Ինչո՞ւ են «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոցում» 8 ամսական երեխայի ծնողից գումար պահանջել

Ինչո՞ւ են «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոցում» 8 ամսական երեխայի ծնողից գումար պահանջել

Երեկ քաղաքացիներից  մեկն  իր դժգոհությունն էր հայտնել «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոցում» տեղի ունեցածի վերաբերյալ: Ըստ քաղաքացու՝ իր 8 ամսական երեխային բարձր ջերմությամբ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստիպված են եղել գումար վճարել: «Տարանք հիվանդանոց, բժշկուհի Տոնոյանը չափեց երեխայի ջերմությունը։ Երեխան այդ պահին ուներ 38.6 ջերմություն։Բժշկուհին միայն ինձ խորհուրդ տվեց տանել տուն, խմեցնել ջերմիջեցնող և առատ հեղուկներ։ Ոչինչ չասելով՝ միայն ինձ ասում եմ՝ խորհրդատվության համար կվճարեք 5000դրամ։Ես բազմազավակ մայրիկ եմ, երեխաս պետք է առողջապահական օգնություններ ստանա անվճար։Այս իրավիճակում մարդիկ չեն աշխատում, միակ օգնողը պետք է լինեն բժիշկերը,սակայն նրանք մարդկանց թալանում են։ Ես չգիտեմ երեխայիս մոտ ինչ է, հնարավոր է նաև լինի կորոնավիրուս։Ասեցի,որ թեստավորեն,  բայց ասացին ՝ միայն թեստավորում ենք այն մարդկանց, ովքեր թոքաբորբ են»,- գրել է երեխայի մայրը ֆեյսբուքյան էջում։ 

Ստեղծված իրավիճակի հետ կապված «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոցից» պարզաբանում են. «Հիվանդանոց է դիմել 8 ամսական պացիենտ՝ ծնողի ուղեկցությամբ: Առավոտյան նրանց կողմից կատարվել է այց տեղամասային պոլիկլինիկա, զննվել է բժշկի կողմից, հիվանդանոցային բուժման ցուցում չի դրվել: Այնուհետև ծնողը երեխայի հետ դիմել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց առանց տեղամասային պոլիկլինիկայի ուղեգրի: Փոքրիկը զննվել է մանկաբույժի կողմից և հիվանդանոցային բուժման կամ անհետաձգելի բուժօգնության կարիք չի ունեցել: Բժշկի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ: Համաձայն կարգի՝ ծնողը տեղեկացվել է, որ եթե հիվանդի մոտ առկա չէ անհետաձգելի վիճակ (իսկ փոքրիկի մոտ անհետաձգելի վիճակ չի եղել) և չի ուղեգրվել տեղամասային պոլիկլինիկայի բժշկի կողմից (հիվանդանոց են դիմել առանց պոլիկլինիկայի բժշկի ուղեգրի) խորհրդատվությունը իրականացվում է վճարովի հիմունքներով: Ծնողի կողմից կատարվել է վճարում դրամարկղում, որի դիմաց տրամադրվել է ՀԴՄ կտրոն»:

Հիվանդանոցից նաև տեղեկացնում են, որ Ֆեյսբուքյան գրառումից անմիջապես հետո կապ է հաստատվել ծնողի հետ և տրամադրել են  պարզաբանումներ՝ կապված վճարովի խորհրդավության կարգի մասին: Ինչպես նաև ընդգծում են, թե  փոքրիկի մոտ կորոնավիրուսային վարակի կասկածելի դեպքի ստանդարտ բնութագրին համապատասխան նշաններ և համաճարակային տվյալներ չեն եղել, այդ պատճառով նմուշառում չի կատարվել: 

Ուշագրավ է, որ դեպքի մասին տեղեկացվել է նաև Շիրակի մարզպետին: Հիշեցնենք, որ հենց այս հիվանդանոցի տնօրենի պաշտոնի մրցույթի հետ կապված վերջերս աղմուկ բարձրացավ:  Մարզպետ Տիգրան Պետրոսյանը բոլորովին վերջերս  տնօրենի պաշտոնին նշանակեց իր մտերիմին, մինչդեռ 15 տարվա նախկին տնօրենը մրցույթում առավել բարձր միավորներ էր հավաքել: Ծնողի բողոքի մասով  մարզպետը նշում է. 

«Քաղաքացին  ինձ դիմել է անմիջապես, կապի մեջ են եղել տնօրենի հետ և իրեն ներկայացվել է բոլոր նման դեպքերում վճարում անելու հիմնավորումները»։
Մարզպետի համառոտ պարզաբանումը չի գոհացրել ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանին: « 38.6- ջերմությունը անհետաձգելի է,անգամ երբ պացիենտը ինքնակամ է ներկայանում, պրն. մարզպետ»,- հիշեցնում է նա մարզպետին՝ առաջարկելով ծանոթանալ առողջապահության  նախարարի հրամանին ։ 

Որքանո՞վ է տեղին քաղաքացու դժգոհությունը, եւ որքանով իրավացի  հիվանդանոցի տնօրինությունը, հստակ պատկերացում կազմելու, ինչպես նաև տեղեկացված լինելու  համար ներկայացնում ենք նախարարի ՝  հիվանդանոցային բժշկական  օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման գործելակարգը հաստատելու մասին հրամանը:

Հղումը  ներկայացնում ենք այստեղ