Պատասխան պարոնայք Վարդանյանին եւ Աբրահամյանին

Պատասխան պարոնայք Վարդանյանին եւ Աբրահամյանին

Համաձայն եմ և միաժամանակ համաձայն չեմ Արամ Աբրահամյանի «Ինչպես դուրս գալ ճգնաժամից» և Գագիկ Վարդանյանի «Միթե՞ Հայաստանը ճգնաժամի մեջ է» հոդվածներում արծարծված թեզերին: Համաձայն եմ իրականության գնահատման տեսակետից: Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, որ ինչ էլ դրա վերաբերյալ ասվի (բնականաբար, բացասական առումով)՝ այն կհամապատասխանի իրականությանը: Համաձայն եմ նաև պատճառների մասով, թեև մի փոքր ավելի պակաս չափով: Ինչո՞ւ պակաս, որովհետև այսօրվա ծանր իրականության պատճառները չեն գտնվում միայն 1994 թվականից այս կողմ ընկած ժամանակահատվածում: Որպեսզի բացահայտենք իրական պատճառները՝ պետք է ետ գնանք ոչ թե ընդամենը 30, այլ առնվազն 1000 տարով: Ետ գնանք դեպի այն ժամանակները, երբ Հայկական լեռնաշխարհի տարածքում կորցրինք պետականությունը: Եվ ընկանք վայրենի ցեղերի գերիշխանության տակ՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: 

Կորցնելով պետականությունը՝ կորցրինք թագավորական տունը (տները), ազնվականությունը և նախարարական զինուժը (ավելի ճիշտ՝ դրա ավանդույթը): Դրանք կորցնելով՝ կորցրինք պետական մտածողությունը կրող անձանց: Եվ մնացինք եկեղեցիով, որ շատ փոքր չափով պետության գործառույթ էր կատարում, և հասարակությամբ, որի անդամների մտածելակերպն (մենթալիտետ) ընտանիքի պահպանման գործառույթից այն կողմ չանցավ: Այդ ամենին գումարվեցին ժողովրդային մեծ զանգվածների տեղահանությունները (օրինակ՝ Շահ Աբասի օրոք) և տարբեր չափսի ցեղասպանությունները: Նկարագրվածն իր բացասական հետքը թողեց հայ ժողովրդի մտածելակերպի վրա, ինչն արձանագրվել է մեր մեծերի կողմից: Հիշենք Հ. Թումանյանի հանրահայտ՝ «... էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են» արտահայտությունը: Ի դեպ, արձակագիր, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը և ՀՀ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ոչ մեծ մի ժողովածուում ի մի են բերել մեր մեծերի ասույթները մեր ժողովրդի վարքագծի ու մտածելակերպի մասին:

Իր աշխատություններից մեկում Արծրուն Պեպանյանը ներկայացրել է նաև Հայաստանի առաջին հանրապետության ներքին կյանքը, ինչը կրկին վկայում է, որ մեր խնդիրների արմատները պետք է փնտրել ոչ թե 1994-ում, այլ շատ ավելի վաղ: Ուրիշ հարց, որ Ղարաբաղյան շարժման (ինչն, ի դեպ, հրաշքի նման երևույթ էր՝ եթե հաշվի առնենք մեր ժողովրդի՝ վերը հիշատակված մենթալիտետը) ալիքի վրայով իշխանության գալով՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ կյանքի կոչել մայր Հայաստանի հետ Արցախի միավորման գաղափարը: Իսկ այնուհետև, ի տարբերություն Իսրայել պետության ղեկավարների, ընդունեց դրա լուծմանը 180 աստիճանով հակադիր դիրքորոշում (հիշենք 1992-ին Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին Ադրբեջանի կազմում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ) և փակեց հարցի լուծման հայանպաստ ճանապարհը: Դրա վերջնարդյունքն, ի վերջո, նրա հոգեզավակ Փաշինյան Նիկոլի դեմքով 2020 թվականի պատերազմում մեր խայտառակ պարտությունն էր ու թշնամուց խաղաղություն մուրալը: 

Ինչ մնում է այլ երկրների փորձառությունից  դասեր քաղելուն, ապա լավագույն տարբերակը կարող է լինել  Իսրայել պետության պատմությունը: Լավագույնը թե՛ պետության կայացման գործընթացում ազգային գաղափարախոսության (Տեր-Պետրոսյանի ականջը կանչի) դերի և թե՛ դրա իրականացման մեխանիզմի առումով: Դա չի նշանակում հրեական փորձի կրկնօրինակում, այլ ընդամենը դրա տեղայնացում մեր պայմաններին համապատասխան: Դա նշանակում է, որ պետության կառուցման հիմքում պետք է դրվեր ոչ թե տեր-պետրոսյանական «Սերգո ջան, լավ չես ապրելու մինչև…» տեսլականը, այլ ազգ-բանակ մեխանիզմով հայրենիքի հզորացման ու դրա արդյունքում ժողովրդի բարեկեցության բարձրացման խնդիրը: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ ամեն ինչ պետք է ծառայեցվեր այդ մեծ նպատակի իրականացմանը: 

Իսկ այժմ անցնենք երկու պատվարժան այրերի հոդվածների կոնկրետ վերնագրերի քննությանը: Թե ինչու հենց միայն վերնագրերի՝ ցույց կտա քննությունը: «Ինչպես դուրս գալ ճգնաժամից» վերնագիրն արդեն հուշում է, որ հոդվածում արծարծվում են ամերիկացի կենսաբան և փիլիսոփա Ջարեդ Դայմոնդի կողմից առաջարկված մեթոդները կամ գործոնները: Եվ դրանցից առաջնայինը իշխանական շրջանակներում այն գիտակցության առկայությունն է, որ երկիրը գտնվում է ճգնաժամում: Դա այդպես է թե ոչ հարցին պատասխանը միանշանակ է՝ այն չի ընդունվում իշխանության կողմից: Այստեղ կարելի էր վերջակետ դնել և ավարտել հոդվածը: Ի վերջո, եթե չի ընդունվում ճգնաժամի առկայությունը, ապա ինչն է «բուժվելու»: Ինչ մնում է տնտեսական զարգացմանը, ապա ողջ լինեն եվրոպացի «պապաները» (նախկինում ոմն մեկը դրանց անվանում էր կարծեմ եվրոյոնջաներ), որոնք խոստացել են տրամադրել 2,6 մլրդ եվրոյի գումար: Դրանով որոշակի գործ կարվի, որոշակի առաջընթաց կարձանագրվի, ու ժողովուրդն ամբողջությամբ կմոռանա, որ ունեցել է Արցախի կորուստ, 18-20-ամյա զավակների կորուստ ու բազմաթիվ խնդիրներ սահմաններին: Ինչպես նաև Սյունիքը, Երևանն ու Սևանը սեփական համարելու՝ ալիևյան նկրտումներ:

Քանի որ «Միթե՞ Հայաստանը ճգնաժամի մեջ է» հոդվածի բովանդակությունը հստակ պատասխանում է առաջադրված հարցին՝ հիմք ունենալով «մշակութային շոկի» գործոնը, ապա վերն ասվածը հիմնականում կարելի է ուղղել նաև այդ հոդվածին: Եվ փակել հարցը հստակ մի դատողությամբ՝ քանի դեռ մեր ժողովրդի գոնե քաղաքական էլիտան, որից պետք է որ ձևավորվեր երկրի ղեկավարությունը, չի հանդիսանում պետական մտածողության կրողների համախմբվածություն, երկիրն այս վիճակից դուրս բերելու այլ գործոնները չեն աշխատի:

Չեն աշխատի, քանի որ երկրի ղեկավարն ու նրա շրջապատը պետք է գիտակցեն փոփոխությունների անհրաժեշտությունը: Պետք է ունենան նաև այն հարցի գիտակցումը, թե ինչն է մեր ժողովրդի մտածելակերպի և վարքագծում այն օգտակարը, որ պետք է պահպանվի: Համենայնդեպս, նման գիտակցում չի երևում ո՛չ Փաշինյան Նիկոլի և ո՛չ էլ նրա կողմից Ազգային ժողով տարված ուսապարկերի ու կառավարության անդամների շրջանակում: Ինքը՝ Նիկոլը, չի դադարում շարժվել իր բացահայտ սխալ ու վտանգավոր «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» թեզով, իսկ նրա շրջապատը չունի այնքան գիտակցություն ու համարձակություն (դուխ՝ ըստ իրենց հեղափոխական բառապաշարի), որ ընկալի երկրի ղեկավարի պաշտոնում Նիկոլի մնալու ազգակործան բնույթը և հեռացնի նրան պաշտոնից: