Փիառը տոմսերի վաճառքի հարցում ունի մեծ նշանակություն

Փիառը տոմսերի վաճառքի հարցում ունի մեծ նշանակություն

Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փիառ քաղաքականության, ամենավաճառվող ներկայացումների եւ նոր պրեմիերաների մասին զրուցել ենք թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանի հետ․ 

-Վերջին մեկ տարում ի՞նչ նոր ներկայացումներ են բեմադրվել թատրոնում։ 

-Այս տարվա մարտի 20-ին մեզ մոտ տեղի ունեցավ «Վարազդատ» պատմական դրամայի պրեմիերան՝ բեմադրված Լյուդվիգ Միքայելյանի և Ստեփան Զորյանի ստեղծագործությունների հիման վրա։ Ներկայացումն իրապես շատ սիրվեց հանդիսատեսի կողմից։ Բեմադրության ռեժիսորը Նունե Խեչումյանն է։ Ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի թե՛ ավագ, թե՛ միջին և թե՛ երիտասարդ սերնդի դերասաններ: Հարկ եմ համարում նշել, որ «Վարազդատ» ներկայացման մեջ օգտագործվել են թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի գեղագիտական ձեռագրերը։ Այս տարվա երկրորդ պրեմիերան՝ Էլֆիք Զոհրաբյանի «Սմբակներ» աբսուրդի դրաման էր, որը տեղի ունեցավ հունիսի 28-ին։ Ներկայացման ռեժիսորը Արեն Օսիպյանն է։ 2019թ. երրորդ պրեմիերան Գ. Գ. Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» հոգեբանական դրաման էր, որը տեղի ունեցավ հուլիսի 23-ին. ներկայացման բեմադրությունը` Մարիամ Մնացականյանի։ Այսօր արդեն, տեղի կունենա Էլֆիք Զոհրաբյանի «Սե՞ր, թե՞ քուանշ» ռոմանտիկ կատակերգության պրեմիերան։ Ներկայացման ռեժիսորը թատրոնի դերասան Ժիրայր Գաբրիելյանն է։

-Հանդիսատեսի խնդիր այսօր թատրոնն որքանո՞վ ունի։ 

-Հանդիսատեսի խնդիր, իհարկե, կա, բայց կան նաև այդ խնդրի լուծման մեխանիզմներ: Ես և մեր թատրոնի ադմինիստրացիան հսկայածավալ գործ ենք անում այդ մեխանիզմների արդյունավետ կիրառման ուղղությամբ: Շատ ուրախ եմ արձանագրելու, որ մեր թատրոնն իսկապես ունի թատերարվեստը գնահատող հանդիսատես, և դրա վառ ապացույցը ներկայացումների ժամանակ մեր լեփ-լեցուն դահլիճներն են։

-Վերջին շրջանի ամենավաճառված ներկայացումը ո՞րն է եղել։

-Պետք է ասեմ, որ տվյալ ամսվա խաղացանկով դրված բոլոր ներկայացումներն էլ պահանջված են: Բայց եթե առանձնացնելու լինեմ վերջին շրջանի ամենավաճառված ներկայացումը, ապա կնշեմ «Վարազդատ»-ը. հանդիսատեսի հետաքրքրությունը, իրոք, շատ մեծ էր:

-Փիառը ի՞նչ տեղ ունի տոմսերի վաճառքի հարցում եւ, ըստ այդմ, ինչպե՞ս եք կազմակերպում թատրոնի փիառը։

-Լինելով թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու` կարծում եմ, որ լավ փիառը հասարակության կողմից կառույցի նկատմամբ վստահության ձեռքբերման և հետևաբար լավ հեղինակության ձևավորման տեխնոլոգիաների մշակումն ու իրականացնումն է։ Փիառի դերը տոմսերի վաճառքի հարցում ունի մեծ նշանակություն, քանի որ եթե չլինի գովազդ, ինֆորմացիայի ճշգրիտ և ժամանակին փոխանցում, լրատվամիջոցների հետ համագործակցություն, ապա հանդիսատեսը տեղեկացված չի լինի ներկայացումների վերաբերյալ, ինչն էլ չի ապահովի տոմսերի վաճառքը: Ես աշխատանքները հիմնականում տանում եմ սոցցանցերի և լրատվամիջոցների միջոցով։ Մեր թիմը հաճախակի հյուրընկալվում է հեռուստաընկերություններում, մշակութային հաստատություններում, կազմակերպում եմ նաեւ դերասանների այցելություններ դպրոցներ և այլն:

-Իսկ հանդիսատեսի կողմից առավելապես ո՞ր ներկայացումներ են պահանջված։

-Միանշանակ դժվարանում եմ ասել, որովհետև մարդկանց նախասիրությունները տարբեր են: Մեր ներկայացումների ժանրերը բազմաբովանդակ են՝ դրամայից և կատակերգությունից մինչև աբսուրդի և հոգեբանական դրամա: Ազնվորեն պետք է ասեմ, որ բոլոր ներկայացումներն էլ ունենում են իրենց հանդիսատեսը։

-Առաջիկայում ի՞նչ նոր պրեմիերաներ են սպասվում։

-Թատերաշրջանը փակում ենք «Սե՞ր, թե՞ քուանշ» ներկայացման պրեմիերայով։ Իսկ նոր թատերաշրջանի բացումը կլինի սեպտեմբերի 20-ին «Անուշ» ներկայացման պրեմիերայով։ Ներկայացումը նվիրված է մեծ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին։ Ներկայացման ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։ Լինելու է շատ տարբերվող ու հետաքրքիր ներկայացում։