«Հրապարակ». Հոգաբարձուների խորհուրդը 20, թե 19 հոգով կընտրի ռեկտոր

«Հրապարակ». Հոգաբարձուների խորհուրդը 20, թե 19 հոգով կընտրի ռեկտոր

Այսօր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի կունենա համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որի համար, ինչպես արդեն գրել ենք, հայտ է ներկայացրել 2 անձ՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Ռեկտորի ընտրությունը վերապահված է համալսարանի հոգաբարձուների՝ 20 հոգուց բաղկացած խորհրդին, որի նախագահն է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը։

20 հոգանոց կազմում 5-ական անձով ներկայացված են անդամներ` հիմնադիրի կողմից, լիազոր մարմնի անունից, ինչպես նաեւ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից եւ ուսանողության կողմից: Բայց ընտրություններից մեկ օր առաջ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողական խորհուրդը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես նշված է․ «Ուսանողական խորհուրդը հայտնում է, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թ. 1466-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում սովորողների կողմից ընտրված անդամներից մեկ ուսանողի ազգանվան մեջ առկա է վրիպակ:

Դեկտեմբերի 5-ին համալսարանը եւ ուսանողն այդ մասին գրություն են ուղարկել ՀՀ փոխվարչապետ, Բրյուսովի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ. Մաթեւոսյանին եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վ. Դումանյանին՝ խնդրանքով՝ մինչեւ ս.թ. դեկտեմբերի 9-ը կատարել փոփոխություն նշված որոշման մեջ: Սակայն մինչ այս պահը փոփոխությունը կատարված չէ, ինչը կարող է ստեղծել խոչընդոտ ուսանողի՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելուն:

Կոչ ենք անում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ որոշման փոփոխությունն անհապաղ ուղարկել ՀՀ կառավարություն հաստատման՝ չստեղծելով արհեստական խոչընդոտներ, քանի որ այսօր վերջնաժամկետն է: Հակառակ դեպքում կխախտվի հոգաբարձուների խորհրդում ուսանողական անդամների՝ օրենսդրությամբ սահմանված 25 տոկոսի պահանջը, եւ կոտնահարվեն ուսանողների իրավունքները: Գտնում ենք, որ այս արհեստական ձգձգումը պատահական չէ, քանի որ դեկտեմբերի 9-ին խորհուրդն ընտրելու է ԲՊՀ ռեկտոր»։ Ի վերջո, հոգաբարձուների խորհուրդը 20, թե 19 հոգով կընտրի ռեկտոր` պարզ կլինի այսօր: