Ի՞նչ է խմորվում

Ի՞նչ է խմորվում

Տարածաշրջանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները: Երկու օր առաջ Աշխաբադում Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը հրապարակային «փոխհրաձգությունից» հետո շուրջ երկու ժամ խոսել են ԼՂ կարգավորման թեմայով: Մանրամասնություններ հայտնի չեն: Այսօր Բաքվում աշխատանքն է սկսել թուրքախոս պետությունների խորհրդի գագաթաժողովը: Կառույցին միանալու ցանկություն է հայտնել Ուզբեկստանը, հնարավոր է նաեւ Թուրքմենիստանը հետաքրքրություն ցուցաբերի: Թուրքախոս երկրների Բաքվի համաժողովի առթիվ Ադրբեջանում է Թուրքիայի նախագահը, որը փակ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեւի հետ: Ադրբեջանական մամուլը տպավորություն է ստացել, որ Բաքուն եւ Անկարան «ճշտում են ժամացույցները»: Այս ամենը տեղի է ունենում Սիրիայի հյուսիս թուրքական ներխուժման համապատկերին, ինչից ադրբեջանական լրատվամիջոցները ենթադրում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը «կարող են համատեղ հակաահաբեկչական գործողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում»:

ԼՂ կարգավորման բանակցային գործընթացում փակուղային իրավիճակ է: Ադրբեջանը համառորեն մերժում է Արցախի ինքնորոշման իրավունքը, խնդրի լուծումը տեսնում 1988թ. ստատուս-քվոյի վերականգնման տարբերակով: Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ այդ դեպքում կգործի «Արցախը Հայաստան է եւ վերջ» մոտեցումը: Համանախագահները տարածաշրջան են եկել Նյու Յորքում Մնացականյան-Մամեդյարով ձախողված հանդիպումից հետո: Ռուսաստանի արտգործնախարարը քննադատել է «Արցախը Հայաստան է եւ վերջ» մոտեցումը: Վաշինգտոնից եւ Փարիզից բաց արձագանքներ չկան: Աշխաբադում Փաշինյան-Ալիեւ հրապարակային առճակատումից եւ խորհրդապահական քննարկումներից հետո Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին զանգել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ միակ երկիրն է, որ բաց քննադատում է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս: Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը շոշափե՞լ է ԼՂ կարգավորման թեման: Աշխաբադում Փաշինյանը եւ Ալիեւը երկխոսել են սեփական նախաձեռնությա՞մբ, թե՞ Ռուսաստանի նախագահ Պուտինի միջնորդությամբ: Ի՞նչ է խմորվում մեր տարածաշրջանում: Թուրքիան ռազմական օժանդակությու՞ն է խոստանում Ադրբեջանին: