ՀԽ նախագահից պահանջում եմ՝ չջրիկանալ

ՀԽ նախագահից պահանջում եմ՝ չջրիկանալ

Վերջին ժամերին տագնապալից տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ մասնագիտությամբ ատամնատեխնիկ, հանգամանքների բերումով՝ քաղաքագետ եւ ի դժբախտություն ազգի՝ ՀԽ նախագահ Ստյոպիկ Սաֆարյանի ֆեյսբուքյան էջում կորոնավիրուսի հստակ ախտանիշներ են ի հայտ եկել: Հանրաքվեի տենդով բռնված՝ էջատեր Ստյոպիկը գրել է, թե Նոյեմբերյանում, Վանաձորում եւ Գյումրիում ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո»-ի հանձնաժողովական տեղերը տրվել են նախկինում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համար աշխատած (թե ինչ աշխատած, չասեմ) մարդկանց:

«Քաղաքագետ» Սաֆարյանի երկարաշունչ գրառման այս մի քանի տողն իսկ հուշում է, որ կորոնավիրուսն առաջին հերթին ախտահարում է բիրդան պաշտոնյա դարձածների հիշողությունը: Սաֆարյանը, դիցուք, մտահան է արել, որ ՀՀ օրենսդրությամբ են սահմանված ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգն ու սկզբունքները, եւ դրանցից յուրաքանչյուր շեղում համարվում է օրենքով հետապնդելի արարք՝ հանցագործություն: Եվ արդյունքում ստացվում է, որ Հանրային խորհրդի նախագահ Սաֆարյան Ստյոպիկը անգիտակցաբար հաղորդում է տվել հանցագործության մասին: Կարդացեք. «Հանձնաժողովներում նշանակվելուց շատ հետաքրքիր հնարքներով բարեհաջող դուրս են մնացել մարդիկ, ովքեր նախկին տասնամյակում ընդդիմադիր կուսակցությունների տեղերով անձնազոհաբար, դեմ գնալով այդ ժամանակների տեղական ՀՀԿ-ական խաժամուժին եւ իշխանություններին, զրկվելով շատ բաներից, պահել են ձայները: Ընտրատարածքային հանձնաժողովները փոփոխված չեն, համայնքային ու մարզային ղեկավարություններն էլ նույնը, չհաշված կասկածելի նշանակումները՝ մարզպետների, փոխմարզպետների պաշտոններում։ Բնականաբար, նրանց միջոցով դժվար չէ այդ նշանակումները կատարելը»:

Ստյոպա Սաֆարյանի խելքին տիրություն անելու պատասխանատու գործը թողնելով «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանին՝ ես հավարը հասցնեմ Նիկոլ Փաշինյանին: Պարոն վարչապետ, կորոնավիրուսի մասին Ձեր հաջորդ գրառման մեջ ավելացրեք, խնդրեմ, եւս մեկ դեպք, այս անգամ Ձեզ շատ մոտ կանգնած պաշտոնական շրջանակներից՝ Հանրային խորհրդից: Կարող եք նաեւ հավելել, որ պացիենտը սպառնում է տապալել հանրաքվեն եւ բիծ թողնել հեղափոխության անբասիր ուրվապատկերի վրա: Պարոն վարչապետ, իսկ գուցե ՀԽ-ն օրենքով սահմանված կարգով իր հասանելիք պարգեւավճարները չի՞ ստացել: Այլապես ինչո՞ւ պետք է Սաֆարյան Ստյոպան, թավշյա մերումանուկ մոռացած, այսպես կենտրոնանար հանձնաժողովականների միանվագ աշխատավարձի վրա. «Եթե դա արվել է Ոչ-ի շտաբի հետ համագործակցած, ապա ասում եմ բրավո Ոչ-ին։

Եթե դա չէ, ուղղակի նախկինները իրենց նախկինում ծառայածներին նշանակել են զուտ հանձնաժողովականի աշխատավարձը ստանալու համար, ապա մտածեք, թե ինչ են ձեր մասին մտածում մարդիկ, որոնք տասնամյակով կռիվ են տվել, զրկանքներ կրել, մասնակցել հեղափոխությանը, ուրախացել, որ արդարության պահը վրա է հասել, բայց տեսնում են, որ հեղափոխությունից շահողները կրկին նախկիններն են...»։ Սա ի՞նչ անգրագիտություն է, չեմ հասկանում: Բարի եղեք, պարոն վարչապետ, Ձեր ՀԽ նախագահին բացատրել, որ հեղափոխության հասցեին նրա լուտանքները տեղին չեն, որովհետեւ տեղամասային հանձնաժողովներում ընդգրկվում են մարդիկ, որոնք մասնակցում են համապատասխան դասընթացների եւ ունեն հատուկ արտոնագիր: Եվ, բացի այդ, պարոն վարչապետ, փոխանցեք Ձեր աննախադեպ պաշտոնյային, որ ընկեր Մուկուչյանի եւ այս «չփոփոխված» հանձնաժողովների «ձեռքի տակով» են անցել նաեւ 2019թ. ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք Դուք գնահատել եք փայլուն:

Իսկ հիմա՝ կորոնավիրուսի ամենահավաստի ախտանիշի մասին: Ախտահարված քաղաքացին կարող է հանկարծ պատմել, որ ինքը Նոյեմբերյանից հյուրեր է ունեցել, որոնք, Նոյեմբերյանի մաքուր օդն ու ջուրը թողած, եկել են ախտահարված Երեւան, որպեսզի պնդեն, որ մի քանի գյուղերում կանանց շրջանում շշուկներ կան, որ «Ոչ»-ից գումար են տալու. «Ինչպես իրենք էին ասում' կանայք նման բաները ստույգ են իմանում... Այսպիսի կազմերով ընտրատարածքային ու ընտրական հանձնաժողովները դա չեն էլ կանխելու, ինչպես նախկինում չեն կանխել։ Մի խոսքով, կեցցեն ընկեր Մուկուչյանները»: Ինչպես կասեին մեր ծաղկաձորյան բժիշկները՝ կբուժենք, կորոնավիրուսը մեր պրոֆիլն է...

Չինաստանում, ինչպես տեղեկացնում են մեր առողջապահական աղբյուրները, դեռ այնպիսի դեպք չի գրանցվել, որ հոսպիտալացված քաղաքացին հրաժարվի դեղերից եւ ընկնի հալյուցինացիաների մեջ: Մեր դեպքում, սակայն, ամեն ինչ անկանխատեսելի է: Պացիենտը ոչ միայն աջուձախ կծոտում ու քացի է տալիս «բուժանձնակազմին», այլեւ սպառնում իր անմիջական ղեկավարներին. «Արդեն ուզում եմ, որ կամ Այո-ն չանցնի, կամ այնքան դժվար անցնի, որ գոնե իմ կողմից շատ սիրելի ու հարգելի Փաշինյանը այդ շառաչուն ապտակից ջղայնանա...»: Չէ, էս տղեն լրիվ վատ ա: Ապա շարունակեք լսել նրան. «Հեղափոխությունն ու արդարությունը խեղողները չպետք է անպատիժ մնան։ Ովքեր տեղեկություններ ունեն մարզերից, խնդրում եմ գրեն»:

Իսկ ո՞ւմ գրեն, բոլոր իշխանությունների եւ Րաֆֆի Հով- հաննիսյանի մոտ աշխատած (թե ինչ աշխատած՝ չասեմ, հա՞) Սաֆարյան Ստյոպիկի՞ն... Բա չասե՞ս՝ այ տղա, քո տուն իսկի Նոր տարուն մարդ չի գալիս, ուր մնաց այս օրերին Նոյեմբերյանից մարդիկ գան ու քեզ «տեղեկացնեն» հանրաքվեի շուրջ անցուդարձի մասին: Դու Հանրային խորհրդի նախագա՞հ ես, թե՞ «կնանոնց զրիցների» քյոհնա մեկնաբան:

ՀԳ. Ստյոպա, պահանջում եմ չջրիկանալ եւ պատասխանել անմիջապես:

Էդիկ Անդրեասյան

Սահմանադրական հանրաքվեի թիվ 1 ընտրատարածքի 1/02 տեղամասային հանձնաժողովի նախագահ