Մեր շնորհիվ խոզի մսի արժեքն այսօր 2800 դրամ է, 4800-ի և 5000 փոխարեն

Մեր շնորհիվ խոզի մսի արժեքն այսօր 2800 դրամ է, 4800-ի և 5000 փոխարեն

Նախորդ շաբաթ մենք զրուցել էինք խոզաբուծությամբ զբաղվող Նորայր Սուքիասյանի հետ, ով մեզ հետ զրույցում պնդում էր, որ Էկոնոմիկայի նախարարության այն նախագիծը, ըստ որի նախարարությունը 6 ամսով պատրաստվում է Ռուսաստանից արգելել խոզի մսի ներմուծումը Հայաստան, հայ խոզաբույծների պայքարի արդյունքն է: Սուքիասյանը նշում էր, որ տեղական արտադրանքն այդ կերպ օրվա իշխանությունները խրախուսում են, իսկ այն միսը, որը Ռուսաստանից Հայաստան է ներմուծվում, թե՛ որակապես է վատը՝ ամբողջությամբ պարաֆին է և թե՛ գնի առումով:

Նա մեզ հետ զրույցում նշել էր. «Ռուսաստանում խոզի միսն այսօրվա դրությամբ «օպտավոյ» արժեքով կազմում է 1100 դրամ, այսինքն` երբ իրենք «օպտավոյ» գնով միս են ներմուծում, 800-900 դրամ է գալիս մեկ կիլոգրամ մաքուր միսը Հայաստանում: Կիլոն 2 հազար 200 դրամով ռուսական միսն այսօր շուկայում է: Այսինքն՝ մեկ կիլոգրամ մսի մեջ հազար դրամ փող են աշխատում, մենք` տեղի արտադրողներս, ստանում ենք մեկ կիլոգրամ մսի մեջ 300 դրամ փող: Մենք հիմա ի՞նչ անենք, ոչինչ չանենք, թողնենք՝ ռուսնե՞րն օգուտ ունենան, թե ի՞նչ անենք: Որակի մասին էլ չեմ խոսում, հարսանիքներ, մեծ առիթներ… նկատած կլինեք, որ ռուսական միսը 10-15 րոպե հետո ծածկվում է պարաֆինով, ուտելու բան չէ, րոպեական սառչում ու պարաֆին է դառնում: Քանի որ մեր երկիրն ապահով է, ինքնաբավ է՝ ապահովելու մինչեւ 50 կիլոգրամ խոզեր, մենք պետք է աշխատանքը տանք մեր գյուղացիներին, որպեսզի զարգացում ապրենք, կերարտադրողներից սկսած մինչեւ սպառում` սպանդանոցներ եւ այլն, կարողանան շնչել»:

Ռուսաատանի Դաշնությունից խոզի միս ներկրողներից Եղիշե Կիրակոսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ նախ Էկոնոմիկայի նախարարության նախագիծը դեռևս ուժի մեջ չի մտել, ապա հավելում, որ ՌԴ-ից ներմուծվող միսը ձեռնտու է սպառողին, թե՛ որակապես, թե՛ գնի առումով. «Խոզի միսը, որ ներմուծում են Հայաստան պարաֆին չէ, որակյալ թարմ միս է: Մենք կենդանի խոզ ենք բերում, սպանդանոցում մորթում, ինչի՞ մասին է խոսքը: Հիմա եթե արգելեն՝ զուտ մորթված վիճակում պիտի բերենք, ո՞րն է տարբերությունն իրենց համար: Մեզ քննադատողները թող մտածեն, թե իրենք բիոանվտանգության տեսանկյունից ինչեր են անում, իրենց խոզերը ինչերի հետ են փոխանակում և այլն: Եվ նրանց նմաններն էլ մսի որակից ու կենդանու հիվանդություններից են խոսում: Պետությունը ոչ թե մեզ պետք է վնասի, այլ շնորհակալություն հայտնի: Մեր շնորհիվ խոզի մսի արժեքն այսօր 2800 դրամ, 4800-ի և 5000 փոխարեն: Պետությունն ինչքան խելք չպետք է ունենա, որ Ռուսաատանին նման մարտահրավեր նետի: Ավետիս Բաբաջանյանը շատ լավ գրել էր, ես համաձայն եմ նրա ամեն մի բառի հետ: Ի դեպ՝ օրեր առաջ ստացել եմ թույլտվություն 5000 գլուխ խոզ ներմուծելու, արգելք այս պահին չկա», - եզրափակեց մեր զրուցակիցը: