«Արմմոնո» փառատոնն այս տարի կշեշտադրի հայ հեղինակների գործեր

«Արմմոնո» փառատոնն այս տարի կշեշտադրի հայ հեղինակների գործեր

Մայիսի 17-21-ը Երեւանում անցկացվում է մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա հոբելյանական 20-րդ փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Վրաստանը, Ալբանիան, Ուզբեկստանը։ Կցուցադրվի 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում։ Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ: Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։

«Արմմոնո» փառատոնի մեկնարկը տրվել է երեկ, ժամը 19։30-ին՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում։ Ներկայացվել է Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան՝ ըստ Ժան Կոկտոյի համանուն պիեսի։

Հանրահայտ մոնոօպերայի հերոսուհուն մարմնավորում է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։
Փառատոնի օրերին Երեւանում ներկա կլինեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, փորձագետներ։ Միջազգային ծրագրում հանդես կգան Ալեքսանդրաս Ռուբինովասը՝ «Իմ հայրը» (Լիտվա), Ելենա Դուդիչը՝ «Ռոմեո եւ Ջուլիետ կամ․․․» (Ուկրաինա), Մենտոր Զիմբարայան՝ «Համլետի երազները» (Ալբանիա), Մատեուշ Նովակը՝ «Զոհաբերություն» (Լեհաստան), Ալեքսանդր Ալադիշեւը՝ «Ծիծաղելի մարդու երազը» (ՌԴ), Դեսպինա Սարաֆիդուն՝ «Մեդեա» (Հունաստան), Իրինա Մեգվինետուխուցեսին՝  «Հրեշտակի տիկնիկը» (Վրաստան) մոնոներկայացումներով: Տեղական ծրագրում հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ  Նարինե Գրիգորյանը՝ «Գոմեշը», ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը՝ «Ասպետական ռապսոդիա», ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը՝ «Վերհիշիր անունը քո», Արմեն Քուշքյանը՝ «Համլետի երազները», Գոռ Համբարձումյանը՝ «MENախոսություն» մոնոներկայացումներով: Այս տարի «Արմմոնո» փառատոնը կշեշտադրի բացառապես հայ հեղինակների գործեր՝ Ե․ Չարենց, Հ․ Մաթեւոսյան, Պ․ Զեյթունցյան, Ա․ Պաչյան եւ այլք, որոնք կցուցադրվեն տարբեր փորձարարական թատերական հարթակներում։