Գումարի պակասը ուշադրության պակաս չէ 

Գումարի պակասը ուշադրության պակաս չէ 

ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի հ. 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման համաձայն՝ «Ազգային, փողային եւ լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր) հատկացվող գումարը նվազեցվել է ընդհանուր 257313.2 հազ. դրամի չափով:

Խմբավար, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը գումարի նվազումը չի բացատրում ուշադրության նվազմամբ։ Նրա կարծիքով, սա դեռ չի նշանակում, որ պետությունը չի կարեւորում ազգային նվագարանների կամ նվագել սովորող երեխաների կրթությունը։

«Եթե գլոբալ նայենք, կտեսնենք, որ արդեն քանի տարի է՝ ընդհանուր պետության բյուջեն պակասել է, եւ ըստ այդմ՝ հավասարաչափ, թե տոկոսային հարաբերակցությամբ պակասում են նաեւ մշակույթին տրվող գումարները։ Մենք արդեն հանրապետությունում 5-րդ անգամ անցկացրել ենք ազգային նվագարանների եւ հայ ժողովրդական երգի անհատ կատարողների մրցանակաբաշխություն տարբեր առիթներով, մի դեպքում՝ նվիրված, օրինակ, Թաթուլ Ալթունյանի 100-ամյակին կամ մեր անկախության 27-ամյակին»,- ասում է Դ․ Ղազարյանն ու հավելում, որ գոնե իրենց՝ Հայաստանի երաժշտական ընկերության նախաձեռնությունները երբեք չեն մերժվել հատկապես այն դեպքում, երբ շեշտը դրել են ազգային նվագարանների ու ժողովրդական երգի անհատ կատարողների վրա։