Ոչ մի կասկած չկա, որ մարդասպաններն այդ երկուսն են

Ոչ մի կասկած չկա, որ մարդասպաններն այդ երկուսն են

Երկու տարի առաջ Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող գործիք պատրաստելու և պահելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը նախորդ տարի ավարտվել է: 

ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի բոլոր հանգամանքները, որտեղ դրանք մանրամասն շարադրված են: Պեմզաշենի բնակիչներ Ա.Բ.-ին, ով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել սպանված Զ.Մ.-ի ամուսնու հետ, և իր ազգական Վ.Բ.-ին մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի 155-րդ («Սպանությունը»), 252-րդ («Ավազակությունը»), 198-րդ («Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները») և 512-րդ («Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, կրելը, իրացնելը կամ այդպիսի առարկաներ փոխանցելը») հոդվածների մի շարք կետերով: Երկու մեղադրյալներին էլ սպառնում է մինչև ցմահ ազատազրկում: Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Ու չնայած այն հանգամանքին, որ դատարանն արդեն իսկ ձեռքի տակ մի շարք ապացույցներ ունի, դեպքից ուղիղ երկու տարի անց որևէ անձ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով չի ենթարկվել պատասխանատվության: 

Դատարանում տուժողի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դեռևս գործը վկաներին հարցաքննելու փուլում է, իսկ ինչո՞ւ է այն այսքան երկար տևում, ի՞նչ վկաներ կան գործին առնչվող, որոնց հարցաքննություններն այդքան վճռորոշ են։ Փաստաբանը նշեց. «Այս պահին դեռ վկաներ ենք հարցաքննում, պրոցեսը առաջ է գնում, հաշվի առնելով, թե որքան մեծ է վկաների քանակը և գործի ծավալը, հետազոտվող փաստաթղթերը և այլն, այնպես չէ, որ պրոցեսն իր հունով ընթանում է: Վկաները տարբեր են: Թե ինչ է բացահայտվել, կամ բացահայտվում նրանց վկայություններով, այս պահին իրավասու չեմ ասելու: Ես որպես փաստաբան, կփորձեմ զուսպ լինել գնահատականներ տալուց` հաշվի առնելով անձանց անմեղության կանխավարկածը, միայն կարող եմ ասել, որ պրոցեսն առաջ է գնում», - նշեց փաստաբանը:

Հանգուցյալ տիկնոջ ամուսինն ու երեխաների հայրն էլ` Սևակ Մելիքսեթյանը մեզ հետ զրույցում նշեց. «Դատավարությունը սկսել է մեկ տարի առաջ, վկաների փուլին ենք հասել, որոշ վկաներ են գործին ներգրավվել, նրանք տարբեր մարդիկ են, գյուղից են մի մասը: Վկա ասելով նկատի չունեմ, որ նրանք տեսել են կատարվածը, ուղղակի ներգրավված անձինք են: Մինչև դատը չավարտվի կոնկրետ ոչինչ չենք կարող ասել, բայց մի բան հստակ է` եթե հասել ենք այս փուլին, ոչ մի կասկած չկա, որ մարդասպաններն այդ երկուսն են: Պատճառների և հանգամանքների մասին էլ Քննչական կոմիտեն երկար հաղորդագրություն տարածել էր, որտեղ մասնրամասն նշվել էր, ինչպես, որ ժամին և ինչու…. Հիմա այդ մարդկանց ընտանիքները գյուղում չեն ապրում, տեղյակ չեմ որտեղ են….», - նշեց նա: