ կնքված պայմանագրի արժեքը, որը կազմում է 65 հազար եվրո, եւ ընդհանուր խմբի մատուցվող ծառայությունների արժեքը։ Խումբը լինելու է 10-ից ավելի արտիստներով, կենդանի նվագակցությամբ, խմբի հետ Հայաստան են ժամանում նույնիսկ բեք-վոկալ կատարող արտիստները, այսինքն՝ իր ամբողջական խմբով։ Հաշվի առնելով Ամանորը, հաշվի առնելով նման հեղինակության արտիստների միջազգային պահանջարկը, որ այդ գումարը բաժանվելու է խմբի ամբողջ անդամներին, եւ հաշվի առնելով ժամանակահատվածը՝ ես կարծում եմ, որ արտիստը նորմալ պայմաններով համաձայնել է գալ Հայաստան։ Քաղաքապետարանն իրավունք ունի հրապարակելու միայն ծախսերի այս մասը, որը թույլ է տալիս «Ֆակտորի» ընկերությունը»,- ասաց Վիրաբյանը՝ հավելելով, որ մնացածը պետք է ճշտել «Ֆակտորի» ընկերությունից։

Այն, որ «Ֆակտորի»-ն իրավունք ունի չհրապարակելու Բրեգովիչի հետ իր կնքած պայմանագրերը, հասկանալի է, սակայն հասկանալի չէ, թե ինչու Վիրաբյանն այդպես էլ չհրապարակեց, թե որքան գումար է քաղաքապետարանը փոխանցել «Ֆակտորի» ընկերությանը, որպեսզի կազմակերպի Բրեգովիչի համերգը։ Հասկանալի է նաեւ, որ բացի Բրեգովիչի եւ նրա խմբի հոնորարները, քաղաքացիների վճարած հարկերի միջոցով է կազմակերպվելու նաեւ համերգի մնացած մասը՝ հրավառություն, բեմահարթակի կառուցում, լուսային շոու եւ այլն։ Եվ հայտնի չէ, թե այս նպատակներով ինչքան գումար է փոխանցվել ընկերությանը։

Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Իոսիֆ Կուբատյանից ճշտեցինք այդ թիվը․ «Ֆակտորի» ընկերությանը ամանորյա միջոցառումների իրականացման համար՝ ներառյալ Բրեգովիչի համերգը, փոխանցվել է 137 մլն 868 հազար 720 դրամ, որը կազմում է ավելի քան 287 հազար դոլար՝ ճիշտ այնքան, որքան հրապարակվել էր մամուլում։

«Մենք ունենք մի քանի էջի վրա տեխնիկական բնութագիր, այդ ամբողջ ծառայությունների համար ֆիքսված է մեկ գին։ Թե «Ֆակտորի» ընկերությունն այդ ամբողջ ծառայությունների համար կոնկրետ առանձին-առանձին ինչքան գումար է ծախսել, մենք չգիտենք։ Դա պետք է պարզել իրենցից»,- ասաց Կուբատյանը։

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ապշել է, երբ լսել է, որ Բրեգովիչին 65 հազար եվրո են վճարելու․ «Ես ապշած եմ՝ նախ, որ այդ 900 հազար դոլարի մեջ ընդամենը 65 հազար եվրոն է Բրեգովիչի հոնորարը, որը, ինչպես հասկացա, մտնում է «Ֆակտորիի» ծախսերի մեջ, եւ ենթադրում եմ, որ այնտեղ կան հյուրանոց եւ այլ ծառայություններ, որը ես դեռ չեմ տեսել, բայց ասում եմ՝ ապշած եմ, որ Բրեգովիչի հոնորարն այդան քիչ է։ Ես Բրեգովիչի մասով որեւէ առարկություն չունեմ, բայց մյուս ծախսված գումարների բացվածքը մենք առաջիկայում կտեսնենք, նոր կհասկանանք։ Ես եւս մեկ անգամ ասում եմ, որ կառավարության կողմից տրամադրված 271 մլն դրամն անընդունելի է, ես սա բազմաթիվ անգամներ ասել եմ, եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որովհետեւ ներկայացնել, որ Ամանորը Երեւանում հրաշալի է լինելու, եւ մարզերից գալու են, ամենեւին այդպես չէ։ Դա ընդամենը մեկ անձի շուրջ ձեւավորված միջոցառում է։ Ինչպես ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն էր իր ֆեյսբուքյան էջում գրել, եւ ավագանու մնացյալ անդամներն էլ տարածում էին, դա «Նիկոլ Փաշինյանին տեսնելու եւ Ամանորի գիշերը մեծ ընտանիք կազմելու» համար է»։ Մենք կապվեցինք նաեւ «Ֆակտորի փրադաքշն» ընկերության հետ՝ հասկանալու, թե ի վերջո որքան արժե Բրեգովիչի համերգը, սակայն մեզ ասացին, որ ընկերությունն աշխատում է գերծանրաբեռնված, նրանց տասնյակ լրատվամիջոցներ են դիմում՝ տարբեր հարցերով, եւ միայն գրավոր հարցման դեպքում կփորձեն ընթացք տալ։

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ չի հավատում այդ թվին։ «Ես չեմ հավատում 65 հազար եվրո թվին, դա բացառված բան է։ Բրեգովիչն այսօր աշխարհում ամենաթանկ երաժիշտներից մեկն է։ Ըստ Տիգրան Վիրաբյանի՝ Հայաստան է գալիս 65 հազար եվրոյով՝ մոտ 80 հազար դոլարով, դրան գումարած՝ 10 հոգի հետը մարդ կա, եւ 3 օր մնալու են Երեւանում։ Ինչպե՞ս կարող է նման բան լինել։ Երբ ուզում էին Բրեգովիչին հրավիրել Երեւան, տոմսերը սարսափելի թանկ էին, մարդիկ չկարողացան տոմս վաճառել, համերգը հանեցին։ Ես այդ թվին, որպես մարդ եւ քաղաքացի, չեմ հավատում, հարցում եմ արել քաղաքապետարանին, որ ինձ պաշտոնապես պատասխանեն։ Հիմա որ ասում են, թե Թաթան ավելի թանկ է, քան Բրեգովիչը, փաստորեն, ճիշտ են ասում։ Չի կարող Բրեգովիչը 65 հազար եվրո լինել, եթե այդպես է, իրեն ամեն օր կարող են կանչել, ի՞նչ է եղել, մի քիչ հարուստ մարդիկ ծնունդներին ու կնունքներին կարող են Բրեգովիչին կանչել»,- ասաց Առաքելյանը։