Ինչ իրավիճակ է այս պահին սահմանամերձ բնակավայրերում

Ինչ իրավիճակ է այս պահին սահմանամերձ բնակավայրերում

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը հարձակման անցան՝ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ վարեցին հայկական դիրքերի եւ քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների ուղղությամբ: Հակառակորդը կիրառեց նաև ԱԹՍ-ներ: Հայկական կողմն ունի հարյուրավոր զոհեր և վիրավորներ։ Ադրբեջանական կողմի առաջխաղացման արդյունքում ունենք նաև գերի ընկած զինվորներ։ Ադրբեջանի այս ագրեսիայի պատճառով սահմանամերձ գյուղերի բնակիչները ժամանակավորապես լքել են իրենց բնակավայրերը։

Մենք զրուցեցինք սահմանամերձ համայնքների համայնքապետերի հետ և հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է տիրում այս պահին համայնքներում։

Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյան

«Այս պահին Ներքին Շորժայում  հանգիստ է։ Կանայք և երեխաները դուրս են եկել գյուղից։ Հիմնականում տեղափոխվել են Վարդենիս՝ բարեկամների, հարազատների, ընկերների տուն։ Տղամարդկանց որոշ  հատված մնացել է գյուղում, որոշներն էլ դուրս են եկել։ Մարդիկ իրենց հետ վերցրել են միայն իրենց հագուստներն ու կարևոր բաները՝ փաստաթղթեր և այլն։ Տուն-տեղ, տան եղած ամեն ինչը տեղում է, քանի որ միտք չունեն հիմնական որևէ այլ տեղ տեղափոխվելու։ Գյուղացին մեր մոտ զբաղվում է անասնապահությամբ։ Այս պահին կազմակերպել ենք այնպես, որ անասունները պահեն գյուղից դուրս գտնվող այլ արոտավայրերում։ Բոլորով միասին պահում են։ Միայն կթի պրոցեսն է մի քիչ խանգարված, դա էլ  հիմնականում  կապված է նրա հետ, որ ցամաքելու շրջանն է։ Գյուղում լույսը կա, գազ ընդհանրապես չի եղել։ Քանի որ դեռ բնակիչները տեղում չեն, չենք կարող ասել, թե քանի տուն է վնասվել, և ինչ չափի են այդ վնասները։ Մենք այսօր հիմնականում մեր սահմանների ամրապնդման, վերակառուցման աշխատանքներով ենք զբաղված»։

Վարդենիսի Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք գյուղի վարչական կազմի ներկայացուցիչ Սևակ Խաչատրյան

«Սոթքում այս պահին հանգիստ վիճակ է։ ԲՆակիչների մի մասը ցերեկվա ընթացքում գյուղում են լինում։ Գալիս են անասուններին կերակրում, իրենց տներն են նայում ու գնում։ Բայց մի քանի տուն կա, որ տղամարդ ու կին մնում են նաև գիշերը։ Գյուղում 90 տոկոսով կա էլեկտրաէներգիա։ Գազաֆիկացում դեռ չկա, մի քանի թաղամաս էր քաշած գազը։ Գյուղում կրակոցների ձայներ այս օրերին չեն լսվել։ Տղամարդիկ գյուղից չեն հեռանում ու իրար փոխարինելով հերթապահում  են գիշերները։

Խնձորեսկի և Ներքին Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունց

«Երկու գյուղերում էլ բոլորը տեղում են։ Ամեն ինչ նորմալ է։ Գյուղում բոլորն իրենց առօրյա գործերին են»։ 

Ներքին Հանդի համայնքապետ Խաչատուր Բաղդասարյան

«Ոնց որ կար, նենց է, էլի։ Գիշերվա կրակոցներից հետո, այսօր գյուղում հանգիստ է։ Գյուղի տղամարդիկ գյուղում են, բացի կանանցից և երեխաներից։ Մարդիկ տեղափոխվել են հարևան գյուղ, որտեղ բոլորն էլ ունեն բարեկամներ, հարազատներ։  Կապան քաղաքի տղամարդիկ էլ են մեզ մոտ, եկել են օգնության։ Լույսը կա, կապը կա, նենց չի որ խնդիրներ կան»։