Ինչի մասին էր Փաշինյանի հեծանվային մարաթոնը Մոսկվայում

Փաշինյանը շարունակում է ակտիվորեն հրաժարվել ցանկացած միջնորդական ջանքերից, գերադասելով տետ ա տետ խոսակցություններն Ալիևի հետ։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց դիվանագետ Վահագն Մելիքյանը։ Առաջարկներ տարբեր կողմերից են լինում՝ միայն ռուսական ուղղությունը չի, տարբեր ուղղություններից կան` միջնորդություն ստանձնելու։
«Միջնորդն ինքնին նաև պատասխանատվություն է, ինքնին նաև հետագայում միգուցե երաշխավորի ինչ-որ կարգավիճակ ունի։ Ինչի՞ համար է այդ միջնորդը, եթե այդ երաշխիքները պիտի բացակայեն։ Ստացվում է, որ իրեն շատ ավելի կոմֆորտ է խոսել մի մարդու հետ, որտեղ կա միակողմանի պահանջ ու սպառնալիք, որտեղ կա միակողմանի ճնշում և իրեն շատ ավելի հեշտ է այդ հարթակում ոչ թե մանևրել, այլ ուղղակիորեն շնորհել։ Այն, ինչ որ նա անում է, դա շնորհում է ցանկացած պահանջ և ցանկացած սպառնալիք, ինչ դրվում է սեղանին, հետո դա այլ համեմունքով, հասարակական ավելի լայն շերտերին խաղաղության օրակարգով կերակրելու համար, ամեն ինչ անելու, որ պատերազմ չլինի, նմանատիպ համեմունքով արդեն փաթեթավորված, ինքը փորձում է հարցը բերել հասարակության ավելի լայն շերտերին»,-ասաց դիվանագետը։
Մելիքյանը նկատեց, որ այս ամենում տեսնում է շատ բացահայտ ձևով ռուսական ներկայությունը թուլացնելու, տարածաշրջանից դուրս հանելու նպատակ, որը սպասարկում է ոչ թե հայկական շահը, այլ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների շահերը, որի բախման ականատեսն ենք արդեն այսօր։ Իրավիճակը գնալով ավելի շատ է սրվելու՝ փոքր և մեծ Մերձավորարևելյան տարածաշրջանում այն սրացումը, ինչն աննախադեպ է վերջին տասնամյակների ընթացքում, և Հայաստանը չի կարող այս ամենից անմասն մնալ։
Անդրադառնալով Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմանին ՀՀ ԱԱԾ սահմանապահ ստորաբաժանման համատեղ ծառայությանը, Մելիքյանը նկատում է, որ Իրանի անցակետից ռուս սահմանապահների հեռացմանը հաջորդելու է Թուրքիայի սահմանը։
«Հաջորդը պետք է լինի թուրքական մասը, որովհետև իրենց պատկերացմամբ ամբողջ սահմանը պետք է մաքրվի և լինեն միայն հայկական սահմանապահներ։ Ես կողմնակից կլինեի, եթե հասկանայի, որ դուք այդքան ռեսուրս ունեք, այդքան մասնագիտական հնարավորություն ունեք և ռիսկ, որովհետև այդտեղ հսկայական ուժերի կուտակում կլինի, որպեսզի կարողանաս սահմանները պահել»,-ասաց Մելիքյանը։
Նա ասաց, եթե ունենայինք ուժեղ ու հզոր բանակ, ապա իհարկե դա միայն կխրապուսվեր, սակայն իրավիճակն այն է, ու պատերազմից հետո մենք ավելի ենք թուլացել և անվտանգային խնդիրներն էլ կարծես թե լուսանցքից դուրս են մնացել։ Սրանք քայլեր են, որոնք ուժեղացնելու փոխարեն թուլացնում են մեր դիրքերը, թե դիվանագիտական, թե անվտանգային առումներով։
Ինչ վերաբերում է տարածված տեղեկություններին, որ Մոսկվայում նախատեսված է եղել եռակողմ հանդիպում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների միջև, որը սակայն, այդպես էլ չկայացավ, Վահագն Մելիքյանն ասաց, որ այո` իր տեղեկություններով նման հանդիպում նախատեսված է եղել։
«Իմ տեղեկություններով, ընդունող կողմը՝ ռուսական կողմը, պատրաստ է եղել այդ հանդիպմանը։ Սակայն Ռուսաստանի նախագահի օգնականը դրա մասին բարձրաձայնեց, որ հանդիպումը չի կայացել կողմերից մեկի անհամաձայնությամբ։ Իմ խորին համոզմամբ, Հայաստանն է եղել այդ կողմը։ Պարզ պատճառով, որովհետև բանակցային իմաստով Ալիևը շատ է ամրապնդել իր դիրքերը՝ հռետորաբանությունը խոսում է այդ մասին։ Ալիևը կոնկրետ և իր վարքով, և իր գործողություններով և իր հռետորաբանությամբ, բազմիցս հրաժարվել է հավաքական արևմտյան հարթակներից։ Հիմա երկու տարբերակ է մնում՝ ռուսական հարթակը, որը Ալիևին ձեռնտու է այս պարագայում կամ` գոնե այսօր, կամ` տետ ա տետ հարթակը, որը շատ ավելի ձեռնտու է Փաշինյանին, շատ ավելի ձեռնտու է, որովհետև եթե Փաշինյանի համար այդ հարթակը կոմֆորտ է, ապա Ալիևի համար եռակի կոմֆորտ է»,-ասաց Մելիքյանը։
ՀԱՊԿ-ի դեմ հայտարարություններ անելուց հետո Փաշինյանը գնում է Մոսկվա և հեծանիվ է քշում։ Դիվանագետը դա բացատրում է այսպես․«Դուք զբաղվեք մեր հարցերով, ինչ-որ կորոշեք, ինձ կասեք՝ ես կկայացնեմ, այդ ամեն ինչը կիրականացնեմ, կյանքի կկոչեմ։ Ինչո՞ւ, որովհետև ես հեծանիվ եմ քշում` անտարբեր, հանգիստ»։
Այս մեթոդը նաև հասարակությանը լրջագույնս շեղելու տեխնոլոգիա է, որովհետև շատ դեպքերում ասում են, որ հակագովազդը ամենամեծ գովազդն է։ «Մեկ-մեկ զարմանում ես, շոկի մեջ ես ընկնում տարբեր դրվագներից, իրենց քայլերից՝ դա ևս շեղելու նպատակ է հետապնդում»,-ասաց դիվանագետը։ Որ ոչինչ չի պատահել, կեցցե խմիչքը, կեցցե ուտելիքը, ես խաղաղություն եմ բերելու, սակայն միևնույն ժամանակ` զինվորները շարունակում են ինքնասպան լինել կամ սպանվել, սակայն ոչինչ չի արվում այս գահավիճումը կանգնեցնելու համար։
«Կան պահեր, որ այս գահավիժման արդյունքում մենք պարբերաբար կամ էտապային առումով անցնում ենք անդառնալիության կետերը, սա ամենավտանգավորն է, երբ որ դու դա անցնում ես՝ դա ոչ միայն դժվար է լինելու վերադարձնել, դա անհնար է լինելու վերադարձնել»,- ասաց Վահագն Մելիքյանը։
Կարծիքներ